HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզան դատապարտվեց 25 տարվա ազատազրկման

Մոսկվայի քաղաքային դատարանը ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզային դատապարտել է 25 տարվա ազատազրկման։ Ռուսաստանցի ու միջազգային բազմաթիվ գործիչների ու իրավապաշտպան կառույցների պնդմամբ՝ այս քայլով ռուսական իշխանությունները «վրեժ են լուծում ընդդիմադիր քաղաքական գործչից՝ իր հակապուտինյան հայացքների համար»։ Կարա-Մուրզայի պաշտպանական թիմը հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել որոշումը։

Ընդդիմադիր քաղաքական գործչին ռուսական դատական իշխանությունը մեղավոր է ճանաչել «ՌԴ զինված ուժերի վերաբերյալ ֆեյքերի տարածման, անցանկալի կազմակերպությունների հետ համագործակցության ու պետական դավաճանության մեջ»։ 25 տարի ազատազրկումը հենց այն ժամկետն էր, որի մասին իր մեղադրական եզրակացության մեջ նշել էր դատախազությունը։ 

Ռուսական իշխանությունները Վլադիմիր Կարա-Մուրզային պետական դավաճանության մեջ մեղադրում էին ԱՄՆ-ում ու Եվրոպայում իր հանրային ելույթների համար։ Դրանցում նա խոսում էր քաղաքական մոտիվներով «պետական տեռորի», ընտրությունների կեղծման, Ռուսաստանում մարդու իրավունքների խախտումների մասին, իսկ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին անվանում «ագրեսոր երկիր»։ Ըստ հետաքննության՝ դրանով նա «սպառնալիքներ է ստեղծել Ռուսաստանի արտաքին անվտանգության և տարածքային ամբողջականության համար»։

Դատախազության կարծիքով՝ միջոցառումներից մեկը, որի ժամանակ Կարա-Մուրզան «շահադիտական դրդումներով վնաս է հասցրել Ռուսաստանին», Հելսինկյան կոմիտեի մրցանակաբաշխության ժամանակ քաղբանտարկյալ Յուրի Դմիտրիևին մրցանակի հանձնումն էր։ Ինչպես նշել է Կարա-Մուրզայի փաստաբան Վադիմ Պրոխորովը, այդ մասին նշված է նաև մեղադրական եզրակացության մեջ։

Ի դեպ, սա առաջին և դեռևս միակ դեպքն է, երբ հանրային ելույթների համար, որտեղ նշվում են ոչ գաղտնի տվյալներ, Ռուսաստանում դատապարտում են պետական դավաճանության մեղադրանքով։

Պետական դավաճանությունը ամենածանր, սակայն միակ մեղադրանքը չէ։ Կարա-Մուրզան դատապարտվել է նաև «բանակի վերաբերյալ ֆեյքերի տարածման» համար, ինչպես նաև անցանկալի հայտարարված Free Russia Foundation-ի հետ համագործակցության համար։ Այս հիմնադրամը Ռուսաստանում անցանկալի է ճանաչվել դեռևս 2019 թվականին, իսկ 2021-ին Կարա-Մուրզան, ըստ մեղադրական եզրակացության, հիմնադրամի փողերով Սախարովի կենտրոնում կազմակերպել է քաղբանտարկյալների ամենամյա համաժողով։

Իր վերջին խոսքում Կարա-Մուրզան ընդգծել է, որ դատապարտվում է իր քաղաքական հայացքների համար։

«Ուկրաինայում պատերազմի դեմ հանդես գալու համար։ Պուտինի բռնապետության դեմ բազմամյա պայքարի համար։ Մարդու իրավունքները խախտողների դեմ «Մագնիտսկու օրենքով» անհատական միջազգային պատժամիջոցների ընդունմանն աջակցելու համար։ Ես ոչ միայն չեմ զղջում սրանցից որևէ մեկի համար, այլև՝ հպարտանում եմ»,- դատարանում հայտարարել է Կարա-Մուրզան։

Վլադիմիր Կարա-Մուրզան փակի տակ էր գտնվում 2022 թվականի ապրիլ ամսից։ Այս տարվա մարտի 16-ին ընդդիմադիր գործչի փաստաբանը հայտարարել էր, որ Կարա-Մուրզային չեն կարողացել տեղափոխել քննչական մեկուսարանից՝ նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով։ Բժշկական փաստաթղթերի տրամադրման համար միջնորդությունը, որտեղ Կարա-Մուրզայի բժշկական եզրակացության մեջ նշված է «պոլինեյրոպաթիա»-ն (մտնում է այն հիվանդությունների ցանկում, որի պատճառով Ռուսաստանում կասկածյալին կամ մեղադրյալին մեկուսարան չեն տանում - խմբ.), մերժվել էր:

Ռուսաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունները և միջազգային կառույցները կտրուկ քննադատության են ենթարկել Կարա-Մուրզային 25 տարվա ազատազրկման դատապարտումը։ Այսպես, Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունն իր հայտարարության մեջ նշել է, որ Կարա-Մուրզային 25 տարվա ազատազրկման դատապարտումը «բռնաճնշումների ևս մեկ հրեշավոր նշան է, որը սփռվել է Ռուսաստանում»։ «Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրան»,- նշված է ամերիկյան դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ 

Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դեբորա Բրոներթն էլ նշել է, որ «Կարա-Մուրզան դատապարտվեց Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեմ իր համարձակ ելույթների համար»։

Ավելին, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Մեծ Բրիտանիայի դեսպան Դեբորա Բրոներթը և կանադացի դիվանագետները դատավճռի հրապարակման ժամանակ դատարանում էին։

Լուսանկարը՝ Сергей Бобылев / ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter