HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 49 դեպք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հաղորդագրության է տարածել 2023 թվականի առաջին եռամսյակային զեկույցի մասին։ Այն ներկայացնում ենք ստորև․

«2023թ առաջին եռամսյակի ընթացքում իրականացված դիտարկումների արդյունքները մտահոգիչ են նախևառաջ տեղեկատվության ազատության սահմանափակումների առումով։ ԽԱՊԿ-ն արձանագրել է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 49 դեպք։ Այս թիվը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվածը՝ 45, որը 2022-ի եռամսյակների համապատասխան վիճակագրության մեջ ամենաբարձրն էր։ Ավելին՝ 2020 թվականից սկսած՝ եռամսյակային կտրվածքով այսպիսի ցուցանիշ չի գրանցվել։

Այս պատկերն ուղիղ կապ ունի «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության գնահատականի հետ, որ տարեսկզբին հրապարակված զեկույցում տրվել է մեր երկրին։ Ըստ այդմ՝ աշխարհում կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանի վարկանիշն իջել է՝ երկիրը նախորդ տարվա 58-րդ տեղից հայտնվել է 63-րդում։ Նման հետընթացը կանխատեսելի էր, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը սկսվում է տեղեկատվության ազատությունից, հանրության առջև կառավարության գործունեության թափանցիկությունից ու հաշվետվողականությունից։

Դիտարկվող ժամանակահատվածի առանձնահատկություններից է նաև այն, որ եռամսյակի ընթացքում չի արձանագրվել լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնության ոչ մի դեպք։ Սակայն  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է տարատեսակ այլ ճնշումների թիվը 16 դեպք՝ 2022-ի առաջին եռամսյակի 12-ի դիմաց։ Գրանցված դեպքերից 7-ն առնչվում է լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ վիրավորանքի, անբարեհաճ վերաբերմունքի դրսևորումներին, այդ թվում՝ քաղաքական գործիչների և պաշտոնյաների կողմից։ Եղել է նաև 1 հաքերային հարձակման դեպք։ Ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների ներկայացվել է 8 նոր դատական հայց, որոնցից 1-ը բիզնես ոլորտի ներկայացուցչի կողմից է, 7-ը՝ նախկին ու ներկա պաշտոնյաների։

Դիտարկվող ժամանակահատվածում իշխանությունները հանդես են եկել տեղեկատվության ոլորտին վերաբերող մի շարք խնդրահարույց օրենսդրական նախաձեռնություններով, որոնցով փորձ է արվում օրինական հիմքեր ստեղծել պաշտոնական տվյալների տրամադրումը նվազագույնի հասցնելու համար։

Այսպես՝ դեռևս 2022թ դեկտեմբերի 22-ին ՀՀ արդարադատության նախարարությունը e-draft.am կայքում հրապարակեց, իսկ 2023-ի հունվարի կեսից քննարկման դրեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը, որն այդ ռեժիմի պայմաններում չարդարացված խիստ սահմանափակումներ է ենթադրում համացանցի հասանելիության և ԶԼՄ-ների գործունեության համար։ Դրանց վերաբերող դրույթները պատշաճ պատճառաբանված չեն և լի են կամայականությունների հնարավորություն տվող սողանցքներով։

Ավելի ուշ՝ մարտի 1-ին, Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության առաջարկած օրինագծերի ծավալուն մի փաթեթ, որի հիմքում «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենքն էր։ Ի թիվս շատ այլ վիճահարույց փոփոխությունների, փաթեթում ներառված էր նաև լրացում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում։ Համաձայն դրա՝ պաշտոնական տվյալների տրամադրման հարցումները ենթակա են մերժման, եթե պարունակում են «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն»։ Սուբյեկտիվ որոշումների տեղիք տվող այս ձևակերպմամբ նույնպես լայն հնարավորություններ են ստեղծվում կամայականությունների համար, քանի որ սրա տակ կարող է ընկնել պետական մարմիններում առկա ցանկացած փաստաթուղթ։

Անընդունելի է նաև, որ շարունակվում է այն արատավոր պրակտիկան, երբ տեղեկատվական ոլորտին առնչվող օրինագծերը, նախքան հրապարակվելը կամ շրջանառության մեջ դրվելը, պատշաճ չեն քննարկվում մասնագիտացված հասարակական կառույցների հետ։ Մինչդեռ, լրագրողական ՀԿ-ների, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների միջև նախորդ տարի ստորագրված եռակողմ Հուշագիրը հակառակ մոտեցում և վերաբերմունք է նախատեսում։

Լրագրողական կազմակերպություններն այս գործընթացների առնչությամբ հանդես են եկել հայտարարություններով՝ պահանջելով հանրային, փորձագիտական  (այդ թվում՝ միջազգային մակարդակով) քննարկումներ ապահովել խնդրահարույց օրենսդրական նախաձեռնությունների շուրջ և հաշվի առնել ԶԼՄ-ների ու մեդիա փորձագետների դիտողություններն ու առաջարկվող լուծումները»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter