
Ալբանիան չեղարկել է առանց վիզային ռեժիմը Ռուսաստանի քաղաքացիների համար
Ալբանիան չեղարկել է առանց վիզային ռեժիմը Ռուսաստանի քաղաքացիների համար։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանում Ալբանիայի դեսպանությունը։ Որոշումն ընդունվել է ապրիլի 20-ին։
Այդպիսով, հիմա Ալբանիա այցելելու համար Ռուսաստանի քաղաքացիները ստիպված կլինեն վիզա ստանալ՝ իրենց այցին համապատասխան։ Ավելի վաղ, զբոսաշրջության զարգացման նպատակով, մայիսի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի քաղաքացիները բալկանյան այդ երկիր կարող էին այցելել առանց վիզայի։
2022 թվականի սեպտեմբերին Եվրամիությունը դադարեցրել էր Ռուսաստանի հետ հեշտացված վիզային ռեժիմի գործողությունը։
Դրանից հետո Շենգեն վիզայի համար վճարը 35 եվրոյից բարձրացվել էր 80 եվրոյի։ Բացի այդ, երկարացվել էր նաև վիզայի ստացման ժամանակահատվածը, իսկ տրամադրման կանոնները խստացվել էին։ Ռուսաստանցիները, որոնք ցանկանում էին ստանալ վիզա, հիմա պետք է ներկայացնեն լրացուցիչ փաստաթղթեր։
Եվրամիության որոշումից հետո Գերմանիան, վիզայի տրամադրման գործընթացի ժամանակ, սկսեց պահանջել նաև «բժշկական ապահովագրություն, որն արվել է միայն ԵՄ-ում»։ Ավելի ուշ, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Ֆինլանդիան, Լեհաստանը և Չեխիան փակեցին իրենց սահմանները ռուսաստանցի զբոսաշրջիկների համար։
Լուսանկարում՝ ալբանական Բերաթ քաղաքը/Giovanni Mereghetti/UCG/Getty Images
Մեկնաբանել