HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին արգելել է տեղանուններն անվանակոչել Ռուսաստանի հետ կապ ունեցող անվանումներով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որն արգելում է աշխարհագրական օբյեկտներին տալ անվանումներ, որոնք կապ ունեն Ռուսաստանի հետ։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Գերագույն ռադայի պաշտոնական կայք էջում։

Օրենքի համաձայն՝ Ուկրաինայում կարգելվի աշխարհագրական օբյեկտներին տալ անվանումներ, որոնք «մեծարում, հավերժացնում, քարոզում կամ խորհրդանշում են» Ռուսաստանը։ Մասնավորապես, կարգելվի կիրառել անվանումներ, որոնք կապված են ռուսական տեսարժան վայրերի, հիշարժան, պատմական և մշակութային վայրերի, քաղաքների, թվականների և իրադարձությունների հետ։ Բացի այդ, արգելքի տակ կհայտնվեն նաև պատմական անձանց անունները, որոնք Ռուսաստանում զբաղեցրել են բարձրաստիճան պաշտոններ կամ կապ են ունեցել կայսերական քարոզչության հետ։

Ինչպես նշում է «Украинская правда»-ն, օրենքը նպատակ ունի նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունն Ուկրաինայի ներքին քաղաքականության ու ուկրաինացիների աշխարհայացքի վրա, ինչպես նաև նախադրյալներ ստեղծել ռուսական քարոզչական գործունեության կանխարգելման համար և արագացնել ապախորհրդայնացումը։

Օրենքն ուժի մեջ կմտնի 3 ամիս անց։

Ավելի վաղ, Ուկրաինայում ընդունվել էր օրենք ապակոմունիզացման վերաբերյալ, համաձայն որի ապամոնտաժվել են խորհրդային պետական գործիչների բազմաթիվ հուշարձաններ և անվանափոխվել բազմաթիվ փողոցներ, հրապարակներ ու բնակավայրեր։ Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից հետո նաև սկսել են փոխվել անվանումները, որոնք կապ ունեն ոչ միայն Խորհրդային միության, այլև Ռուսաստանի հետ։ 2022 թվականի դեկտեմբերի վերջին Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն նշել է, որ երկրում անվանափոխվել է ավելի քան 7 000 անվանում, որոնք կապ ունեն ԽՍՀՄ-ի ու Ռուսաստանի հետ։

Համանման ձևով գործում են նաև ռուսական իշխանությունները։ Օրինակ՝ Մելիտոպոլում ռուսական օկուպացիոն իշխանությունները հունվարին անվանափոխել են 55 փողոց, 30 փակուղի և քաղաքային 1 հրապարակ՝ դրանց վերադարձնելով խորհրդային անվանումները։ Ապրիլին էլ այդ քաղաքում հայտնվել են Ռոսգվարդիայի, Դարյա Դուգինայի և Ալեքսանդր Զախարչենկոյի փողոցները։

Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter