
Բուքմեյքերները հավատում են, որ իտալացիներն առաջին անգամ կհաղթեն հորվաթներին
Այսօր «Եվրո-2012» C խմբում կկայանան Իտալիա-Հորվաթիա, Իսպանիա-Իռլանդիա հանդիպումները: Խմբի առաջատարը հորվաթներն են, որոնք ունեն 3 միավոր, իսպանացիներն ու իտալացիները 1-ական միավոր են վաստակել, իսկ իռլանդացիները առայժմ ձեռնունայն են:
Իտալիա-Հորվաթիա հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 20:00-ին: Խաղը տեղի կունենա Պոզնանի «Քաղաքային» մարզադաշտում: Բալկանցիները բավականին դժվար մրցակից են աշխարհի նախկին չեմպիոն իտալացիների համար: Ուղղակի նշենք, որ այս թիմերը հանդիպել են 5 անգամ, որից 2-ում գրանցվել է ոչ-ոքի, իսկ 3-ում հաղթել են հորվաթները: Հետաքրքիր է նաեւ, որ վերջիններիս գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը իր պաշտոնավարման առաջին խաղում հանդիպել է հենց իտալացիներին: Մի խոսքով՝ Չեզարե Պրանդելիի սաներին հեշտ հանդիպում չի սպասվում:
Բուքմեյքերները, սակայն, հավատում են, որ իտալացիները վերջ կտան տխուր ավանդույթին ու ի վերջո կհաղթեն: Նրանք սահմանել են այսպիսի գործակիցներ. Իտալիա՝ 2,44, ոչ-ոքի՝ 3,1, Հորվաթիա՝ 3,1 («Տոտո»), Իտալիա՝ 2,45, ոչ-ոքի՝ 3,2, Հորվաթիա՝ 3 («Վիվառո»):
Երեւանի ժամանակով 22:45-ին էլ «Արենա Գդանսկ» ստադիոնում կհանդիպեն իսպանացիներն ու իռլանդացիները: Թիմերի վերջին խաղը տեղի է ունեցել աշխարհի 2002 թ. առաջնության 1/8 եզրափակիչում, երբ 1-1 հաշվից հետո իսպանացիները կարողացան հաղթել 11-մետրանոցների շարքով:
Գրավառուները կասկած անգամ չունեն, որ աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնները հաղթելու են խմբի հետնապահին: «Տոտո»-ն ու «Վիվառո»-ն իսպանացիների հաղթանակը գնահատում են 1,27, ոչ-ոքին՝ 5,55 («Տոտո») եւ 5,7 («Վիվառո»), իսկ իռլանդացիների հաղթանակը՝ 12 («Տոտո») եւ 11,5 («Վիվառո»):
Լուս.՝ Getty Images-ի
Մեկնաբանել