Ջերմուկ համայնքի ավագանին մերժել է Ամուլսարի շահագործման վերաբերյալ վարչապետին ուղղված ուղերձ ընդունել
Ջերմուկ համայնքի ավագանին ապրիլի 21-ի նիստում քվեարկությամբ մերժել է Ամուլսարի շահագործման վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղերձի ընդունումը։ «ՀՀ վարչապետին ուղղված ուղերձ ընդունելու մասին» հարցը ավագանու նիստի օրակարգում ընդգրկվել էր ավագանու անդամ, «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Սյուզաննա Ավետիսյանի առաջարկով։
«Մենք, լինելով ներկայացուցչական մարմնի անդամներ, այս ուղերձն ենք հղում Ձեզ՝ պարզաբանելու ՀՀ կառավարության կայացրած անսպասելի որոշման մասին, որն այս պահին ոչ միայն բնապահպանական է, այլև 2022թ․ սեպտեմբերյան ագրեսիայից հետո ունի անվտանգային նշանակություն։ Ինչպես նաև խնդրում ենք այսուհետ Ջերմուկի վերաբերյալ նմանատիպ որոշումներ կայացնելիս հաշվի առնել տեղական ինքնակառավարման մարմինների ու մարդկանց կարծիքները, ինչը ժողովրդավարական կարևոր արժեք է»,- ասվում է ուղերձի նախագծում։
Նիստին մասնակցող ավագանու 12 անդամներից ուղերձին կողմ են քվեարկել երկուսը՝ նախագծի հեղինակ, Ջերմուկ համայնքի ավագանու կազմում «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացնող միակ անդամը՝ Սյուզաննա Ավետիսյանը և «Մեր համայնք» կուսակցությունների դաշինքը ներկայացնող ավագանու միակ անդամը՝ Ազատ Հովակիմյանը։ Ավագանու կազմում ճնշող մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակության 10 անդամները ձեռնպահ են քվեարկել, և նախագիծը չի ընդունվել։
Սյուզաննա Ավետիսյանը «Հետք»-ին հայտնեց, որ շուրջ երեք ամիս քննարկվում էր այս հարցը։ Խոստացել էին ավագանու նախորդ նիստի օրակարգում ներառել, բայց չներառեցին։ «Այս անգամ նախագիծը հետս տարա նիստին, քվեարկեցին և ներառեցին օրակարգում։ Քննարկում, ըստ էության, տեղի չունեցավ և իշխող կուսակցությունը ձեռնպահ քվեարկեց»,- հայտնեց Ս․ Ավետիսյանը։
Նա ուղերձի տեքստում նշել է, որ Ջերմուկի միակ ու անկրկնելի այցեքարտը միշտ եղել է կազդուրիչ հանքային ջուրը և էկոլոգիապես մաքուր շրջակա միջավայրը։ Ջերմուկը հայտնի է իր սառնորակ աղբյուրներով, ջրային ռեսուրսներով և հենց համայնքի տարածքում է գտնվում Կեչուտի ջրամբարը, որն ունի ստրատեգիական նշանակություն Հայաստանի համար։
Սյուզաննա Ավետիսյանն ավագանու անդամներին հիշեցրել է, որ Ջերմուկ համայնքի՝ իրենց իսկ ընդունած 2022-2026թթ․ հնգամյա զարգացման ծրագրում համայնքի զարգացման ուղղություն է ընտրվել զբոսաշրջության ոլորտի ենթակառուցվածքների զարգացումը։ Տարիներ շարունակ համայնքում թե՛ տեղական, թե՛ պետական ռազմավարությունը միտված է եղել համայնքը զբոսաշրջային կենտրոն դարձնելուն։ Ջերմուկ համայնքի բնակիչները նույնպես միշտ ընտրել են զբոսաշրջության զարգացման ուղղությունը, որի տեսլականն է ունենալ բարեկարգ, մաքուր և գեղատեսիլ համայնք։
Ավագանու անդամի ասելով՝ բնակիչները մտահոգ են, որ հանքի շահագործման հարցը իրենց հետ չեն քննարկել, բնակչության կարծիքը չեն լսել, բայց որոշումներ են կայացնում։ 2023թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարությունը Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքել է եռակողմ փոխըմբռնման հուշագիր՝ վերսկսելու Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագիրը, որն էլ մեծ անհանգստութուն է առաջացրել բնակչության շրջանում։
Ավագանու անդամը հիշեցրել է, որ դեռևս 2018թ․ աշնանը հանրագրի միջոցով Ջերմուկ խոշորացված համայնքի շուրջ 3000 բնակիչներ իրենց ստորագրություններով դեմ են արտահայտվել մետաղական հանքարդյունաբերությանը։ «Գուցե հանրաքվե՞ պետք է արվեր բնակիչների տեսակետը լսելու համար, որը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով պարտադիր պահանջ է։ Սակայն, ոչ միայն բնակիչները, տեղական ինքնակառավարման մարմիններն էլ մասնակից չեն այս հարցով որոշումների կայացմանը։
«Տարիներ շարունակ Ձեր և կառավարության կողմից բազմիցս հանրային խոսվել է Ամուլսարի ծրագրի բացասական ազդեցության մասին, որն էլ ավելի կասկածներ և մտահոգություններ է առաջացնում բնակիչների շրջանում»,- ասվում է վարչապետին ուղղված ուղերձում։
Նշենք, որ 2018թ․-ից տեղական ինքնակառավարման մարմինները դադարեցրել էին «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի վերաբերյալ որոշումներ կայացնելը, այս տարվա գարնանից վերսկսել են։ Մասնավորապես, ավագանու 2023թ․ ապրիլի 21-ի նիստում որոշում են ընդունել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կարիքների համար (ջրագծի անցկացում) Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի վարչական տարածքում գտնվող 1,1842 հա ընդհանուր մակերեսով (7 հողակտոր) համայնքային սեփականության և 1,6705 հա ընդհանուր մակերեսով (6 հողակտոր) պետական սեփականություն հողամասերի գույքային սերվիտուտ սահմանելու մասին։ Սերվիտուտի պետական գրանցման պահից յուրաքանչյուր հողակտորի համար ամսական 20 000 (քսան հազար) դրամ վճար են սահմանել։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակության 3 անդամ, առանց բացատրելու իրենց դիրքորոշումը, ձեռնպահ են քվեարկել սերվիտուտի կիրառմանը։
Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերության և Գնդեվազ գյուղի համայնքի ղեկավարի միջև կնքված 47,55 հա ընդհանուր մակերեսով հողամասերի վարձակալության պայմանագրերի ժամկետները 2017թ․ ապրիլի 5-ի որոշումով երկարաձգվել են մինչև 2034թ․ հունվարի 1-ը։
Մեկնաբանել