HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Շենքի շահագործումից 10 տարի անց ԱԻՆ-ը վերելակի փորձաքննություն է պահանջում. պետական մարմինները չեն կողմնորոշվում՝ ո՞վ պետք է վճարի

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Հովսեփ Էմին փողոցի 83 շենքի բնակիչ Յուրիկ Հաղնազարյանն արդեն երկու տարի է` շենքի վերելակի փորձաքննության հարցով փաստաթղթային քաշքշուկների մեջ է պետական մարմինների հետ։

Յ. Հաղնազարյանը պատմում է, որ 2021 թվականի սկզբին շենք է այցելել ԱԻՆ աշխատակից Լևոն Ալեքսանյանը եւ տեղեկացրել, որ շենքի վերելակը անօրինական է շահագործվում, քանի որ գրանցված չէ ԱԻՆ-ի կողմից վարվող արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում։ ԱԻՆ աշխատակիցը հայտնել է, որ բնակիչները իրենք իրենց միջոցներով պետք է գումար հավաքեն և վերելակը փորձաքննվի կա՛մ «Տեխնիկական անվտանգության ազգային» ՊՈԱԿ-ի, կա՛մ փորձաքննող լիցենզավորված կազմակերպության կողմից։

«Փորձաքննությունը, կախված վերելակի պարամետրերից, արժենում է մի քանի հարյուր հազար դրամ։ Այդ ժամանակ մեզ նախ՝ ասացին 600 հազար կլինի, հետո՝ 400 հազար»,- պատմում է Յ. Հաղնազարյանը։

Միայն փորձաքննության դրական եզրակացությունից հետո է ԱԻՆ-ը վերելակը գրանցում ռեեստրում, և դրանից հետո է դրա շահագործումը համարվում օրինական։ Հակառակ դեպքում, ինչպես տեղեկացրել են բնակիչներին, կգան և վերելակը կփակեն։

Հովսեփ Էմինի 83 հասցեում (Արաբկիր վարչական շրջան) գտնվող շենքն ու վերելակն արդեն տասը տարի շահագործվում են՝ 2013 թվականի սկզբից։ Ինչպես շենքի մյուս բնակիչները, այնպես էլ Յուրիկ Հաղնազարյանն անակնկալի է եկել ԱԻՆ աշխատակցի հայտարարությունից։ Ավելին, Յ. Հաղնազարյանը ձեռքի տակ ունի փաստաթուղթ, որ վերելակը փորձաքննության է ենթարկվել դեռևս 2015 թվականին։ Յ․ Հաղնազարյանը և շենքի մյուս բնակիչները, լիազորի կամ որևէ այլ կարգավիճակ չունեն։ Ինչպես ինքն է ասում, երբեմն զբաղվում է շենքի հարցերով։

Նա որոշել է պարզել՝ ու՞մ թերացումն է, որ վերելակը շահագործվել է տասը տարի, բայց գրանցված չէ ԱԻՆ-ի ռեեստրում, ինչպե՞ս է քաղաքապետարանը, առանց վերելակի փորձաքննության դրական եզրակացության, շենքը շահագործելու թույլտվություն տվել։ Ի վերջո՝ ինչու՞ պետք է բնակիչները վճարեն այդ գումարը։ Սկսվել է փաստաթղթերի հավաքագրման ու պետական մարմինների հետ գրագրության անվերջանալի շղթան։

«2022 թվականի հոկտեմբերին Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Կարապետյանից ևս նամակ ստացանք, որ մենք՝ բնակիչներս, պարտավոր ենք դիմել ԱԻՆ՝ վերելակի հաշվառում իրականացնելու համար։ Գրել էին, որ նշված գործողությունները 10-օրյա ժամկետում չիրականացնելու պարագայում իրենց կողմից վերելակի շահագործումը կկասեցվի»,- մեզ հետ զրույցում պատմում է Յուրիկ Հաղնազարյանը։

Այս շենքն ունի մեկ մուտք և մեկ վերելակ։

Վերելակն այսօր էլ ԱԻՆ-ի ռեեստրում գրանցված չէ, ոչ էլ կասեցվել է շահագործումը, սակայն խնդիրը մնացել է օդում կախված։ 

ԱԻՆ-ը, Արաբկիրի համայնքապետարանը, Երևանի քաղաքապետարանը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը մեկը մյուսին հակասող պատասխաններ են տալիս ինչպես քաղաքացուն, այնպես էլ մեր հարցումներին։ Ենթադրվում է, որ Հովսեփ Էմինի 83 շենքը միակը չէ, որի վերելակը գրանցված չէ, և դրա օգտագործումը համարվում է անօրինական, այդ պատճառով «Հետք»-ը պետական մարմիններից փորձել է պարզել, թե որ մարմինն էլ լուծելու այս խնդիրը։  

ԱԻՆ-ից պահանջում են, որ վերելակը շահագործող անձը դիմի այն ռեեստրում գրանցելու համար, սակայն թե ով է համարվում շահագործող անձ, հայտնի չէ

«Հետք»-ի հարցմանն ի պատասխան ԱԻՆ-ից ևս հաստատում են, որ Հովսեփ Էմինի 83 շենքի վերելակը գրանցված չէ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում։

Ըստ օրենքի՝ ռեեստրում գրանցման ենթակա է Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող յուրաքանչյուր արտադրական վտանգավոր օբյեկտ:

Քանի որ նշված շենքի վերելակը մինչև հիմա ռեեստրում չկա, ապա, ինչպես նշում են ԱԻՆ-ից, օրենքը պահանջում է, որ վերելակը շահագործող անձը պետք է դիմում ներկայացնի լիազոր մարմին և մի շարք փաստաթղթերի հետ մեկտեղ ներկայացնի փորձաքննության դրական եզրակացությունը։

Այստեղ առաջ է գալիս ամենակարևոր հարցերից մեկը՝ ո՞վ է վերելակը շահագործող անձը՝ բնակիչնե՞րը, կառուցապատողնե՞րը, թե՞ այլ անձինք։ ԱԻՆ-ից խորհուրդ տվեցին այդ հարցով դիմել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին (ՔՏՀԱՏՄ), որի գործառույթն է դա պարզելը։ ԱԻՆ-ն այս հարցում վերջին օղակն է՝ փաստաթղթեր ընդունողն ու գրանցողը։

ՔՏՀԱՏՄ. շենքը չունի կառավարման մարմին, հարուցվել է վարչական վարույթ

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը մեր հարցման հիման վրա պարզել է, որ շենքը չունի կառավարման մարմին։

Այսինքն՝ հայտնի չէ, թե ո՞վ պետք է վճարի և դիմի վերելակի փորձաքննության համար, կամ ո՞վ պետք է տուգանվի այն «անօրինական» շահագործելու համար, եթե տուգանքի հարց առաջանա։ Եթե շենքն ունենար լիազոր և կառավարման մարմին, ապա վերելակը փորձաքննելու գործառույթը պետք է իրականացներ այդ մարմինը։

Շենքի բնակիչ Յուրիկ Հաղնազարյանը պնդում է, որ տարբեր բնակիչներով պարբերաբար զբաղվում են շենքի հարցերով՝ մաքրության, վերելակի ստուգման և այլն։ Սակայն, լիազոր մարմին չունեն, դրա անհրաժեշտությունը մինչև այդ դեպքերը չի եղել, և չեն իմացել, որ շենքի համար դա պարտադիր է։

Տեսչական մարմնից հայտնում են, որ իրենց կողմից հարուցվել է վարչական վարույթ՝ պարզելու նշված բնակելի շենքում վերելակի համապատասխանությունը «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում։

Ենթադրվում է, որ վարչական վարույթի արդյունքում էլ կպարզվի, թե ինչպես է ստացվել, որ շենքը շահագործելու թույլտվություն ստացվել է՝ առանց վերելակի փորձաքննության դրական պատասխանի։ Իսկ մինչ այդ, քաղաքապետարանն ու ԱԻՆ-ը իրար հակասող տեղեկություններ են տալիս։

Ըստ քաղաքապետարանի՝ շենքի վերելակի փորձագիտական եզրակացությունն արխիվացվել է, սակայն Ազգային արխիվում փաստաթղթեր չեն հայտնաբերվել

Երևանի քաղաքապետարանը դեռևս 2012 թվականի դեկտեմբերին Հովսեփ Էմինի 83 շենքի շահագործման թույլտվություն է տրամադրել կառուցապատողներին։ Կառուցապատողները վեց հոգի են, բոլորը՝ սփյուռքահայեր, հիմնականում՝ իրանահայեր։ Յուրիկ Հաղնազարյանի տվյալներով՝ նրանցից հինգն այս պահին Հայաստանում չէ, մեկը մահացել է։

Թե ինչպես է ստացվել, որ շենքը գրանցված չէ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, բայց ստացել է շահագործման թույլտվություն, փորձեցինք պարզել Երևանի քաղաքապետարանից։

Քաղաքապետարանից նախ հաստատում են, որ քաղաքապետարանը բազմաբնակարան բնակելի շենքի վերելակի ստուգման գործընթաց իրականացնելու լիազորություն կամ պարտականություն չունի։

Փոխարենը շենքերի համար շահագործման թույլտվություն ձևակերպելիս հիմք է ընդունում Արտակարգ իրավիճակների նախարարության տված վտանգավոր օբյեկտների համար համապատասխան փորձագիտական դրական եզրակացությունները։

Համապատասխան դրական եզրակացությունը կցվում է փաստագրման ակտի ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերին։

Սակայն, ինչ վերաբերվում է մեր նշած շենքին, փաստաթղթերը, ըստ քաղաքապետարանի, արխիվացվել են։

«Հաշվի առնելով վերոնշյալ հասցեի ավարտական ակտի ձևակերպման վաղեմությունը, փաստագրման ակտի փաթեթը՝ կցված անհրաժեշտ փաստաթղթերով, աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից արխիվացվել են»,- նշված է քաղաքապետարանի պատասխանում։

Յուրիկ Հաղնազարյանը այս հարցով 2022 թվականի մայիսին դիմել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ։ Սակայն, իրենց շենքի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի հայտնաբերվել։

«Ազգային արխիվ հանձնված Երևան քաղաքի որոշումների ցանկում Հովսեփ Էմին փողոցի թիվ 83 շենքի վերելակների վերաբերյալ տեղեկություն չի հայտնաբերվել։ Այսպես են ինձ պատասխանել արխիվից»,- նշում է շենքի բնակիչը։

Այլ խոսքով, ըստ քաղաքապետարանի, ավարտական ակտի տրամադրման ժամանակ պարտադիր է, որ շենքը գրանցված լինի արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում։ Բայց այդ փաստաթղթերը ո՛չ քաղաքապետարանն է տրամադրում, ո՛չ էլ Արխիվը։ Մյուս կողմից էլ ԱԻՆ-ը պնդում է, որ շենքի վերելակը գրանցված չէ ռեեստրում։

Յուրիկը թղթապանակում հերթով ու շարքով պահել է այս փաստաթղթերը։

Յուրիկ Հաղնազարյան. «Վերելակը փորձաքննվել է դեռևս 2015 թվականին»

Յուրիկ Հաղնազարյանը «Հետք»-ի խմբագրություն էր եկել՝ փաստաթղթերի թղթապանակը ձեռքին։

Դրանց շարքում կան փաստաթղթեր, ըստ որոնց Հովսեփ Էմինի 83 շենքի վերելակը տեղադրող ընկերությանը՝ «Մեծ Վերելք» ՍՊԸ-ին «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից 2014 թվականին տրվել է նշված շենքի վերելակի տեխնիկական անվտանգության փորձագիտական եզրակացությունը։ Դրանցում նշվում է, որ վերելակը համապատասխանում է բոլոր պահանջներին և ենթակա է շահագործման։

«Մենք ունենք փաստաթղթեր, որ վերելակը 2014 թվականին փորձաքննվել է, բայց ԱԻՆ-ում անգամ այդ փաստաթղթերը չկան»,- ասում է քաղաքացին։

Այն որ վերելակը ժամանակին փորձաքննվել է, բայց չի հայտնվել ԱԻՆ ռեեստրում, ըստ էության, այն ռեեստրում գրանցելու դիմումի բացակայության պատճառով է եղել։ Ըստ ԱԻՆ-ի՝ շահագործող անձը ինքը պետք է փորձաքննությունից հետո դիմում գրի։

Սակայն, Յուրիկ Հաղնազարյանը զարմացած է այս պատասխանից՝ եթե շենքը շահագործման թույլտվություն է ստացել, ինչը ենթադրում է, որ վերելակը պետք է արդեն գրանցված լիներ ռեեստրում, ապա՝ բնակիչները որտեղի՞ց պետք է իմանային այս կարգի մասին, ինչու՞ է ԱԻՆ-ը իրենց շենքի մասին հիշել շահագործումից տասը տարի անց։

Պատկան մարմինները հակասում են իրար, քաղաքացու հարցերը մնում են անպատասխան

Յուրիկ Հաղնազարյանը մեր զրույցների ընթացքում անընդհատ շեշտում է, որ շենքի վերելակի համար վճարվող գումարի հարցն արդեն երկրորդ պլան է մղվել, քանի որ այս պատմության ընթացքում ի հայտ եկած խառնաշփոթը բազմաթիվ այլ կարևոր հարցեր է առաջացրել։

Քաղաքացին հարցնում է՝ ինչպե՞ս է ԱԻՆ-ը թույլ տվել, որ շենքի վերելակը շահագործվի և «հայտնվել է» այն շահագործելուց միայն տասը տարի անց։ Եթե ռեեստրում գրանցելով՝ բնակիչները ապահովագրվում են աղետներից, ապա ստացվում է, որ տասը տարի շարունակ բնակիչները վտանգավոր պայմաններում են ապրել։

«Իհարկե դա այդպես չէ, մենք մեր վերելակը մեր միջոցներով անընդհատ ստուգել ենք տալիս, բայց հարցը ԱԻՆ-ի անփույթ աշխատանքն է։ Այս ամբողջ քաշքշուկը կազմակերպվել է բնակիչներից վերելակի փորձաքննության համար պահանջվող գումարը ստանալու համար»,- կարծում է Յուրիկ Հաղնազարյանը։

Նա մտադիր է այս հարցով առաջիկայում նաև դատարան դիմել։

Ենթադրվում է, որ Հովսեփ Էմինի 83 շենքը միակը չէ Երևանում, որը արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցված չէ։ Առաջիկայում կփորձենք ուսումնասիրել, թե որքան նման շենքեր կան, և որոնք են այն կազմակերպությունները, որոնք փորձաքննություն են իրականացնում։

Տեսանյութը և լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Գլխավոր լուսանկարում՝ Յուրիկ Հաղնազարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter