HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանի նախագահը Սաուդյան Արաբիայի թագավորին հրավիրել է Թեհրան

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդին գրավոր հրավեր է ուղարկել այցելելու Թեհրան։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ ապրիլի 17-ին, հայտնել է Իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին։

«Նախագահը հրավեր է ստացել Սաուդյան Արաբիայի թագավորից (այցելելու Էր-Ռիադ-խմբ.) ու նաև թագավորին ուղարկել գրավոր հրավեր (այցելելու Թեհրան - խմբ.)»,- իրանցի պաշտոնյայի խոսքերը փոխանցել է Tasnim գործակալությունը։

Քանանի Չաֆին նշել է, որ Իրանն ու Սաուդյան Արաբիան միտված են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ամրապնդմանն ու մի շարք համաձայնագրերի իրագործմանը։

Մարտի 19-ին հայտնի դարձավ, որ Սաուդյան Արաբիան Իրանի նախագահին հրավիրել է այցելելու Էր-Ռիադ։ Ապրիլի 3-ին Իսլամական հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամադ Մոհբերը Mehr գործակալության հայտնել էր, որ Ռայիսին ընդունել է հրավերը։ 

Մարտի 10-ին Սաուդյան Արաբիան ու Իրանը համաձայնություն էին ձեռք բերել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ու երկու ամսվա ընթացքում դեսպանությունների աշխատանքի վերականգնման ուղղությամբ։ Երկու երկրների ներկայացուցիչները մի քանի օր Պեկինում բանակցություններ էին վարում, որի արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն։

Սուննի Սաուդյան Արաբիան և շիա Իրանը, որոնք տարիներ շարունակ պայքար են մղում տարածաշրջանում ազդեցության գերակայության համար, խզել էին դիվանագիտական հարաբերությունները 7 տարի առաջ՝ 2016 թվականին տեղի ունեցած կոնֆլիկտի պատճառով։ Վերջինս առաջացել էր Սաուդյան Արաբիայում շիա հայտնի քարոզիչ Նիմրա ալ-Նիմրայի մահապատժից հետո, որը մեղադրվում էր ահաբեկչության կազմակերպման մեջ։ Դրանից հետո Իրանում ցուցարարները հարձակվել էին Սաուդյան Արաբիայի դեսպանության վրա, իսկ Էր-Ռիադն ի պատասխան խզել էր դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ։

Պարսից ծոցի մյուս երկրները, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը և Բահրեյնը, դրա հետևանքով նվազեցրել էին Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը՝ ի աջակցություն Սաուդյան Արաբիայի։ Ավելի ուշ, ԱՄԷ-ն ու Քուվեյթը վերականգնել են իրենց դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ։

Լուսանկարը՝ VCG-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter