
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին առկա պայմանավորվածություններին անհապաղ վերադառնալու կոչ է անում
Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին։ Մոսկվան խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի թվի աճով։ Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ երկուշաբթի օրը՝ ապրիլի 24-ին, տարածված հաղորդագրության մեջ։
«Ծայրահեղ մտահոգությամբ արձանագրում ենք հրադադարի ռեժիմի խախտումների թվի աճ: <...> Կողմերին կոչ ենք անում անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին»,- նշում է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրել անհրաժեշտ ողջ աջակցությունն ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ ռուսական խաղաղապահ անձնակազմի մասնակցությամբ։ «Ելնում ենք նրանից, որ ցանկացած դեպքում չպետք է տուժի տեղի բնակչությունը, և չպետք է ստեղծվեն խոչընդոտներ նրանց կենսագործունեության համար»,- ասված է ռուսական կողմի հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն վտանգավոր է համարում «Ադրբեջանի և Հայաստանի միջև հանրային տարածքում մեղադրական և ագրեսիվ հռետորաբանության» աճող մակարդակը։
«Ապրիլի 23-ին տեղի ունեցած վերջին զարգացումների համատեքստում հատուկ նշում ենք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթների խախտմամբ ցանկացած միակողմանի քայլերի անընդունելիությունը, անկախ նրանից՝ խոսքը արդյոք Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխության կամ խաղաղության օրակարգին չհամապատասխանող նպատակներով օգտագործելու փորձերի մասին է»,- ասված է հայտարարության մեջ՝ չընդգծելով, որ լարվածություն ստեղծողն ադրբեջանական կողմն է։
Ռուսական կողմի կարծիքով՝ առկա բազմաթիվ խնդիրները հետևանք են «Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիմնական ուղղությունների շուրջ բանակցային գործընթացում ամիսներ տևած պարապուրդի և առաջընթացի բացակայության, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցման»։
«Ակնկալում ենք, որ Բաքվում և Երևանում քաղաքական կամք կդրսևորեն և կկարողանան մոտ ժամանակներս հաղթահարել այդ բացասական դինամիկան»,- ասված է հայտարարության մեջ։
Ռուսական կողմն իր հայտարարության մեջ չի մոռացել հիշատակել նաև Արևմուտքին։ «Հորդորում ենք նաև արևմտյան արտաքին խաղացողներին և նրանց կոնյունկտուրային օրակարգով աշխատող ռուսատյաց տեղական տարրերին՝ զգուշանալ իրավիճակը լարելու փորձերից, այդ թվում՝ Ռուսաստանի հասցեին սևացնող արշավի միջոցով», - եզրափակել են ՌԴ ԱԳՆ-ում։
Լուսանկարը՝ РИА Новости / Евгений Одиноков
Մեկնաբանել