HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան Բելառուսից հետ է կանչել իր դեսպանին

Այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինին, Ուկրաինան հայտարարել է, որ Բելառուսից, խորհրդակցությունների նպատակով, հետ է կանչում իր դեսպան Իգոր Կիզիմին։

Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ Լուկաշենկոյի ու Պուշիլինի հանդիպումը բնորոշվում է որպես «Դոնեցկում ռուսական օկուպացիոն վարչակազմի ներկայացուցչի լեգիտիմացման փորձ»։

«Ռուսաստանի օկուպացիոն վարչակազմի ներկայացուցչի հետ հանդիպումը, որն ուկրաինական հետաքննությունից թաքնվում է ծանր հանցագործությունների համար և գտնվում է ուկրաինական ու միջազգային պատժամիջոցների տակ, մենք համարում ենք Բելառուսի Հանրապետության կողմից հերթական աղաղակող, ոչ բարեկամական գործողությունը, որն ուղղված է ագրեսոր պետությանը՝ Ռուսաստանին աջակցելուն»,- ընդգծել են ուկրաինական արտաքին քաղաքական գերատեսչությունում։

Ընդ որում, Կիևում Մինսկին կոչ են արել «զերծ մնալ համանման ապակառուցողական քայլերից և դադարեցնել աջակցել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին»։

Պուշիլին-Լուկաշենկո հանդիպումը կայացել էր ապրիլի 18-ին Մինսկում։ Ինչպես փոխանցել էր Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Լուկաշենկոն Պուշիլինին հարցրել էր, թե ինչով Բելառուսը կարող է օգնել Դոնեցկին։

«Վերջիվերջո մարդիկ այնտեղ պետք է ապրեն։ Դա 100 %։ Եվ մարդկանց կերակրել է պետք։ Այդ իսկ պատճառով մենք պատրաստ ենք համապատասխան օգնություն ցուցաբերել և աջակցել այն բանի համար, որ մեզ ոչ օտար մարդիկ այնտեղ վերջապես դադարեն տառապել»,- Լուկաշենկոյի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը իր ամենօրյա տեղեկագրերում բազմիցս նշել է, որ ՌԴ ԶՈւ առանձին ստորաբաժանումներ տեղակայված են Բելառուսի Հանրապետության տարածքում։ Միևնույն ժամանակ ռազմական փորձագետները շարունակում են քննարկել Բելառուսի տարածքից Ուկրաինայի ուղղությամբ ռուսական ուժերի հարձակման հնարավորությունը։

Լուսանկարում՝ Պուշիլինն ու Լուկաշենկոն Մինսկում/Բելառուսի նախագահի մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter