HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությանը մենք հակադրում ենք սեփական հողում ազատ ապրելու հստակ վճռականությունը. Արցախի պետնախարար

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրման վերաբերյալ։

«Այսօր Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղու՝ Հայաստանի  Հանրապետության սահմանին միացող ճանապարհահատվածը (Լաչինի միջանցքում) և սկսել անցակետի կառուցման ու կահավորման աշխատանքներ:

Ադրբեջանը կատարել է մի գործողություն, որի անթույլատրելիության և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված չլինելու մասին հայտարարվել է բազմիցս ու շատերի կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի կողմից 2023թ. փետրվարի 28-ին Բաքվում:

Ադրբեջանը խախտել է եռակողմ հիմնարար փաստաթղթի դրույթներ, որին հետևելու խստագույն անհրաժեշտության մասին բազմիցս հայտարարել են հրադադարի հիմնական երաշխավոր ՌԴ-ն, հավաքական Արևմուտքը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրները, փաստաթուղթ, որը հիմք են ընդունել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

Արցախի Հանրապետության ժողովուրդն իրավունք ունի ակնկալելու, պահանջելու հիշյալ դերակատարներից՝ հնչեցնելու հստակ գնահատականներ, ձեռնարկելու գործնական քայլեր և սպասում է դրանց: Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությանը մենք հակադրում ենք սեփական հողում ազատ ապրելու մեր հստակ վճռականությունը՝ չբացառելով այդ նպատակին հասնելու ոչ մի միջոց:

Ողջամտորեն ակնկալում ենք, որ հայրենիքից բռնությամբ զրկվելուն կամ բռնի հպատակեցվելուն հակադիր մեր վճռականությունն ու սեփական իրավունքների համար մեր արդար պայքարն ի վերջո կստանան միջազգային պատշաճ աջակցություն»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter