HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ակնկալում էի, որ լավ առաջնություն կստացվի, բայց որ այսքան լավը կլինի, չէի սպասում». ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ

ԿԳՄՍ լրատվականի հաղորմամբ՝ ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի ղեկավարները տպավորված են Երևանում՝ ապրիլի 15-23-ն անցկացված Եվրոպայի առաջնության կազմակերպվածության բարձր մակարդակով: 

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին, ամփոփելով Եվրոպայի առաջնությունը, ընդգծում է՝ բացի կազմակերպչական անթերի աշխատանքից, իրեն շատ է տպավորել նաև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հավաքված հանդիսականը:

«Մրցումային բոլոր օրերը հիանալի էին, բայց վերջին օրը, իսկապես, ֆանտաստիկ էր: Հանդիսականները շատ տպավորեցին, տրիբունաները լեփ-լեցուն էին ու հիասքանչ աջակցություն էին ցուցաբերում: Դժվարացա գոնե մեկ ազատ տեղ գտնել տրիբունաներում: Ծանրամարտի համար սա կարևոր ուղերձ էր: Կազմակերպչական առումով ևս ամեն ինչ հիանալի էր: Հպարտ եմ, որ Հայաստանի հետ համատեղ Եվրոպայի ֆեդերացիան ցույց տվեց, որ կարող է ավելի լավ մրցաշար կազմակերպել, քան աշխարհի առաջնությունն է: Ոմանք ասում են՝ սա Օլիմպիական խաղերի մակարդակ էր, քանի որ շատ ավելի լավն էր»,- նշում է Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը:

Կոնֆլիտին պատասխանում է նաև այն հարցին՝ արդյո՞ք Հայաստանը հնարավորություն կունենա նորից նմանօրինակ մասշտաբային մրցաշար ընդունելու. «Այո՛, հնարավոր է: Աշխատում ենք ևս մեկ խոշոր միջոցառում Հայաստանում անցկացնելու ուղղությամբ»: 

Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը խոստովանում է՝ իր սպասելիքները միանգամայն գերազանցվել են. «Եթե անկեղծ, ապա ակնկալում էի, որ լավ առաջնություն կստացվի, բայց որ այսքան լավը կլինի, չէի սպասում: Երբ առաջնությունից առաջ ժամանեցի Հայաստան ու ինձ ցույց տվեցին մրցումային դահլիճը, պայմանները, ես այնքան էլ տպավորված չէի և որոշակի կասկածներ ունեի: Բայց այն ահռելի աշխատանքը, որ Հայաստանն այս ընթացքում կատարեց, իսկապես գովասանքի է արժանի: Ամեն ինչ հիանալի էր»:

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահ, Եվրոպայի ֆեդերացիայի մարքեթինգային բաժնի ղեկավար Դավիթ Խիպսիձեն Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունը լավագույններից է համարում:

«Իմ կարծիքով, սա ամենաշքեղ ու անկրկնելի առաջնությունն էր՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ: Վստահաբար, կարող եմ ասել, որ մենք այստեղ ինչ-որ հրաշք իրագործեցինք: Բացի այն հրաշքից, որ մեզ պարգևում էին մարզիկները, հրաշքի էր նման նաև այն աշխատանքը, որը կատարեցին կազմակերպիչները: Յուրաքանչյուր պահը վայելել ենք: Ինձ համար մեծ պատիվ էր կազմակերպչական աշխատանքների մասնակիցը դառնալ: Շնորհակալ եմ Հայաստանին՝ այս մեծ իրադարձության  համար և մեզ դրա մասը դարձնելու համար:

Կարծում եմ եմ՝ այս պահի դրությամբ Հայաստանը՝ Երևանը, 2024 թվականի աշխարհի առաջնությունն ընդունելու լավագույն թեկնածուն է: Իմ հնարավորությունների սահմաններում կանեմ ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա»,- ընդգծել է վրացի մասնագետը:

Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրեպայի առաջնության թիմային հաշվարկում Հայաստանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել: Հայ ծանրորդները երկրամարտում ընդհանուր առմամբ 13 մեդալ են նվաճել՝ 4 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե:

Մրցումային վերջին օրը՝ ապրիլի 23-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 4418 հանդիսական էր ներկա, ինչն ռեկորդային է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ:

Նշենք նաև, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության փակման ժամանակ ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին պատվոգրեր է շնորհել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանին` մրցաշարը լավագույնս կազմակերպելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter