HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բոլորն էլ այդպես են հեռանում

«Ա՜խ… Վա՜խ… Օ՜խ… Ո՜ւխ…»,- պատուհանիս տակ ինչ ձայն ասես, որ չհանեց. նվվաց, գվվաց, գոռաց, տնքաց՝ գոհունակ ու ծանր: Կարելի էր կարծել՝ սեքսով է զբաղված. արածն էլ ինչ էր՝ միզում էր:

- Գոնե մի քիչ հեռու գնա,- զայրացա,- արևը կպավ՝ հոտից կխեղդվենք։

Անսպասելիությունից վեր թռավ, խլուշտ-խլուշտ նայեց աջուձախ. կարծել էր, թե մենակ է: Ինձ տեսնելով ամոթից քարացավ, մոռացավ շալվարը կոճկել: Նրա շփոթահար տեսքից և՛ մեղքս եկավ, և՛ ծիծաղս: Ծիծաղելով ներս մտա: Նստեցի անկողնու վրա: Դիմացս հայելին էր: Հայելու առջև՝ կլոր, փոքրիկ ակվարիումը, ուր գիշերուզօր պտտվում են ձկները: Սկսեցի զննել նրանց: Առաջ շատ էին, խիտ էին լողում: Հանկարծակի սկսեցին սատկել: Չհասկացա՝ ինչի՞ց: Պտտվում են, պտտվում, թըրըփում են ավազների մեջ ու՝ վերջ: Հավանաբար խելագարվում են իրենց այդ տարածքի կլոր անվերջությունից, անկյուն չեն գտնում, որ կանգնեն, հանգստանան. անվերջությանը չեն դիմանում… Հայելու դիմաց ապրող ձկները արտացոլվում էին հայելու մեջ՝ չորսն էին թվում, բայց իրականում երկուսն էին. սո՛ւտ պատկեր: Երեկվանից նրանք էլ են սկսել պտտվել առանց կանգառի՝ խելահեղորեն:

Դրսում կրակեցին: Գիշերվա լռության մեջ օդը ճքճքաց կրակոցից, թվաց՝ փշրվում է… Շուն սատկացնողներն են:

Դարը կոտրվեց. պատերազմներ եղան: Պատերազմի տարիներին կենդանիներն աճ տվեցին, Արարատյան դաշտում սաստիկ շոգից օձերը հղփացան, լցվեցին տները: Սևանի ափին խոնավությունը ճոխություն արեց, միջատները շատացան: Հողի տակն ու վրան պտուղ չմնաց՝ որդոտվեց: Երևանում անտեր շներն էին. գլուխ էին տանում գիշերները՝ ոհմակով հաչելով: Մի քանի անգամ էլ մարդ էին գզել:

Դարձյալ նա էր՝ նույն տեղում կանգնած. պատուհանիցս մի քանի մետր հեռավորության վրա: Ինձ տեսնելով կախեց գլուխը, մի լավ մաքրեց կոկորդն ու չոր թքեց գետնին.

- Ճիշտ է, շուն սատկացնող եմ, բայց լավ չեմ կրակում,- արդարացավ՝ կոշիկի քթով տրորեց խոտերը: Տաք ձմեռ էր արել. խոտերը չորացել, բայց չէին փտել, կանգնած էին պոչի վրա: Հատ-հատ ծալելով՝ ոտքի տակ ջարդրտեց ծղոտացած խոտերը,- ճիշտը որ ասեմ, սպանել չեմ էլ սիրում: Բայց դե պատերազմ է, գործազրկություն, երկիրը՝ քայքայված. ուրիշ գործ դժվար էլ ճարեմ: Իսկ կինս ճպռկոտ աչքերը դեռ չբացած, պահանջում է՝ փո՜ո՜ղ… Հետն էլ երեք երեխա ունեմ:

Չիմացա ինչ ասել, տարակուսած ժպտացի:

- Հա,- շարունակեց իմ ժպիտից ոգևորված,- էնքան էլ սուր ձայն ունի տնաշենը, որ չի ճչում՝ փո՜ո՜ղ… Ուղեղս ցրիվ է գալիս: Թե չէ՝ սպանել չեմ սիրում, շատ անմարդկային բան է:

- Ինչի՞ ես էդ կնոջը գանգատվում, կարծում ես ներս կկանչի՞,- դիմացի շենքից մեկը փնթփնթաց:

Երկուսս էլ նայեցինք ձայնի ուղղությամբ. քնահարամ ծերուկ էր:

- Բան էլ չեմ ուզում,- վրդովվեց շուն սատկացնողը,-ուղղակի ասում եմ, որ սպանել չեմ սիրում:

- Ինչի՞ ես մեր մոտ արդարանում,- չէր հանգստանում ծերուկը,- հո մեզ չե՞ս սպանում: Գնա շներին ասա: Եվ ընդհանրապես՝ քիչ աղմկեք, թողեք քնենք:

Ծերուկի ճղճղոցից ազդված՝ սսկվեցինք: Ես՝ նեղացած ձևանալով, քաշվեցի պատշգամբի անկյունն ու նայեցի վեր: Լուսնի կեռին մի աստղ էր կպել. ասես ծաղկել էր: Շուն սպանողը նստեց բակում ու տեսավ, թե կրակոցից խրտնած շները ոնց են հաչելով ցաքուցրիվ լինում շենքերի արանքում:

- Շները վախեցան գնացին,- ասացի,- երևի մի երկու շենք այն կողմ իջնես:

- Մի քիչ որ սպասեմ՝ ետ կգան, ո՞ւր պիտի փախչեն, դրանք վախ չունեն:

- Բախտդ բերել է, էսօր քիչ են, շուտ կպրծնես:

- Որ շուտ պրծնեմ գամ, ինձ սուրճ կտա՞ս,- հարցրեց՝ ինքն իր ասածին չհավատալով, ու նորից պոչի վրա չորացած խոտերը կրունկի տակ տրորեց:

- Կտամ,- վստահեցրի,- բայց մի՛ արի:

- Ինչի՞, էն բիձուկից վախեցա՞ր:

- Չէ, մարդս տանը չէ, գիշերով գաս, ի՞նչ կմտածեն:

-Բա ո՞ւր է,- ոնց որ չհավատաց, թե մարդ ունեմ:

- Եսի՞մ,- ուսերս վեր քաշեցի:- Աշխարհը՝ մեծ, մարդս էլ՝ սիրտը նեղ. երևի իրեն տվել է ուտել-խմելու:

Կասկածանքով նայեց երեսիս.

- Շա՞տ ես կռիվ անում:

- Չէ, բայց լավ էր՝ անեի:

- Պարզ է. սա այն դեպքն է, երբ հեռացումը սերը վերադարձնելու փորձ է,- եզրակացրեց լրջորեն: Քրքրեց գրպանները: Բռան մեջ ճմրթելով հանեց թաշկինակն ու ֆսֆսացնելով մաքրեց քիթը,- հիվանդո՞տ է:

- Չէ,- հորանջեցի:

- Ծեծող-ջարդո՞ղ է,- փորձում էր ինձ հասկանալ շուն սատկացնողը:

- Ես նմա՞ն եմ կնոջ, որին կարելի է ծեծել,- խորամանկ ժպտացի, ապա ավելացրի ինքնագոհ,- լավ էլ փող է տուն բերում:

- Վա՛յ մամա ջան,- նա անկեղծ զայրույթով ձեռքը շրխկացրեց ճակատին,- բա էլ ի՞նչ ես ուզում, ինչի՞ ես էդ մարդու հոգին ուտում: Հլա ասա՝ տեսնեմ: Վա՜յ,- ինձ չէր ներում շուն սատկացնողը,- էս անդուր արարածները… էս կնանիք… Վա՜յ…

- Ես գիտե՞մ, որ քեզ ասեմ,- կատակելու հավես արթնացավ մեջս,- համ էլ՝ որ իմ մարդու հոգին չուտեմ, ո՞ւմ հոգին ուտեմ, հո չե՞մ պայթելու…

- Բայց դու իմ հարցին պատասխանիր,- դաստիարակում էր նա,- ինչի՞ ես էդ տեղը-տեղին մարդու կյանքը հարամում, հը՞:

- Լա՛վ եմ անում,- ձանձրացա նրա սրտացավությունից,- դու Տեր Աստվածը չես, որ քեզ հաշիվ տամ:

- Թո՛ւ,- նորից չոր գետնին, ոտքերի տակ թքեց նա,- առաջին հայացքից կարգին կնիկ ես երևում, բայց արի ու տես…

Այդ պահին լղար շների մի խումբ դուրս եկավ շենքի անկյունից: Առջևը գցած հետախույզ շանը, մտավ բակ:

- Հրե՜ն,- արհամարհանքով մատնացույց արի շների խումբը,- եկան, գնա, սպանիր: Թե չէ գլուխ ես տանում:

Նա զայրացած շրջվեց ու առանց նշան բռնելու կրակահերթ բացեց. կրակոցների ձայնից օդը ցնցվեց, ճքճքոցը արձագանքվելով գնաց… Շները խառնվեցին իրար, ժխոր արեցին, հաչեցին աստղերի ծանրությունից ցած կախված երկնքի վրա ու հաչելով հեռացան: Չոր գետնին, սեփական արյան մեջ նստած մնաց մի շուն… Վիրավոր էր. մղկտալով ոռնում էր: Ոռնոցը երկար տևեց, լռության մեջ՝ անվերջ: Սկզբում խղճահարություն էր առաջացնում, ապա՝ զայրույթ. մարդիկ ոռնոցի վրա դուրս թափվեցին պատշգամբները, սկսեցին աղմկել:

Թեթև, լուսավոր գիշեր էր՝ մութը դարչնագույն, լուսնի եզրերի մոտ՝ ճերմակ: Բոլոր իրերը՝ շենքերը, հողազուրկ արմատներով ծառը, մետաղյա սյուները, հրացանը ձեռքին, թևերը կախ քարացած շուն սատկացնողը հատ-հատ ստվեր ունեին: Շան ստվերը ձուլվել էր արյան լճակին, որ լուսավոր գիշերով սև էր: Նրա նստած տեղում արյան լճակը գնալով մեծանում էր՝ սև ներկելով հողը: Շուն սատկացնողը կուրծքն էր տրորում՝ «Սիրտս թուլանում է»: Մեղքս եկավ.

- Շուտով կսատկի,- մխիթարեցի:

- Հա՞ որ,- հեռվից-հեռու զննեց շանը,- ահագին մեծ է, ուժեղ կլինի:

Հանկարծակի ու ինքնագոհ փողոցում հայտնվեց մարդատարը… Շենքերի արանքից մի նիհար կին վազելով եկավ, նստեց, ու մեքենան վնգոցով պոկվեց տեղից:

- Դրան տանում են ի՞նչ անեն,- կուրծքը դեռևս տրորելով՝ նեղսրտեց շուն սատկացնողը,- վրան ձեռ տալու բան էլ չկա:

- Որ տարան, մի բան կանեն, էլի՜... ասացի ի միջի այլոց։

- Ի՞նչ պիտի անեն, է՜,- անհանգստությունից աջուձախ էր նայում, տեղը չէր գտնում շուն սատկացնողը,- ոսկորների վրա միայն շներն են վազում:

- Նախանձից ես ասում,- չարախնդացի,- ուրիշները գնացին գիշերը վայելեն, իսկ դու էստեղ հոգի ես հանում՝ ո՛չ սպանում ես, ո՛չ կյանք տալիս:

- Նիհարներին չեմ սիրում. ո՛չ կուրծք ունեն, որ գլուխդ դնես, ո՛չ քամակ՝ որ փաթաթվես: Ո՞նց էլ դրանց վրա փող են ծախսում, էլ չեմ ասում՝ ուրիշ բաներ…

Կրակոցից խրտնած, փախած շները նորից ետ եկան: Նրանց տեսնելով՝ վիրավոր շունը դունչն աղերսագին վեր հառեց, փուշ-փուշ պեծպեծող աստղերի մեջ առանձնացրեց լուսինը ու ձիգ ոռնաց լուսնի երեսն ի վեր: Լուսինը քաշքշվեց խավարի ու շան ոռնոցի արանքում, մտավ ամպերի տակ:

- Սրանք գայլերի նման չե՞ն,- ինձ սկսեց ճնշել արնաքամ շան կաղկանձուն ոռնոցը,- վիրավոր ընկերոջը չե՞ն ուտում:

- Չէ, սրանք գայլերի նման չեն,- արագ-արագ էր շնչում:

- Ափսո՛ս, գայլերի նման լինեին, ահագին բանից կպրծնեինք:

- Հերիք է զավզակություն անեք,- վերևի հարկերից զայրացավ մեկը,- սպանեք պրծեք, դրա ոռնոցը մարդու խղճի վրա ազդում է:

- Ա՛յ մարդ,- ձեռքը շուն սատկացնողի կողմը տնկած, ճերմակ մազերը գլխին բիզ-բիզ, իր պատշգամբից կանչեց քնահարամ ծերուկը,- շուն սպանելն ի՞նչ է, որ դա էլ մարդավարի չեք անում:

- Կներեք, վրիպել եմ,- արդարացավ շուն սատկացնողն ու անզորությունից շփեց վիզը:

- Էլ ներելու տեղ թողեցի՞ր,- նույն շենքից ավելացավ մի ջահել ձայն,- քո վրիպելով ողջ գիշերս հարամեցիր, հետո էլ ասում ես՝ կներեք:

- Լա՛վ, լա՛վ,- ձայնի կողմը ձգվեց, խաղաղարար մեջ ընկավ ծերուկը,- հլա էս մարդուն մի ջղայնացրեք: Թողեք իր գործն անի ու գնա:

Շուն սատկացնողը գրկեց հրացանի պոչը, կենտրոնացավ, կրակեց՝ էլի մի անգամ: Շունը կլանչեց. հայտնի չէր՝ կպա՞վ: Բայց չսատկեց. շարունակում էր սեփական արնալճում մնալ և ուժասպառ կլանչելով խեղճացնում էր գիշերը:

- Վա՛յ ես քու մարդ ասողի…- ձեռքերը ծափ տալու պես իրար զարկեց՝ զայրացավ ծերուկը:

- Ճիշտն ասած, մի քանի բաժակ խմել եմ, որ խիղճս չտանջի,- շուն սատկացնողը լացակումած նստեց գետնին,- աչքիս առաջ շունը բազմապատկվել է, չգիտեմ՝ ո՞րն է իսկականը:

- Ըհը՜, էդպես լավ է,- իրեն չկորցրեց ծերուկը,- քանի նստած ես, ամուր կպիր հողին, նշան բռնիր, կրակահերթով անցիր վրայով՝ աչքիդ երևացող առաջին շնից մինչև վերջինը… Ու ոչ մի հարց:

Շուն սատկացնողը լղոզվեց հողին, հրացանից կառչելով՝ նշան բռնեց, փողը տարավ ու բերեց, ապա խռովկան երեխայի նման հրացանը շպրտեց մի կողմ ու թնկթնկաց.

- Ձեռքերս դողում են:

- Այ մա՛րդ, չէիր կարող՝ վիզ չառնեիր,- նորից մեր շենքի վերևի հարկերից էր:

Շուն սատկացնողը քիթը թևքերով սրբելով տնքրտում էր.

- Որ համաձայնվում էի, դեռ չգիտեի, որ չեմ կարող:

- Եթե մոտիկից կրակես, ամեն ինչ լավ կլինի,- թև էր տալիս ծերուկը:

- Բա որ կծի՞,-վախեցա ես:

- Չէ հա՛,- շենքից-շենք հեգնեց ծերուկը,- արնաքամ եղած շուն է, հազիվ վնգստում է, դա կծողը չէ:

Շուն սատկացնողը վեր կացավ, ծնկներից թափ տվեց փոշին, գնաց առաջ. բաց արմատներով, չորացած ծառի մոտ կանգ առավ, խորը շունչ քաշեց, ապա վճռական չոքեց շան դիմաց:

- Լա՛վ է,- բղավեց ծերուկը,- դավա՛յ…

Հնչեց մեն մի կրակոց: Շունը տեղում երերաց, հակվեց առաջ, դունչը խառնվեց սեփական արյանը: Շուն սատկացնողը մի պահ քարացավ, ապա աղաղակեց.

- Ժողովո՜ւրդ, սպանել եմ, հանգիստ քնեք, սպանե՜լ եմ…

Սուսաննա Հարությունյան

լուսանկարը՝ Հետքի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter