HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լին Թրեյսին այցելել է Ռուսաստանում ձերբակալված լրագրող Էվան Գերշկովիչին

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, որը մինչ այդ Հայաստանում զբաղեցնում էր ԱՄՆ դեսպանի պաշտոնը, «Լեֆորտովո» քննչական մեկուսարանում առաջին անգամ այցելել է The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին, որին ռուսական իշխանությունները մեղադրում են լրտեսության մեջ։ 

«Այսօր «Լեֆորտովո» քննչական մեկուսարանում ես այցելել եմ The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին։ Մենք առաջին անգամ հասանելիություն ենք ստացել Էվանին՝ ավելի քան երկու շաբաթ առաջ նրա ոչ իրավաչափ ձերբակալությունից հետո։ Նա իրեն լավ է զգում, ամուր է մնում։ Կրկին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Էվանին։ #FreeEvan»,- ասված է հաղորդագրության մեջ, որը Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունը տարածել է Լին Թրեյսիի անունից։

Գերշկովիչը ձերբակալվել էր մարտի վերջին Եկատերինբուրգում։ Այդ պահից սկսած ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Մոսկվայում ամերիկյան դեսպանությունը սպասում է լրագրողին հյուպատոսական հասանելիության ստացմանը։ Ապրիլի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանին մեղադրել էր նրանում, որ վերջինս խախտել է իր վրա ստանձնած միջազգային պարտավորությունները, քանի որ իր հայտարարության պահին ամերիկյան դիվանագետներին թույլ չի տվել տեսակցել Գերշկովիչին։

Իր հերթին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ լրագրողին հյուպատոսական հասնելիության տրամադրման հարցը «դիտարկվում է և որոշումը կկայացվի սահմանված ժամկետներում՝ հյուպատոսական պրակտիկայի և ռուսական օրենսդրության համապատասխան»։

Գերշկովիչին մարտի 29-ին Եկատերինբուրգում ձերբակալել էին Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները՝ «լրտեսության» կասկածանքով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ լրագրողը հետաքրքրվում էր «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության նկատմամբ ռուսաստանցիների վերաբերմունքով և այցելել էր Նիժնի Տագիլ, որտեղ տեղակայված է «Уралвагонзавод»-ի արտադրությունը։ Հաջորդ օրը Մոսկվայի դատարանը տվել էր լրագրողի ձերբակալման օրդերը։

Bloomberg գործակալության աղբյուրները հայտնել են, որ լրագրողի ձերբակալման նախաձեռնությունը եկել է ռուսական հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաներից։ Գործակալության լրագրողները վստահ են, որ լրագրողի ձերբակալման վերջնական որոշումն ընդունել է անձամբ Վլադիմիր Պուտինը։ Կրեմլում այս տեղեկությունը հերքել էին։ 

ԱՄՆ պետքարտուղարությունը Գերշկովիչին հայտարարել էր «ոչ իրավաչափ ձերբակալված», ինչը ճանապարհ է բացում փոխանակման վերաբերյալ ռուս-ամերիկյան բանակցությունների համար։

Կոլաժը՝ dpgmedia.be-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter