
Ներկայացվեցին «ՔՀԿ չափիչ Հայաստան-2022» ուսումնասիրության արդյունքները
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» (ԹԻՀԿ) նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ Հայաստանում քաղաքացիական հասարակության նպաստավոր միջավայրի՝ «ՔՀԿ չափիչ Հայաստան-2022» ուսումնասիրության արդյունքների հանրային ներկայացումը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչ Տաթևիկ Դավթյանը և «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի» ներկայացուցիչ Էսթեր Հարթայը։
Սոնա Այվազյանը ներկայացրեց հետազոտության առանձնահատկությունները՝ նշելով, որ «ՔՀԿ չափիչ» մեթոդաբանությունը թույլ է տալիս համեմատություններ կատարել ինչպես Արևելյան գործընկերության տարածաշրջանի երկրների, այնպես էլ առանձին երկրների՝ տարբեր տարիների գնահատականների միջև։ Ուսումնասիրության արդյունքները քաղաքացիական հասարակության և մասնավորապես ԹԻՀԿ-ի համար գործիք են դառնում՝ ՔՀԿ բարենպաստ միջավայրի ջատագովության համար, և մյուս կազմակերպությունները ևս կարող են միանալ ջատագովության այդ ջանքերին։
Տաթևիկ Դավթյանը կարևորեց «ՔՀԿ չափիչ» ուսումնասիրությունը, որը թույլ է տալիս արձանագրել քաղաքացիական հասարակության միջավայրի փոփոխությունները։ ՔՀԿ-ների կարողությունների զարգացումը ԵՄ ընթացիկ ծրագրերի կենտրոնում են, իսկ «ՔՀԿ չափիչի» բացահայտումները օգնում են ԵՄ-ին առավել արդյունավետ անդրադառնալ ՔՀԿ միջավայրում առկա խնդիրներին և լուծումներ գտնել դրանց ուղղությամբ։
Էսթեր Հարթայը նշեց, որ նախորդ տարին բազմաթիվ մարտահրավերներ բերեց տարածաշրջանի երկրների համար՝ մեծապես ազդելով ՔՀԿ-ների գործունեության վրա, որոնք ստիպված էին վերանայել իրենց աշխատանքի ուղղությունները, իսկ որոշ դեպքերում՝ արտագաղթել իրենց երկրից։ Միևնույն ժամանակ, արձանագրվել են նաև դրական միտումներ՝ օրինակ, պետության հետ համագործակցության, ֆինանսական կայունության ոլորտներում։ Ներկայումս մշակվում է «ՔՀԿ չափիչի» տարածաշրջանային զեկույցը, որտեղ կներկայացվեն առանցքային տարածաշրջանային զարգացումները ՔՀԿ միջավայրի համատեքստում։
Այնուհետև ԹԻՀԿ ներկայացուցիչներ Անուշ Հակոբյանն ու Տաթևիկ Մարգարյանը ներկայացրեցին 2022 թվականի «ՔՀԿ չափիչ» հետազոտության հիմնական բացահայտումները։ Խոսնակները նշեցին, որ հետազոտությունն իրականացվել է հատուկ մեթողաբանությամբ, որը հիմնվում է միջազգային ստանդարտների և լավագույն փորձի վրա։ Այս տարվա հետազոտությունը թե՛ դրական, թե՛ բացասական զարգացումներ է արձանագրել որոշումների ընդունման գործընթացում մասնակցության, խոսքի ազատության, հավաքների ազատության, պետության կողմից պաշտպանության, մասնավոր կյանքի իրավունքի և թվային իրավունքների ոլորտներում։ Մասնավորապես, խոսքի ազատության ոլորտում օրենսդրական մակարդակում գրանցվել է դրական առաջընթաց, որի շնորհիվ այս ոլորտը փոքր-ինչ բարելավել է իր գնահատականը, սակայն գործնական խնդիրները և խոչընդոտները մնացել են նույնը, ինչ նախորդ տարի։
ՔՀԿ-ների դեմ ուղղված ատելության խոսքից, ճնշումներից ու հարձակումներից պատշաճ պաշտպանության պակասը հանգեցրել է պետության կողմից պաշտպանության պարտականության ոլորտում գործնական դաշտի գնահատականի նվազմանը։ Դեռևս խնդիր են մնում պետություն-ՔՀԿ համագործակցության բացերը, գրանցման և հարկման հարցերում ՔՀԿ-ների և տնտեսվարող ընկերությունների հանդեպ անհավասար վերաբերմունքը, որոշումների ընդունման գործընթացում ՔՀԿ-ների մասնակցության արդյունավետության պակասը, ՔՀԿ-ների ֆինանսական կայունության զարգացման խթանների բացակայությունը։
Քննարկվեց նաև ՔՀԿ և պետության միջև համագործակցության բարելավման ուղիները։ ՀՀ վարչապետի աշխատակազմի Բաց կառավարման գործընկերության համակարգող Լիլյա Աֆրիկյանը խոսեց համագործակցության և քաղաքացիական հասարակության մասնակցության գործիքների, առկա մարտահրավերների մասին։ «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի» ներկայացուցիչ Լյուբեն Պանովը ներկայացրեց եվրոպական երկրների փորձը պետություն-ՔՀԿ համագործակցության մեխանիզմների և կառույցների ստեղծման և կայացման տեսանկյունից, առաջարկներ ներկայացրեց Հայաստանում համագործակցության հնարավոր մեխանիզմների վերաբերյալ։
«ՔՀԿ չափիչ» Հայաստան 2022 զեկույցը հասանելի է ԹԻՀԿ կայքում :
Մեկնաբանել