HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Հայփոստը» պահանջում է անվավեր ճանաչել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումը

«Հայփոստ» ընկերությունը վարչական դատարանում վիճարկում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2023թ. փետրվարի 21-ի՝ անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոց կիրառելու որոշումը: Հանձնաժողովը անբարեխիղճ մրցակցության համար  «Հայփոստ» ՓԲԸ-ին և «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ» անձանց խմբի նկատմամբ 2023թ. փետրվարի 21-ին նշանակել էր տուգանք՝ մոտ 280 հազար դրամի չափով: Վերջիններս, ըստ հանձնաժողովի, ԱՄՆ-ից Հայաստան առաքումների ժամկետներն ապակողմնորոշող ձևով էին ներկայացրել, ինչպես նաև օրենքին հակասող գովազդ են իրականացրել: 

«Հայփոստը», դիմելով դատարան, պահանջում է անվավեր ճանաչել պատասխանատվության միջոց կիրառելու մասին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումը:

«Հայփոստ» ընկերության ենթակայության ներքո գործել է «Բեր-Բեր» ծովային առաքման ծառայությունը: Փաթեթներն ԱՄՆ պահեստ հասնելուց հետո 2,5-3 ամսվա ընթացքում պետք է լինեին Հայաստանում: Մինչդեռ քաղաքացիները դժգոհում էին, որ ընկերությունը մի քանի ամսով ուշացրել է: «Հայփոստից» հայտնել էին, որ նշված ժամկետները պայմանական են՝ կախված միջազգային փոխադրում իրականացնող ընկերությունների փաստացի գործառույթների իրականացումից: 

Հանձնաժողովը պարզել էր, որ 2021թ. նոյեմբերի 21-ից մինչև 2022թ. նոյեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում ծովային առաքումների 29%-ի դեպքում եռամսյա ժամկետը գերազանցվել է: Մինչդեռ ընկերության կողմից հրապարակված տեղեկատվությունից տպավորություն է ստեղծվել, որ առաքումները կարող են իրականացվել առավելագույնը 3 ամսվա ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter