
Ուկրաինայի զինված ուժերը դուրս են եկել Դնեպր գետի ձախ ափ.ISW
Ուկրաինայի զինված ուժերը Խերսոնի մարզում՝ Օլեշկի քաղաքից դեպի հյուսիս, զբաղեցրել են Դնեպր գետի ձախ ափին գտնվող դիրքերը և հասել մինչև քաղաքի հյուսիսային շրջաններ։ Այդ մասին իր ամենօրյա տեղեկագրում հայտնում է Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW)։ Վերջինիս տվյալներով՝ ուկրաինական զորքերը դուրս են եկել նաև Դաչի բնակավայրից դեպի արևմուտք, սակայն անհայտ է, թե «ինչ մասշտաբներով և ինչպիսի մտադրությամբ»։
Փորձագետները հղում են անում տեքստային հաղորդագրությունների «բավարար» քանակին և գեոլոկացիոն կադրերին, որոնք հրապարակել են ռուսական ռազմական բլոգերները։ Դրանցից նաև պարզ է դառնում, որ ռուսական ուժերը, հավանաբար, այլևս չեն վերահսկում Կոնկա և Չայկա գետերի կղզիները, որոնք գտնվում են Անտոնովի կամրջի մոտ՝ Ուկրաինայի զինված ուժերի զբաղեցրած դիրքերից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա։
Վերլուծաբանների կարծիքով՝ ապրիլի 20-ին և 22-ին ռուսաստանցի բլոգերները նշել են, որ Ուկրաինայի զինուժը արդեն մի քանի շաբաթ պահում են Խերսոնի մարզի արևելյան ափի դիրքերը։ Նրանք ստեղծել են այդ դիրքերի մատակարարման կայուն գծեր և պարբերաբար թռիչքներ են իրականացնում այդ շրջանում։ Ըստ ISW-ի՝ դա խոսում է այդ շրջանում ռուսական վերահսկողության բացակայության մասին։
Միևնույն ժամանակ, մյուս բլոգերների հրապարակած տվյալներից էլ պարզ է դառնում, որ ապրիլի 22-ի դրությամբ՝ ռուսական ուժերը չեն վերահսկում Խերսոն քաղաքից դեպի հարավ-արևմուտք ընկած Դնեպր գետի դելտայի որոշ կղզիներ։ ISW-ն գրում է, որ ուկրաինական զինուժը, հավանաբար, առաջխաղացում է ունեցել այդ կղզիների ուղղությամբ։
«Որոշ բլոգերներ բողոքում են, որ ռուսական հրետանու աշխատանքի դանդաղ տեմպը, ռուսական զինվորական հրամանատարության աննախադեպ կենտրոնացման հետևանքով, ուկրաինական ուժերին հնարավորություն է տվել իջնել արևելյան ափ»,- նշում են վերլուծաբանները։
ISW-ում ենթադրում են, որ ռուսական ուժերը «մեծ նշանակություն են տալիս քաղաքային շրջաններում, ինչպես օրինակ Օլեշկիում և Նովայա Կախովկայում պաշտպանության ապահովմանը՝ թողնելով Դնեպր գետի կղզիներն առանց վերահսկողության»։ Սակայն Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացման մասշտաբներն ու մտադրությունն անհստակ են մնում։
«ISW-ն առաջին անգամ դիտում է արևելյան ափին ուկրաինական դիրքերի վստահելի աշխարհագրական պատկերներ՝ այնտեղ ուկրաինական մշտական ներկայության մասին ռուսական բազմակողմ հաղորդագրությունների հետ միասին»,- ասված է տեղեկագրում։
Դեռ ապրիլի 9-ին ISW-ն գրել էր, որ ռուսական ուժերը, ռազմաճակատի ողջ երկայնքով, նվազեցրել են հարձակողական գործողությունների տեմպերը։ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության «Արևելք» գումարտակի հրամանատար Ալեքսանդր Խոդակովսկու խոսքով՝ ռուսական հրամանատարությունը որոշել է գրեթե ամբողջությամբ դադարեցնել ռազմաճակատում սպառազինության ամենօրյա տրամադրումը, որտեղ չկան ակտիվ հարձակողական գործողություններ։
Լուսանկարը՝ Zohra Bensemra/Reuters
Մեկնաբանել