HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Պերճ Զեյթունցյանի «Մեծ լռություն» դրամայով Գյումրիում մեկնարկում է թատերական միջազգային փառատոնը

Ապրիլի 24-ից մայիսի 10-ը Գյումրիում կանցկացվի թատերական միջազգային փառատոն: Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Մեծ լռություն» ներկայացմամբ կազդարարվի փառատոնի բացումը: «Մեծ լռություն» դրաման Պերճ Զեյթունցյանը գրել է 1982 թվականին: Երկու տարի անց՝ 1984թ-ին, այն առաջին անգամ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրել է ՀՀ վաստակավոր գործիչ Արմեն Խանդիկյանը: 

Դրամայի կենտրոնում արևմտահայ մեծագույն բանաստեղծի՝ Դանիել Վարուժանի ճակատագիրն է, նրա և հազարավոր հայրենակիցների ողբերգությունը: Դրամայի գործող անձերն են նաև Կոմիտասը և Ռուբեն Սևակը: Պերճ Զեյթունցյանը, որպես գոծողության սկիզբ, ընտրել է 1915 թվականի ապրիլի 24-ը: Դրամայի վերնագրի մեջ կա բողոք և ընդվզում, քանզի պատմությունն իրավունք չունի լռության մատնելու այն մեծագույն ողբերգությունը, որի միջով անցավ մի ողջ ժողովուրդ՝ կորցնելով իր զավակներից լավագույններին:

Փառատոնի հաջորդ օրը, Գյումրու դրամատիկականի բեմ կբարձրանա Սանկտ Պետերբուրգի «Բալթյան տուն» պետական թատրոնը՝ Յասմին Ռեզայի «Կոտորածի աստվածը» ստեղծագործության մոտիվներով «Ինչի մասին են խոսում տղամարդիկ և կանայք» ներկայացմամբ: Փառատոնային երրորդ օրը վերապահված է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնին: Ի՞նչ կլինի, երբ ձմռան օրով ամառ հոսի երակներովդ, ի՞նչ կլինի, երբ երեսուն տարեկանում երջանիկ պատանեկությունդ կրկին անցնի քո միջով, արթնացնի բջիջներդ... հարցերի պատասխանն ստանալու համար, համազգայինցիները հրավիրում են դիտելու Ռեյ Բրեդբըրի «Խատուտիկի գինին» ներկայացումը: 

Պատանի հանդիսատեսի թատրոնը փառատոնում ներկայացված է Թենեսի Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքին» ներկայացմամբ: Գեղագիտության ազգային փոքր թատրոնն էլ իր գույներն է բերել Գյումրի: Հանդիսատեսին նրանք կներկայանան «Գույներ» պարային ներկայացմամբ: Ի՞նչ է գույնը։ Ի՞նչ ազդեցություն ունի այն մեզ վրա։ Մե՞նք ենք ընտրում գույները, թե՞ գտնվում ենք դրանց ազդեցության տակ: Պարային ներկայացում, որն ստեղծման երկար ճանապարհ է անցել՝ Իտալիայից մինչև Հայաստան: 

Մոտ երկու տասնյակ թատրոններ և թատերական խմբեր են մասնակցելու փառատոնին՝ Երևանից, ՀՀ մարզերից, Վրաստանից, Ռուսաստանից: Հանդիսատեսը հնարավորություն կունենան դիտելու Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի «Խաղի վերջը» ներկայացումը: Իսկ մայիսի 8-ին վրաց աշխարհահռչակ ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան վարպետության դաս կանցկացնի Գյումրու թատերական ինստիտուտի ուսանողների հետ: Փառատոնի շրջանակներում նախատեսվում են անցկացնել հեռուստաքննարկումների շարք ռեժիսորների, դերասանների, թատերական գործիչների, թատերասերների մասնակացությամբ: Մարզային թատրոններից փառատոնին մասնակցում են Վանաձորի և Կապանի թատերական խմբերը՝ «Անուշ» և «Ժայռը» ներկայացումներով: Մայիսի 10-ին, փառատոնը կեզրափակի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ Չիպոլինո» բալետով: 

Թատերական միջազգային փառատոնն իրականացում է «Բարեկամ» հկ-ն: Փառատոնի բյուջեն 52 մլն դրամ է, որից 43 մլն դրամը տրամադրել է ԿԳՍՄ-ն, 10 մլն դրամ՝ Երևանի քաղաքապետարանը, 1,5 մլն դրամ՝ Գյումրու քաղաքապետարանը: Հանդիսատեսի 70 տոկոսը ներկայացումները դիտելու է հրավիրատոմսերով, տոմսերի միայն 30 տոկոսն է նախատեսված վաճառքի՝ 2000-5000 դրամի սահմաններում: Գյումրու դրամատիկական թատրոնն այս փառատոնում ընդամենը հյուրընկալ կողմ է: 

Ի դեպ, 2013թ-ին, Գյումրիում անցկացվեց «Դուետ» միջազգային թատերական փառատոնը:  Տաս տարի անց, քաղաքը կրկին վերածվում է թատերական խաչմերուկի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter