HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Շահերի բախում՝ Արմավիրի մարզի դպրոցների կառավարման խորհուրդներում

Հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման մարմինների խորհուրդների, ձևավորումը տարիներ շարունակ դժգոհությունների առիթ է եղել: Պետական մարմիններն այդ խորհուրդների միջոցով տնօրեն են դարձրել իրենց համար ցանկալի անձանց: Կառավարությունն այս տարի դպրոցի կառավարման մարմնից «վերցրել է» տնօրենի ընտրության լիազորությունը՝ վերապահելով մասնագիտական հանձնաժողովին: Սակայն, նույն սկզբունքով ձևավորված խորհուրդները շարունակում են գործել և վերահսկողություն իրականացնել դպրոցի տնօրենի գործունեության, ֆինանսական միջոցների նկատմամբ:

Հետք»-ն ուսումնասիրել է Արմավիրի մարզպետարանի ենթակայությամբ գործող 111 հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման մարմինների խորհուրդների, կազմերը: Արձանագրել ենք շահերի բախման մի շարք դեպքեր, որոնք նվազեցնում են այդ խորհուրդների արդյունավետությունը:

Մարզում գործում է 75 դպրոցական խորհուրդ, որից 40-ը առանձին խորհուրդներ են, 35-ը՝ միացյալ:

Առանձին խորհուրդ ձևավորվում է առնվազն 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում գործող հաստատությունների դեպքում։ Իսկ մինչև 3000 բնակչություն ունեցող բնակավայրերի դեպքում ձևավորվում է միացյալ խորհուրդ՝ ներառելով առավելագույնը երեք դպրոց:

Առանձին խորհուրդներն ունեն 9 անդամ, միացյալ խորհուրդները՝ առավելագույնը 19:

Խորհրդի անդամներին առաջադրում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, մարզպետարանը, համայնքապետը, ծնողական և մանկավարժական խորհուրդները: Նախարարը մարզային ենթակայության հաստատությունների առանձին խորհուրդներում առաջադրում է մեկական, իսկ միացյալ խորհրդում՝ երկուական անդամ: 

Made with Flourish

Արմավիրի մարզում առավել ուշադրություն ենք դարձրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության խորհուրդներում ընդգրկված ներկայացուցիչներին: Պարզել ենք, որ նրանցից 47-ը մարզպետարանի աշխատակիցներ են, իսկ 7-ը՝ համայնքապետարանի: Նախարարության կողմից ներկայացված են նաև մարզային ենթակայության հիմնարկների աշխատողներ, մարզի այլ դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, որոնց առանձին գործունեությունը չի կարող անկախ ու անկողմնակալ լինել՝ հաշվի առնելով, որ նրանք մարզպետարանի ենթակայության տակ գործող հիմնարկների աշխատակիցներ են: Օրինակ՝  Նորակերտի միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդում նախարարության ներկայացուցիչը եղել է Արմավիրի բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրեն, բժիշկ Հարություն Զուռնաչյանը: «Արմավիր» ԲԿ-ն մարզպետարանի ենթակայության տակ գործող հիվանդանոց է:

Կան խորհուրդներ, որտեղ նախարարության երկու ներկայացուցիչն էլ մարզպետարանի աշխատակից է: Օրինակ՝ Գեղակերտի և Ֆերիկի դպրոցների միացյալ խորհրդի՝ նախարարության երկու ներկայացուցիչները մարզպետարանի աշխատակիցներն են՝ Նարեկ Ղուկասյանն ու Գաբրիել Գևորգյանը: Նույն վիճակն է նաև Ապագայի և Ակնաշենի, Գրիբոյեդովի և Տարոնիկի, Լուկաշինի և Նորավանի, Խանջյանի և Հացիկի միացյալ խորհուրդներում:

Իսկ զավեշտն այն է, որ նույն անձը մի դպրոցում հանդես է գալիս, որպես նախարարության ներկայացուցիչ, մեկ այլ դպրոցում՝ համայնքի, մյուսում՝ մարզպետարանի:

