HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանցի արտաքսված դիվանագետները եղել են ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներ. Նորվեգիայի ԱԳՆ

Նորվեգիայի անվտանգության ոստիկանական ծառայությունը (PST) հայտնել է, որ Օսլոյում ՌԴ դեսպանության 15 աշխատակիցները, որոնց նախօրեին այդ երկրի ԱԳՆ-ն հայտարարել էր «պերսոնա նոն գրատա» («անցանկալի անձ»), աշխատել են ռուսական հատուկ ծառայություններում, այդ թվում արտաքին և ռազմական հետախուզություններում։ Այդ մասին գրում է Reuters գործակալությունը։

PST-ի տվյալներով՝ դիվանագետները փորձել են հավաքագրել մարդկանց որպես տեղեկատվության աղբյուր օգտագործելու, գաղտնալսման ու առաջատար տեխնոլոգիաների ձեռքբերման նպատակով։

PST-ի հակահետախուզության ղեկավար Ինգեր Հոուգլանդը, կայացած մամլո ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ ռուսաստանցի դիվանագետների իրական գործատուները եղել են ՌԴ Հետախուզության գլխավոր վարչությունը, Անվտանգության դաշնային ծառայությունը և Արտաքին հետախուզական ծառայությունը։

«Սա նվազեցնում է Նորվեգիայում ռուսական հետախուզության սպառնալիքը՝ անընդհատ կրճատելով հետախուզական սպաների թիվը, որոնք գործում են դիվանագիտական քողի տակ»,- հայտարարել է Հոուգլանդը։

Ապրիլի 13-ին Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը «պերսոնա նոն գրատա» էր հայտարարել Օսլոյում ՌԴ դեսպանության 15 աշխատակցի։ Նրանք պետք է լքեն Նորվեգիան առաջիկայում։ Հրապարակման մեջ նշվում էր, որ հետախուզության աշխատակիցներին, որոնք ցանկանում են ժամանել Նորվեգիա, մուտքի արտոնագիր չի տրամադրվի։

Համաձայն Նորվեգիայի ԱԳՆ հաղորդագրության՝ «հետախուզության այդ աշխատակիցների գործունեությանը իրավապահ մարմինները հետևել են երկար ժամանակ»։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter