HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ընտրություններից անցել է 1,5 տարի, սակայն Վաղարշապատի համայնքապետարանը դեռ զարգացման ծրագիր չունի

ՏԻՄ ընտրություններից հետո մոտ մեկ տարի է՝ Վաղարշապատ (Էջմիածին) համայնքը չունի հնգամյա զարգացման ծրագիր: 2021թ. դեկտեմբերի 5-ի ավագանու ընտրություններով ձևավորվեց նոր համայնք. Ոսկեհատ գյուղը միացավ Էջմիածնին: Նոր ձևավորված համայնքի դեպքում համայնքի ղեկավարը պետք է մշակեր համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը և ներկայացներ ավագանու հաստատմանը՝ իր լիազորություններն ստանձնելու օրվանից հետո՝ հինգ ամսվա ընթացքում: Այսինքն, մինչև 2022թ. առաջին կիսամյակը զարգացման ծրագիրը պետք է հրապարակված լիներ, այնինչ դեռ չի էլ ներկայացվել ավագանու հաստատմանը:

 «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝  «հնգամյա զարգացման ծրագիրը համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական, տնտեսական, բնական և մարդկային ռեսուրսների գնահատման արդյունքում նպատակային զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջությունն արտահայտող փաստաթուղթ է, որը նախատեսում է ռազմավարական կտրվածքով համայնքի հիմնախնդիրների արդյունավետ լուծումը»: Այսինքն՝ այն ունի լուրջ կարևորություն, այդ իսկ պատճառով օրենքով նախատեսված է ընդունման հնարավորինս սեղմ ժամկետ՝ 5 ամիս, որպեսզի այդ ընթացքում իմի բերվեն խնդիրները, առաջարկվեն լուծումներ, ուղիներ:

Արդեն մեկ տարի է՝ Էջմիածնի համայնքապետարանում չեն կարողանում կարևոր փաստաթուղթը կազմել և հաստատել:

Ապրիլի 28-ին նոր-նոր հրավիրում են ծրագրի հանրային քննարկմանը, որի հայտնի չէ, թե երբ կընդունվի:

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանից գրավոր հետաքրքրվել էինք, թե ինչու մինչ օրս ավագանու կողմից հաստատված և հրապարակված չէ զարգացման ծրագիրը:

«Հստակ գիտակցելով, որ համայնքի զարգացման ծրագիը կառավարչական գործունեության սկիզբն ու հիմքն է, որտեղ հստակ նշվում է, թե որտեղ է ձգտում հասնել համայնքը՝ ցույց տալով այնտեղ հասնելու հստակ ուղին, Վաղարշապատ համայնքի զարգացման ծրագիրը մշակվում է ամենայն պատասխանատվությամբ՝ հիմքում դնելով համայնքի ուժեղ և շահավետ կողմերը՝ հիմնված մշտադիտարկումների և խոր վերլուծության վրա»,- պատասխանել է համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը:

Համայնքապետի խոսքերով՝ խոշորացումից հետո առաջ է եկել Էջմիածին քաղաքին միացած Ոսկեհատ համայնքի խնդիրների ուսումնասիրման, հաշվառման ու գույքագրման անհրաժեշտություն:

Դիանա Գասպարյանը նշել է նաև, որ առավել մեծ ներուժ և ժամանակ է ծախսվել Վաղարշապատ խոշորացված համայնքի կարիքներն ու հնարավորությունները գնահատելու խորքային վերլուծություն իրականացնելու փուլում, ինչով պայմանավորված՝ ժամկետները ձգձգվել են:

Նշենք՝ Դիանա Գասպարյանը առաջին անգամը չէ, որ ընտրվում է համայնքի ղեկավար: 2018թ. իշխանափոխությունից հետո նա նշանակվել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, այնուհետև՝ ընտրվել համայնքի ղեկավար և վերընտրվել 2021թ. դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով: Այսինքն՝ նա քաջատեղյակ էր համայնքի լուծում պահանջող հիմնախնդիրներին: Միայն մեկ գյուղ՝ 2850 բնակչությամբ Ոսկեհատի կարիքներն են եղել անծանոթ, ինչի համար գերագնահատված է մոտ մեկուկես տարվա ուսումնասիրությունը:

Դիանա Գասպարյանը «Հետք»-ին հայտնել է նաև, որ համայնքապետարանը հնգամյա զարգացման ծրագիրը ժամանակին չընդունելու վերաբերյալ գրավոր պարզաբանում է ներկայացրել Արմավիրի մարզպետարան և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: 

Ստացվում է, որ Դիանա Գասպարյանը 1,5 տարի ղեկավարում է համայնքը՝ առանց զարգացման ծրագրի, և բավարարվել՝ է օրենքի պահանջը խախտելու համար պատկան մարմիններին պարզաբանումներ ներկայացնելով: Վերջիններս էլ հավանաբար ընդունելի են համարել օրենքի խախտումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter