HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատարանը վարչապետին պարտավորեցրել է մարզպետի տեղակալին վերականգնել աշխատանքի. Փաշինյանը բողոքարկել է որոշումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վայոց Ձորի մարզպետը վճռաբեկ բողոք են ներկայացրել՝ Վերաքննիչ վարչական դատարանի որոշման դեմ, որով աշխատանքից ազատված մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը վերականգնվել է աշխատանքի: Նանե Ասատրյանը հղիության 7-րդ ամսում է եղել, երբ Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի առաջարկով վարչապետը նրան ազատել է աշխատանքից: Այդ որոշումից հետո Ն. Ասատրյանը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Փաշինյանի որոշումը և հօգուտ իրեն բռնագանձել միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար ու վերականգնել նախկին պաշտոնում:

Նանե Ասատրյանը Վայոց Ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում նշանակվել է իշխանափոխությունից հետո՝ 2018թ. նոյեմբերի 9-ին: Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը 2021թ. հունիսի 30-ին միջնորդագիր է ուղարկել վարչապետին՝ Ն. Ասատրյանին աշխատանքից ազատելու մասին։ Օրեր անց՝ հուլիսի 2-ին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Նանե Ասատրյանին ազատել է մարզպետի տեղակալի պաշտոնից։

Մարզպետի տեղակալի պաշտոնից ազատվելու ժամանակահատվածում Ն. Ասատրյանը գտնվել է հղիության 7-րդ ամսում: Մարզպետի տեղակալն իր հղիության մասին դեռևս 2021թ. մարտ ամսից երեք տարբեր զեկուցագրերով տեղեկացրել է մարզպետին, ինչը հաշվի չեն առել:

Նանե Ասատրյանը, 2021թ. սեպտեմբերին դիմելով վարչական դատարան, հայտնել է, որ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ մարզպետի առաջարկությունը հիմնավորված չէ, վերջինս ներկայացվել է առանց օրենքով սահմանված հիմքերի: Բացի այդ, ինչպես միջազգային իրավական ակտերով, այնպես էլ ներպետական օրենսդրությամբ սահմանվել են աշխատող հղի կանանց իրավունքների՝ տվյալ դեպքում աշխատանքի ազատ ընտրության իրավունքի պաշտպանության երաշխիքները։ Տվյալ երաշխիքները գործատուի կողմից ապահովելու նպատակով սահմանվել է աշխատողի պարտականությունը՝ տեղեկացնելու գործատուին իր հղիության մասին, ինչն արվել է:

Դատարանում Վայոց Ձորի մարզպետարանի դիրքորոշումն այն է եղել, որ հանրային ծառայությունը կարգավորող օրենսդրությամբ իր պարտականությունները ժամանակավորապես կատարելու անհնարինության դեպքում մարզպետի տեղակալին փոխարինելու ընթացակարգեր սահմանված չեն: Այդ պարագայում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ մարզպետի տեղակալի վարչական պաշտոն զբաղեցնող անձի հղիության մեջ գտնվելու ժամանակահատվածում վերջինս չկարողանա իրականացնել իր աշխատանքային պարտականությունները: Տվյալ պաշտոնի առանձնահատկություններից ելնելով՝ կարող է խաթարվել ողջ պետական մարմնի բնականոն գործունեությունը: Ուստի գտնում են, որ հղիության փաստով աշխատանքային հարաբերությունների դադարեցման արգելքը վարչական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ վերաբերելի և կիրառելի չէ:

Իսկ վարչապետի դիրքորոշումն այն է, որ օրենսդիրն իրեն լիազորություն է տվել նաև մարզպետի տեղակալին պաշտոնից ազատելու համար: Նշված լիազորության կիրառելիության համար օրենսդիրը չի սահմանել որևէ վավերապայման, ինչը պայմանավորված է Կառավարության գործունեությունը ղեկավարելու և Կառավարության անդամների աշխատանքը համակարգելու վարչապետի լիազորությամբ: Հետևաբար՝ օրենսդրությունը վարչապետին լայն լիազորություն է վերապահել ընտրելու և փոխարինելու տվյալ պաշտոնում պաշտոնավարող անձանց, ինչը բխում է վարչապետի՝ իր լիազորությունների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունից:

Ինչ վերաբերում է մարզպետի լիազորությանը՝ իր տեղակալին պաշտոնից ազատելու միջնորդություն ներկայացնելուն, ապա, ըստ վարչապետի դիրքորոշման՝ նույն տրամաբանությամբ օրենսդիրը չի սահմանել այն ներկայացնելու համար լրացուցիչ հիմնավորումների պահանջ: Հետևաբար անհիմն է համարում Ն. Ասատրյանի պնդումը, թե աշխատանքից ազատվել է առանց հիմնավորման:

Աշխատանքային հարաբերություններում գտնվելու ժամանակահատվածում Վայոց Ձորի մարզպետ Ա. Գրիգորյանին ներկայացված զեկուցագրերը, վարչապետի դիտարկմամբ, չեն կարող համարվել հղիության և ծննդաբերության փաստը հավաստող տեղեկանք: Հետևաբար գտել են, որ ներկայացված հայցադիմումն անհիմն է և ենթակա է մերժման:

Վարչական դատարանը 2022թ. մարտի 3-ին մերժել է Նանե Ասատրյանի հայցադիմումը: Աշխատանքից ազատված փոխմարզպետը վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք: Վերաքննիչ վարչական դատարանը մեկ տարի անց՝ 2023թ. մարտի 3-ին, Նանե Ասատրյանի օգտին որոշում է կայացրել:

Մասնավորապես, Վերաքննիչ վարչական դատարանը որոշել է բեկանել ստորադաս դատարանի 2022թ. մարտի 3-ի վճիռը: Անվավեր է ճանաչել վարչապետի պաշտոնակատարի 02.07.2021թ. «Նանե Ասատրյանին Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին» թիվ 713-Ա որոշումը: Պարտավորեցրել է վարչապետին Նանե Ասատրյանին վերականգնել նախկին զբաղեցրած՝ Վայոց Ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում: Բացի այդ, պարտավորեցրել է Վայոց Ձորի մարզպետարանին Նանե Ասատրյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, սկսած 03.07.2021թ. մինչև փաստացի աշխատանքում վերականգնելու պահը:

Դատարանի հիմնավորումն այն է, որ թեև մարզպետի տեղակալի պաշտոնը պետական վարչական պաշտոն է, իսկ վերջինիս աշխատանքից ազատելու լիազորությունը վերապահված է վարչապետին, վերջինս պարտավոր է նշել, թե ինչ պատճառով է մարզպետի տեղակալին աշխատանքից ազատում: Այսինքն՝ պետք է նշի կոնկրետ պաշտոնից ազատելու փաստական և իրավական հիմքերը: Մինչդեռ, Նանե Ասատրյանին պաշտոնից ազատելու որոշումը կայացվել է առանց համապատասխան իրավական ու փաստական հիմքի, առանց որևէ պատճառ նշելու: Այդ պայմաններում խախտվել է Ասատրյանի` որպես աշխատողի, Սահմանադրությամբ և Եվրոպական սոցիալական խարտիայով սահմանված` պաշտպանվածության իրավունքը: Վայոց Ձորի մարզպետի միջնորդագիրը՝ հասցեագրված վարչապետի պաշտոնակատարին, ևս չի պարունակել որևէ պատճառաբանություն և հիմնավորում:

«Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի 02.07.2021թ. թիվ 713-Ա որոշումն ընդունվել է օրենսդրության խախտմամբ, ուստի ենթակա է անվավեր ճանաչման»,- նշված է դատարանի որոշման մեջ:

Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք են ներկայացրել, թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Վայոց Ձորի մարզպետարանը: Գործը մակագրվել է Վճռաբեկ դատարանի դատավոր Հովսեփ Բեդևյանին: Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում հրապարակված տեղեկատվության՝ Վճռաբեկ դատարանը դեռ որոշում չի կայացրել:

 

Լուսանկարը՝ նախկին փոխմարզպետի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter