
Ուկրաինական պատերազմում ռուսական հատուկ ջոկատայինների երեք բրիգադների կորուստները հասել են 90-95 %-ի. The Washington Post
Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Ուկրաինայում ռուսական լայնամասշտաբ պատերազմի ժամանակ ռուսական հատուկ նշանակության ուժերի երեք բրիգադ կորցրել է իր անձնակազմի մինչև 90-95 %-ը։ Այդ մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով Պենտագոնից արտահոսած փաստաթղթերին։
Ամերիկյան հետախուզության զեկույցում նշվում է, որ ստացված հետախուզական տվյալների համաձայն, միայն ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության 346-րդ բրիգադի 900 ծառայակցից մնացել է 125-ը։
Բացի այդ, The Washington Post-ը գրում է ռազմական տեխնիկայի մեծ կորուստների մասին։ Ամերիկյան հետախուզությունը, ուսումնասիրելով արբանյակային լուսանկարները, եկել է այն եզրահանգման, որ Գլխավոր հետախուզական վարչության 22-րդ բրիգադը, պատերազմի մեկնարկից ի վեր, կորցրել է «Тигр» զրահամեքենաների մոտ կեսը։
The Washington Post-ը նշում է, որ էլիտար մարտիկների շրջանում զոհերի մեծ թիվը կարող է կապ ունենալ այն բանի հետ, որ ստորաբաժանումները, որոնք նախատեսված են բարդ գործողությունների համար, կիրառվել են ուղիղ մարտական բախումների ժամանակ՝ հետևակի ուժեղացման համար։ Ամերիկյան հետախուզության զեկույցում նշվում է, որ այդ կորուստների վերականգնման համար Ռուսաստանից կարող են տարիներ պահանջվել։
Հատուկ ստորաբաժանումների շրջանում մեծ կորուստների մասին տվյալները հաստատել են նաև «Медиазона»-ն և BBC-ի ռուսական ծառայությունը։ Նրանց տվյալներով՝ ամենամեծ կորուստները հատուկ նշանակության ուժերը կրել են պատերազմի առաջին կես տարվա ընթացքում։
Լուսանկարը՝ Sefa Karacan/Anadolu Agency via Getty Images
Մեկնաբանել