
Ֆրանսիայում Չինաստանի դեսպանը կասկածի տակ է դրել հետխորհրդային երկրների ինքնիշխանության հարցը
Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարությունները դատապարտել են Ֆրանսիայում Չինաստանի դեսպան Լու Շայեի խոսքերը, որը ֆրանսիական LCI հեռուստաընկերության տված հարցազրույցում կասկածի տակ է դրել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ինքնիշխանությունն ու Ուկրաինային Ղրիմի պատկանելիությունը։
Ֆրանսիական հեռուստաընկերությունը Լու Շայեի հարցազրույցը հեռարձակել է ապրիլի 21-ին։ Չինաստանի դեսպանը հայտարարել է, որ հետխորհրդային հանրապետությունները «միջազգային իրավունքում չունեն արդյունավետ կարգավիճակ, որովհետև գոյություն չունի միջազգային պայմանագիր, որը ուժ կտար ինքնիշխան պետության նրանց կարգավիճակին»։
🗣 @DariusRochebin : "Est-ce que la Crimée, à vos yeux, c'est l'Ukraine ?"
— LCI (@LCI) April 21, 2023
🗣 Lu Shaye : "Ça dépend comment on perçoit le problème [...] Ce n'est pas si simple."
📺 #La26 pic.twitter.com/nspLMs9HO8
Լրագրող Դարիուս Ռոշեբենը Չինաստանի դեսպանին խնդրել է հստակեցնել Ղրիմի շուրջ իր դիրքորոշումը՝ խնդրելով ուղիղ պատասխանել այն հարցին, թե արդյոք թերակղզու տարածքը պատկանում է Ուկրաինային։ «Դա կախված է նրանից, թե ինչպես եք դուք ընկալում խնդիրը»,- պատասխանել է դիվանագետը և հավելել, որ Ղրիմը «ի սկզբանե ռուսական է եղել», որից հետո Խրուշչովը փոխանցել է այն Ուկրաինային։
Լրագրողի այն պնդմանը, թե միջազգային իրավունքը Ղրիմը ճանաչում է Ուկրաինայի տարածք, Լու Շայեն հայտարարել է, որ հետխորհրդային տարածաշրջանի երկրները գործող միջազգային իրավունքով չունեն կարգավիճակ, քանի որ «չկա միջազգային պայմանագիր, որը կկոնկրետացներ, որպես ինքնիշխան պետություն, նրանց կարգավիճակը»,- հայտարարել է չինացի դիվանագետը։
Հարցազրույցի հրապարակումից հետո Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան չինացի դեսպանի հայտարարությունն անվանել է «ողբալի» և «անհասկանալի»։ Էստոնիայի ԱԳՆ-ն մտադիր է կանչել Չինաստանի դեսպանին, որպեսզի վերջինս բացատրություններ տա իր գործընկերոջ հայտարարության վերաբերյալ։
Լատվիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդգարս Ռինկևիչսն էլ թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ դեսպանի խոսքերը «բացարձակ անընդունելի են»։ «Մենք չինական կողմից բացատրություններ ենք սպասում և այդ հայտարարության ամբողջական հերքում»,- գրել է լատվիացի քաղաքական գործիչը։
«Եթե ինչ-որ մեկի մոտ դեռևս հարց է առաջանում, թե ինչու բալթյան երկրները չեն վստահում Չինաստանի՝ «Ուկրաինայում խաղաղության հաստատման միջնորդությանը», ահա չինական դեսպանը, որը պնդում է, որ Ղրիմը ռուսական է, իսկ մեր երկրների սահմանները չունեն օրինական հիմքեր»,- իր հերթին հայտարարել է Լիտվայի ԱԳՆ ղեկավար Գաբրիելյուս Լանդսբերգիսը։
If anyone is still wondering why the Baltic States don't trust China to "broker peace in Ukraine", here's a Chinese ambassador arguing that Crimea is Russian and our countries' borders have no legal basis. pic.twitter.com/JaloJnSEx3
— Gabrielius Landsbergis🇱🇹 (@GLandsbergis) April 22, 2023
Ֆրանսիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Օմելչենկոն այսպես է մեկնաբանել չինական դիվանագետի հայտարարությունը. «Ուրեմն կան ակնհայտ խնդիրներ աշխարհագրության հետ»։ «Այս հայտարարությունները հակասում են պաշտոնական Պեկինի դիրքորոշմանը Ուկրաինայում միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների հիման վրա խաղաղություն հաստատելու ջանքերի վերաբերյալ»,- գրել է Օմելչենկոն։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը ևս իր մտահոգություններն է հայտնել Լու Շայեի հայտարարության վերաբերյալ։ Գերատեսչությունում հայտարարել են, որ «սարսափով են իմացել» այդ հայտարարությունների մասին՝ Չինաստանին խնդրելով հստակեցնել, թե արդյոք պաշտոնական սա Պեկինի տեսակետն է։
Ֆրանսիայի ԱԳՆ-ում հավելել են, որ Ուկրաինան 1991 թվականին միջազգային հանրության կողմից, այդ թվում Չինաստանի, ճանաչվել է «Ղրիմը ներառող սահմաններով՝ որպես ՄԱԿ-ի նորանդամ պետություն»։ Ֆրանսիական կողմը «իր ամբողջական համերաշխությունն է հայտնել նաև բոլոր դաշնակիցներին ու գործընկերներին, որոնց այս հայտարարությունը վերաբերվում է» և որոնք «տասնամյակների ճնշումից հետո ձեռք բերեցին երկար սպասված անկախությունը»։
Հետխորհրդային մյուս երկրները, այդ թվում՝ Հայաստանը դեռևս չեն արձագանքել այս հայտարարությանը։
Լուսանկարը՝ Ֆրանսիայում Չինաստանի դեսպան Լու Շայեն/Martin Bureau/AFP/Getty Images
Մեկնաբանել