
Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարություններին օտարերկրյա առաջնորդներից կմասնակցի միայն Ղրղզստանի նախագահը
Մոսկվայում Հաղթանակի օրվա պատվին կազմակերպված տոնակատարություններին կմասնակցի միայն մեկ օտարերկրյա առաջնորդ՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։ Այդ մասին գրում է «Ведомости»-ն՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին և ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած զրուցակցին։
Ժապարովին Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու նպատակով մարտի վերջին Ռուսաստան էր հրավիրել փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը ռուսական կառավարությունում համակարգում է միջազգային հարաբերությունները։
«Մենք, իհարկե, միշտ հիշում ենք, թե ինչ ներդրում է ունեցել Ղրղզստանն այդ հաղթանակի և Մոսկվայի պաշտպանության մեջ, դա մեզ համար սուրբ է»,- ասել է Օվերչուկը՝ ազդարարելով Ժապարովի այցը։
«Ведомости»-ի աղբյուրների տվյալներով՝ այցի շրջանակներում, որը կկայանա այդ օրերին, ենթադրվում է ոչ միայն հանդիսավոր արարողություններին մասնակցություն, այլև Պուտինի ու Ժապարովի միջև բանակցություններ։
2022 թվականին Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարություններին չի մասնակցել օտարերկրյա և ոչ մի առաջնորդ։ Կրեմլում հայտարարել էին, որ չեն հրավիրել օտարերկրյա առաջնորդներին։ «Դա հոբելյանական տարեթիվ չէ։ Դա մեր տոնն է, դա սուրբ տոն է ողջ Ռուսաստանի, բոլոր ռուսաստանցիների համար»,- այդ ժամանակ ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի մի շարք շրջաններում 2023 թվականի մայիսի 9-ին, «անվտանգությունից ելնելով», որոշել են հրաժարվել Հաղթանակի օրվա պատվին կազմակերպվող շքերթներից։ Մոսկվայում էլ տեղի չի ունենա «Անմահ գնդի» երթը։
Լուսանկարը՝ Կրեմլի մամուլի ծառայության
Մեկնաբանել