
Ադրբեջանական կողմի միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների հետևանքով արգելափակվել է երթևեկությունը Լաչինի միջանցքում․ ՌԴ ՊՆ
Լաչինի միջանցքում երթևեկությունը ապրիլի 23-ին արգելափակվել է Ադրբեջանի միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների հետևանքով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը Արցախում տեղակայված խաղաղապահ առաքելության գործունեության ամենօրյա տեղեկագրում։ ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ խաղաղապահ առաքելության հրամանատարությունը բանակցություններ է վարում Բաքվի հետ։
«2023 թվականի ապրիլի 23-ին ադրբեջանական կողմի միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների հետևանքով արգելափակվել է երթևեկությունը Լաչինի միջանցքով՝ ռուսական խաղաղապահ առաքելության №1 դիտորդական կետի շրջանում (Հակարի գետի վրա կառուցված կամուրջ)»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ռուսական պաշտպանական գերատեսչությունը նշել է, որ Մարտակերտի շրջանում գրանցվել է նաև հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք, որի հետևանքով տուժածներ չկան, իսկ անձնակազմի հրամանատարությունը պարզում է տեղի ունեցածը։
«Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- նշում է ռուսական կողմը։
Նախօրեին, ադրբեջանական կողմը անցակետ էր տեղադրել Հակարի գետի վրա կառուցված կամրջի մոտ, որը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Հայկական կողմը դատապարտել էր Բաքվի այդ գործողությունը՝ պնդելով, որ դա ևս մեկ քայլ է Արցախի բնակչության շրջափակումն ամրացնելու ուղղությամբ։
Լուսանկարը՝ РИА Новости-ի
Մեկնաբանել