
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լիտվայի նախագահին
Ապրիլի 19-ին Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Լիտվայում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Այս մասին հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը։
«Նախագահների առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Լիտվայի նախագահը շնորհակալություն է հայտնել այցելության համար և շեշտել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները հավելյալ խթան են հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների զարգացման համար։
Պատվիրակությունների հանդիպման ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։
Երկուստեք շեշտվել է հումանիտար խնդիրների հաղթահարումն ու առանց նախապայմանների լուծումը։ Նախագահ Նաուսեդան անդրադառնալով հայ ադրբեջանական հարաբերություններին իր պատրաստակամությունն է հայտնել հնարավորությունների սահմաններում իր նպաստը բերել մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։
Նախագահներ Խաչատուրյանն ու Նաուսեդան զրույցի ընթացքում անդրադարձել են նաև հայ-լիտվական տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, տեղեկատվական անվտանգության, առողջապահության բնագավառներում»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Մեկնաբանել