Նախարարության կողմից խորհուրդներում ընդգրկված են նաև ծնողներ, սակայն համեմատաբար շատ քիչ մաս են կազմում:

Այս տարի որոշ կառավարման խորհուրդներում փոփոխություն է տեղի ունեցել: Խոյ համայնքի ղեկավար, Արմավիրի նախկին փոխմարզպետ Արգիշտի Մեխակյանը դուրս է եկել մի քանի դպրոցների կառավարման խորհուրդներից, որտեղ ներկայացնում էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, փոխարենը նրա տեղը զբաղեցրել է Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, ով նույնպես ներկայացնում է նախարարությունը:

Համայնքապետ Մեխակյանը միայն մեկ դպրոցում է շարունակում մնալ կառավարման խորհրդում: Իր ծննդավայր Արագած գյուղում կառավարման խորհրդի նախագահն է և ներկայացնում է նախարարությունը:

Նշենք՝ Կառավարությունը 2023թ. փետրվարի 9-ին ընդունել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման և տնօրենի նշանակման կարգը, որով սահմանված է, որ այսուհետ դպրոցի տնօրենի մրցույթն անցկացնում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ձևավորված մասնագիտական հանձնաժողովը: Սակայն դպրոցների խորհուրդները, որոնք մինչ այդ կարգը, իրենք էին ընտրում տնօրենին, շարունակում են լուրջ վերահսկողական գործառույթներ իրականացնել: Մասնավորապես՝ խորհուրդը վերահսկում է դպրոցի զարգացման ծրագրի ժամանակացույցով սահմանված տարեկան գործողությունների իրականացումը, լսում է զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվությունը և տալիս եզրակացություն, լիազորված մարմին է ներկայացնում առաջարկություններ՝ ուսումնական հաստատության գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան և այլն:

Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իսկ տնօրենի զարգացման ծրագրի ամենամյա կատարողական հաշվետվության ներկայացման նիստում որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Ակնհայտ է, որ դպրոցների ներկա խորհուրդների կազմերում պահպանված չէ հավասարակշռումը: Նախարարությունը կարող էր լիներ այդ միջանկյալ օղակը, մինչդեռ նախարարությունն ակնհայտորեն «դիրքավորվել» է այն կողմում, որտեղ մարզպետարանն ու համայնքն են:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Ռոզա Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ խորհուրդներում անդամներին ընտրել են համայնքներում բնակվող, աշխատող, դպրոցի կարիքներն իմացող և անհրաժեշտության դեպքում դպրոցում առաջացած խնդիրները լուծելու կարող և ունակ մարդկանց:

«Կոնկրետ ես հակասություն չեմ տեսնում»,- ասաց Ռ. Հարությունյանը:

Նախարարության աշխատակիցն ասաց, որ երկար տարիներ կառավարման խորհուրդների հետ է աշխատել և մասնակցել է դրանց հաստատման գործընթացներին:

Նրա խոսքերով՝ օրենքը հնարավորություն է տալիս ոչ ճիշտ աշխատող խորհրդի անդամին հեռացնելու, դրանով էլ առաջնորդվում են:

«Ճիշտն ասած, երբևէ խնդիր չենք ունեցել»,- ասաց Ռ. Հարությունյանը՝ հավելելով, որ խորհուրդների կազմերում ընդգրկված նախարարության ներկայացուցիչներին միշտ ուշադրության կենտրոնում են պահում:

Ռոզա Հարությունյանն, անդրադառնալով հարցին, թե ինչպես է ստացվում, որ նախարարության պոտենցիալ թեկնածուներ դիտարկվել են մեծ մասամբ մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցները, նշեց, որ նախարարությունը դպրոցներում չաշխատող անձանց, տնային տնտեսուհիների վերաբերյալ տեղեկատվություն չունի, թեև չի բացառվում, որ նրանց մեջ կլինեն սրտացավ և կարող ուժեր:

«Բայց մենք նրանց տեղը որտեղի՞ց իմանանք: Ճիշտ է, կառավարման խորհուրդներում նշանակելու համար որևէ ցենզ գոյություն չունի, սակայն ընտրություն կարող ենք կատարել տեսանելի դաշտից»,- հավելեց Ռոզա Հարությունյանը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշեց, որ նման իրավիճակներում ակնհայտ շահերի բախում է առաջանում: Եթե անձը նախարարության ներկայացուցիչն է խորհրդում, սակայն իր ղեկավարը մարզպետն է կամ համայնքի ղեկավարը, ապա դժվար է պատկերացնել, թե նա ում դիրքորոշումն է առաջ տանելու:

Սերոբ Խաչատրյանն ասում է, որ լավ տարբերակ կլիներ, եթե նախարարության ներկայացուցիչները Երևանից լինեին, կամ տարածքից, սակայն անկախ մարդիկ: Բայց այստեղ էլ բախվում են ֆինանսական դժվարությունների հետ: Խորհրդի անդամները չեն վարձատրվում, հետևաբար հնարավոր չէ նրանց տեղաշարժն ապահովել, իսկ դրանք լուրջ ծախսեր են: Ինչ վերաբերում է անկախ անձանց, ապա մարզերում, ըստ Ս. Խաչատրյանի, գրեթե հնարավոր չէ նման մարդ գտնել:

«Մի ժամանակ էլ «մոդա» էր, որ մի դպրոցի տնօրենը հաջորդ դպրոցի խորհրդի նախագահն էր: Կոլեգաներով «պասեր» էին տալիս»,- ասում է Սասուն Խաչատրյանը:

Փորձագետի խոսքերով՝ տեղերում հնարավոր չի լինում անկախություն ապահովել: Կլանը կուլ է տալիս և պարզվում է, որ մարզպետի, համայնքապետարանի ծանոթ-բարեկամներն են:

«Հույսը մեկն է՝ տեղերում ակտիվացնել քաղաքացիական հասարակությանը, որ իրենք խորհուրդներում լինեն ներկայացուցիչներ: Սակայն, ստիպողաբար չեն կարող նրանց դարձնել: 2018թ․-ից հետո, մի քանի հասարակական կազմակերպություն մտավ խորհրդի կազմեր, սակայն հիասթափված դուրս եկան, ասելով, որ ոչինչ չեն կարող անել, փոփոխություն հնարավոր չէ անել»,- ասում է Ս. Խաչատրյանը, հավելելով, որ այսօր մտածելակերպի փոփոխությամբ մարդիկ են պետք: Դրանք մեխանիզմներով հնարավոր չէ անել, հակառակ լուծումը միշտ գտնվում է: Մարզերում պետք է զարգացնել կարողությունները, հարցի լուծումը դա է: Նույնը վերաբերում է հօգուտ ծնողի և ուսուցչի բալանսը խախտելուն, քանի որ նրանք էլ իրենց սուբյեկտիվ գործոններն ու կախվածությունն ունեն տնօրենից:

Ս. Խաչատրյանը բերեց Էստոնիայի օրինակը, որտեղ ծնողները պահանջկոտ են: Այստեղ իրավագիտակցության հարց է: Այդ երկրում ուսուցիչների վերապատրաստումը պարտադիր չէ, կամավոր է: Սակայն, եթե ուսուցիչը չի վերապատրաստվում, ծնողը բողոքում է, որ չվերապատրաստված ուսուցիչն է իր երեխային դասավանդում:

Սերոբ Խաչատրյանը փաստում է, որ Հայաստանում ծնողներն այդպիսին չեն: Նրանց համար կարևորն այն է, որ իրենց երեխային «լավ նայեն», բարձր թվանշան դնեն ու դասասենյակի առաջին շարքերում նստեցնեն:

«Կրթությունը պետք է ապակենտրոնանա, որովհետև Երևանից կառավարելով՝ երկիրը չի զարգանում»,- ասում է կրթության փորձագետը:

Սերոբ Խաչատրյանը նշեց, որ հատկապես մարզերում քաոս է, այդ է պատճառը, որ նախարարությունը դպրոցների կառավարման խորհուրդներից վերցրեց տնօրեն ընտրելու լիազորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter