
Գերմանիան զանգվածաբար արտաքսել է ռուսաստանցի դիվանագետներին
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է ռուսաստանցի դիվանագետների արտաքսման լուրը։ Այդ մասին հայտնել է գերմանական n-tv հեռուստաընկերությունը՝ հղում անելով գերատեսչությանը։
«Իրավամբ, վերջին շաբաթներին դաշնային կառավարությունը բանակցություններ է վարել ռուսական կողմի հետ արտասահմանի համապատասխան ներկայացուցչություններում դրանց ներկայության (խոսքը ռուսական հետախուզության մասին է, խմբ.) վերաբերյալ՝ Գերմանիայում դրա կրճատման նպատակով»,- հայտարարել են Գերմանիայի ԱԳՆ-ում։
Գերատեսչության աշխատակիցները հավելել են, որ ռուսական դեսպանության աշխատակիցների վերջին մեկնումը կապված է եղել դրա հետ։ Դիվանագետները եղել են ռուսական հատուկ ինքնաթիռում (ռուսական կառավարական Ил 96-300 ինքնաթիռ, խմբ.), որը Մոսկվայից Բեռլին էր մեկնել շաբաթ օրը։ N-tv-ն նշում է, որ ինքնաթիռը Մոսկվայի Վնուկովո օդանավակայան է վերադարձել օրվա երկրորդ կեսին։
Deutsche Presse-Agentur-ին գերմանական ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ ինքնաթիռն ունեցել է այսպես կոչված դիվանագիտական թույլտվություն։ Նա որևէ մանրամասնություն չի ներկայացրել բեռի կամ ուղևորների վերաբերյալ։
Նույն օրը ՌԴ ԱԳՆ-ն հաստատել էր, որ Գերմանիան «որոշել է զանգվածաբար արտաքսել» այդ երկրում գործող ռուսաստանցի դիվանագետներին։ Ի պատասխան՝ ռուսական կողմը որոշել է ևս արտաքսել գերմանացի դիվանագետներին, ինչպես նաև էականորեն կրճատել ՌԴ-ում գերմանական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների առավելագույն թիվը։ Ռուսաստանում Գերմանիայի դեսպանը դեռ ապրիլի 5-ին ծանուցվել էր ռուսական կողմի որոշման մասին։
Նախորդ տարվա ապրիլին Գերմանիան արտաքսել էր ռուսաստանցի 40 դիվանագետի։ Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Անալենա Բերբոքը հայտարարել էր, որ նրանք ոտնձգություն էին կատարել գերմանական հասարակության ազատության և նրա միասնության դեմ: Դրանից հետո Ռուսաստանը ևս արտաքսել էր գերմանացի 40 դիվանագետի։
Լուսանկարը՝ John Macdougall/AFP via Getty Images
Մեկնաբանել