
Թուրքիան երկրաշարժից զոհերի նոր թիվ է հրապարակել
Ավելի քան 50 հազար մարդ է զոհվել փետրվարի 6-ին Թուրքիայում գրանցված ահեղ երկրաշարժերի հետևանքով։ Այդ մասին շաբաթ օրը՝ ապրիլի 22-ին, լրագրողներին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։
«Քահրամանմարաշում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 50 783-ի»,- CNN Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է Սոյլուն։
7,8 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժը Թուրքիայում տեղի էր ունեցել փետրվարի 6-ին՝ տեղի ժամանակով 04:17-ին (Երևանի ժամանակով՝ 05:17-ին)։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Գազիանթեփ քաղաքի մոտ` 17,9 կիլոմետր խորության վրա։ Դրան հաջորդել է ավելի քան 40 հետցնցում։ Այնուհետև, տեղի ժամանակով մոտ 13:30-ին (Երևանի ժամանակով՝ 14:30-ին) տեղի էր ունեցել երկրորդ երկրաշարժը, որի ուժգնությունը կազմել էր 7,7 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշ նահանգի Էլբիստան շրջանում։
Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել էին հազարավոր հետցնցումներ, զգացվել էին թուրքական 11 նահանգներում և հարևան երկրներում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան։ Ըստ վերջին տվյալների՝ այդ երկրում գրանցվել է 8 476 զոհ։
Լուսանկարը՝ Ozan Kose/AFP
Մեկնաբանել