HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

14-ամյա Գոհարին ծնողներն արգելել են դպրոց գնալ

14-ամյա Գոհար Աբգարյանն ապրում է Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղում: Իր մանկությունը նա անցկացնում է տան չորս պատերի ներսում. Ծնողները նրան արգելում են նույնիսկ դարպասից դուրս գալ: Աղջիկը ոչ ծննդյան վկայական ունի, ոչ էլ երբեւէ դպրոց է հաճախել:

Երեխան ծայրահեղ աղքատության մեջ է ապրում ծնված օրվանից: Նրա մայրը` Սոնա Աբգարյանը, հոգեկան խանգարում ունի, Գոհարի ծնվելու ժամանակ էլ նա անհավասարակշիռ վիճակում է եղել: Համագյուղացիները պատմեցին, որ ծննդաբերության օրերին Սոնան տնից փախել է եւ ապրել դաշտերում, իսկ աղջկան ծննդաբերել է հարեւան Ծաղկունք գյուղի կամրջի տակ` գետի ափին:

Երեխայի հայրը` Մերուժան Աբգարյանը, նույնպես հոգեկան խանգարում է ունեցել եւ օրեր առաջ է մահացել: Ընտանիքի անդամները չասացին, որ նա առողջական խնդիրներ է ունեցել, մինչդեռ համայնքապետարանից հաստատեցին, որ նրա մոտ էլ հոգեկան շեղումներ կային:

Գոհարի քույրը՝ 27-ամյա Աննա Աբգարյանը, ասաց, թե ազատ ժամանակ Գոհարի հետ պարապել է, փորձել է դաստիարակել եւ ինչ էլ գիտի՝ իր սովորեցրածն է: «Ես միշտ ցանկացել եմ, որ քույրս դպրոց գնա, քանի որ շատ գիտակից ու խելացի է: Նույնիսկ որոշ հարցերով մեզանից ավելի խելացի ա, բայց պապան չթողեց, որ նա դպրոց գնա: Մտածում էր՝ եթե գնա, երեխաները կասեին, որ մամադ ու ախպերդ հիվանդ են, ինքն էլ իրան վատ կզգար»,-ասում է նա:

Նրանց եղբայրը` 34 տարեկան Գեւորգ Աբգարյանը, նույնպես հոգեկան հիվանդ է: Մեր այցելության պահին նա բակում փայտ էր դասավորում ու առանց պատճառի բարձր ծիծաղում էր: Աննայի ասելով՝ ինչպես մոր, այնպես էլ եղբոր մոտ հիվանդությունն ի հայտ է եկել շատ պատահական: Գեւորգի մոտ շեղումները նկատվել են 23-24 տարեկանում, իսկ մայրը հիվանդացել է մինչեւ Գոհարի ծնվելը: «Մայրս շատ նորմալ էր, մի օր քնից արթնացավ ու ասաց, թե շուտով ոստիկանները գալու են մեր տուն եւ ամեն ինչ քանդելու են: Դրանից հետո իր մոտ քիչ-քիչ հիվանդությունը խորացավ, իսկ հիմա ամբողջ օրվա ընթացքում անդադար խոսում է ու բղավում»,- ասում է Աննան:

Աննային առաջին հերթին մտահոգում է մոր ու եղբոր առողջության հարցը: Նա դեմ է, որ նրանց տանեն հոգեբուժարան, սակայն ինքն էլ գումարի բացակայության պատճառով չի կարողանում նրանց բժշկի տանել ու դեղորայքով ապահովել: Թե մայրը, թե եղբայրը ոչ մի անգամ համալիր բուժզննում չեն անցել ու անհրաժեշտ դեղորայք չեն ընդունել:

Աննայի երկրորդ մտահոգությունը Գոհարի հետ է կապված: «Ես ու մյուս ախպերս Գոհարին կտանք պարապելու, այսպես չենք թողնի, ուզում եմ գոնե իր անուն-ազգանունը գրել իմանա: Նա լավ երեխա է, բայց տնից դուրս չենք հանում, եթե հանենք դուրս` իհարկե, կշփվի մարդկանց հետ: Ինքը սիրում է խաղալ, շփվել: Այս ընթացքում, որ դասատուի հետ պարապի, կգնա-կգա, դասընկերուհիներ կունենա, մենք չենք արգելի: Ես իրան չեմ փակելու տան մեջ, որ տան պահակը լինի: Մանկավարժ ենք վարձելու, որ իր հետ պարապի, մինչեւ ընտելանա ու դրանից հետո ինքնուրույն կմեծանա»,- ասում է Աննան:

Ըստ նրան` գյուղի դպրոցից ոչ ոք չի եկել եւ չի հետաքրքրվել, թե ինչու երեխան դպրոց չի հաճախում, ոչ մեկն իրենց խնդիրներով չի հետաքրքրվել: Ասում է՝ եթե ուսուցիչ լիներ, որ տանը երեխայի հետ պարապեր, իրենք կհամաձայնեին:

Գոհարը մեծ դժվարությամբ համաձայնեց մեզ հետ խոսել: Նա իրեն փոքր երեխա էր զգում եւ անընդհատ նստում էր քրոջ ծնկներին: Քանի որ երբեք մարդկանց հետ չի շփվել, փողոց դուրս չի եկել, չէր կարողանում նույնիսկ նախադասություններ կազմել եւ միշտ միտքը կիսատ էր թողնում: Ասաց, որ իր երազանքն է մորն ու եղբորը առողջ տեսնել, ապա ավելացրեց, որ շատ է ցանկանում «իր բոյին խաղալիք արջուկ ունենալ»:

«Ուզում եմ սովորեմ, բայց տանը, որովհետեւ բոլորն ինձ ձեռք են առնում: Եթե ուսուցիչ գա տանը իմ հետ պարապի, կուզեմ, բայց դպրոց էլ եմ ուզում գնամ»,- ասաց Գոհարը: Աղջկա խոսքով` տանն իր համար ձանձրալի չէ, քանի որ քրոջն է օգնում, ասենք` սուրճի բաժակներն է լվանում, ավել է անում եւ այլն, սակայն փողոց դուրս չի գալիս ու ոչ մի ընկեր-ընկերուհի չունի:

Հարցին, թե ինչու Գոհարը ծննդյան վկայական չունի, Աննան պատասխանեց, թե աղջկա ծնվելուց հետո մայրը բոլոր փաստաթղթերն այրել է, այդ թվում՝ Գոհարի ծննդյան վկայականը: Սոնան այրել է նաեւ տան անկողինը եւ այժմ քնում են մահճակալի երկաթյա ցանցի վրա:

Ընտանիքի միակ կերակրողը Գոհարի 32-ամյա եղբայրն է, որը ծաղկի առեւտուր է անում: Ընտանիքը նպաստ չի ստանում, ոչ էլ հիվանդները՝ հաշմանդամության թոշակ: Նրանք ոչ մի պետական մարմնի չեն դիմել նման հարցերով: «Մարդիկ մտածում են, թե սաղ ձրի ա, բայց ձրի բան չկա: Ես ուրիշի համար եմ գնացել հիվանդանոց, հենց դարպասից մտնում ես ներս, գումար են ուզում, միայն գումարն է խոսում, ուրիշ ոչ մի բան»,- ասաց Աննան:

Հովտամեջի համայնքապետի օգնական Անուշ Սարգսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե Գոհարը երբեք ծննդյան վկայական չի ունեցել եւ իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, թե իբր երեխայի մայրն այրել է ծննդյան վկայականը:

«Մի քանի անգամ ծնողներին զգուշացրել ենք, որ երեխայի ծննդյան վկայականը հանեն եւ ուղղարկեն դպրոց, սակայն համաձայն չեն եղել, ասում էին, թե տանը սովորացնում ենք եւ թույլ չենք տա դպրոց գնա: Իսկ աղջիկը ծննդյան վկայական ընդհանրապես չի ունեցել: Ցանկալի կլինի, որ երեխային տանեն դպրոց, բայց չգիտեմ, թե որտեղ տանեն: Այս խնդրով զբաղվել է նույնիսկ ոստիկանության անչափահասների գծով տեսուչը: Ընտանիքի անդամները թույլ չեն տվել, որ գյուղապետարանի աշխատողը ներս մտնի երեխայի հետ խոսի, երեխային ցույց չեն տվել, մենք այդ երեխային մինչեւ հիմա չենք տեսել: Նույնիսկ հարեւանի օգնությունը չեն ընդունում: Այնքան փակ են ապրում, որ երեխայի ծնվելուց մի քանի ամիս անց հարեւանները նոր իմացել են այդ մասին, նույնիսկ լվացքը դրսում չեն կախել»,- ասում է Անուշ Սարգսյանը:

Համագյուղացիներն էլ պատմեցին, որ ընտանիքը հրաժարվել է նույնիսկ համայնքապետի առաջարկած 50 հազար դրամ օգնությունից՝ որպես ընտանիքի հոր հուղարկավորության գումար:

14-ամյա Գոհար Աբգարյանի՝ դպրոց չհաճախելու հետ կապված խոսեցինք նաեւ գյուղի դպրոցի տնօրեն Նարինե Եղյանի հետ: Արդյոք գիտի՞, որ գյուղում նման երեխա է ապրում հարցին պատասխանեց. «Դա ձեր պազիցիայի մեջ է մտնու՞մ: Դուք իմ վերադասը չեք եւ ձեզ հաշվետու չեմ, խնդիրն ինչու՞մն է: Ես ում հաշվետու եմ, պարբերաբար իրենց ինֆորմացիա հաղորդում եմ, ընկեր ջան: Դուք ինձ այնպիսի հարց եք տալիս, որ ինձ թվում է դուք իրավասու չեք այդ հարցը տալու: Եթե իմ վերադասն ինձ հանձնարարի, որ ես ինչ-որ կերպ ձեզ հետ պիտի առնչվեմ, սա ուրիշ խնդիր»:

Այնուհետեւ տնօրենը նշեց, թե Գոհարի մասին գիտեն եւ որոշ քայլեր են ձեռնարկում: «Այդ հարցը քննարկվել է գյուղի անչափահասների խորհրդում: Դպրոցը 4 տարի է, ինչ գործում է, դրանից առաջ երեխան պիտի հաճախեր հարեւան Ծիածան գյուղի դպրոց: Գյուղապետը մի քանի անգամ այցելել է նրանց, փորձել է հոր հետ խոսել, բայց չի ստացվել: Աղջկա հայրն ասել է, թե ես իմ աղջկան տանը սովորացնում եմ, հիմա էլ պիտի ամուսնացնեմ: Իմ խնդրանքով անչափահասների տեսուչն է գյուղ եկել, այդ խնդրով զբաղվել: Ես դպրոցի փոխտնօրենին, այդ տարիքի երեխաների դասղեկին եմ ուղարկել իրենց տուն, բայց հայրն ասել է, որ մեր տուն չմտնեք, տառերը սովորացրել եմ, հիմա էլ ամուսնացնում եմ աղջկաս, էլ ի՞նչ պիտի անեինք»,- ավելացրեց Նարինե Եղյանը:

Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նորանշանակ պետ Գայանե Քարինյանը մեզ հետ զրույցում ասաց, թե ընդամենը 3 օր առաջ Գոհար Աբգարյանն իրենց մոտ հաշվառվել է որպես ծննդյան վկայական չունեցող երեխա, դրանից ավել ոչինչ չեն իմացել աղջկա մասին:

Մեզ հետ զրույցից հետո Գայանե Քարինյանը մարզպետարան է հրավիրել Հովտամեջի համայնքապետին եւ տեղեկացել երեխայի ու նրա ընտանիքի վերաբերյալ: Գ. Քարինյանը խոստացավ եկող շաբաթվա ընթացքում այցելել Աբգարյաններին եւ փորձել խնդրին տեղում ծանոթանալ:

Մեկնաբանություններ (7)

an
Goharik@ Arden dproca hajaxum es chanachum em iren ))))
meri
es apshac em, u inc t@vuma vor et gyuxum, amena normal@ Abgaryanneri @ntanikna. vonc kareliya etkan mardu chakatagri het xaxal, lava her@ merav, 50 000 t@vecin ,Abgaryanner@ ch@ vercrecin, u imacan Gohariki tex@ ,et @ntaniki mexk@ mnaluya bolori vra ,shat shat amota mez ,vor esor @senc patmutyan mechenk @ngel, chevor asvuma vor &noxner@ HIVANDEN exel, ba es patmutyan mech mi normal datox mard ch@ka?????????,vor et anmex erexu harcov zbaxvi,vo imanan ,drsic ognutyuna ekel,vochmeki kun@ chi tani, amot......amot 1000 amot. isk narine exyannel, inch petka ani?????, tox ira veradasi het gna harsanik ete her@ asela, hayastani ancharner@ VOR GNUM EN EVROPA AMENINCHI DZEV@ GITEN,bayc mihat @ntanik,anmex erexa prkel ch@giten.
Lilit
Es uzum em ognel ed erexajin!!! Inch karox em anel?
nan
goxacvac mankutyun ,pshrvac apaga, miak mexavor@ cnoxnern en, minchev 14tarekan menak sera petq ser CNOXAKAN!
Narine
karcum em meghavorneri shtan shat aveli meca-cnoghner-dproci tnoren-anchapahasneri tesuch-gyughapet-gyughapetarannerum ev marzpetarannerum gorcox xnamakalneri ev hogabardzuneri xorhurdner- ev iharke ` hasarakutyun, vor@ tvyal pahin handisanum en hamaynqi bnakichner@. Amot em zgum ayn bolor mardkanc poxaren, ovqer kuyr en dzevanum u vochinch chen nkatum shrjapatum, miayn erb mek@ harc e bardzracnum miamit achqerov nayum en demqid u asum .Isk vor mi or harusti u ed tnorenin kerakrogh u nverner, hajoyaxosutyunner anoxneri erexan dproc chgna??????Veradasin informacia kta che??????????????
ANAHIT
Es shat em uzum ognel ayd @ntanikin,inchpes karox em gtnel nranc????ev sat cavaliya vor espisi baner en katarvum amota mer petutyan@ vor achqa pakum espisi baneri vra
karine
AYPISI MARDKANDZ PETUTYUN PARTAVOR E OGNEL NYUDAKAN ANEN INJUM..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter