
Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի ու Սիրիայի պաշտպանության նախարարները կհանդիպեն Մոսկվայում
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի ու Իրանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը նախատեսվում է անցկացնել մայիսի 25-ին Մոսկվայում։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
«Վաղը Մոսկվայում նախատեսվում է Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի ու Իրանի պաշտպանության նախարարների ու հետախուզությունների պետերի հանդիպումը»,- ասել է Աքարը։
Ավելի վաղ, Սիրիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Եֆիմովը հայտնել էր, որ Իրանի, Սիրիայի, Ռուսաստանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարների քառակողմ հանդիպումը տեղափոխվել է մայիս ամիս։ Հանդիպումը պետք է կայանար ապրիլի 10-ին։ Եֆիմովի խոսքով՝ այս ձևաչափով դրական արդյունքների հասնելու շուրջ շփումներն ու խորհրդակցությունները շարունակվում են։ Նրա խոսքով՝ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորմանն անհնար է հասնել բանակցությունների մեկ փուլի ընթացքում։
Մինչ այդ Մոսկվայում կայացել էր նաև Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի ու Իրանի արտաքին գործերի փոխնախարարների հանդիպումը, որի ժամանակ քննարկվել էր սիրիական հակամարտության կարգավորման խնդիրը։
Մեկնաբանել