«Ադրբեջանի ջանքերը՝ ԼՂ-ն վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվեն»․ Փաշինյան
Ադրբեջանը շարունակաբար սրում է իրադրությունը տարածաշրջանում՝ այս անգամ ապօրինի կերպով հսկիչ անցագրային կետ տեղադրելով Լեռնսյին Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում։ Այս մասին Կառավարության ապրիլի 27-ի նիստի մեկնարկին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ու եթե մինչև հիմա Լաչինի միջանցքը փակ էր կեղծ բնապահպանական ակցիայի պատրվակով, հիմա արդեն պաշտոնապես փակվել է Ադրբեջանի կողմից։ Սա ոչ միայն տարաածշրջանում լարվածությունը մեծացնելու, այլև ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը խորացնելուն ուղղված սադրիչ քայլ է»,- ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ միջազգային հանրությունն այս անգամ հստակ գնահատական է տվել ադրբեջանական հսկիչ անցագրային կետի տեղադրմանը Լաչինի միջանցքում։
«Բայց կարևոր է նաև արձանագրել այս և սրան նախորդած մի շարք գործողությունների իրական և խորքային նպատակը։ Այդ նպատակը ԼՂ հայության էթնիկ զտումն է և ցեղասպանություն իրականացնելն է, և հենց սա պետք է լինի բոլորիս, միջազգային հանրության ուշադրության առարկան։ Հաջորդ հարցը, որ Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետ տեղադրելով ավելի է սրվում, հետևյալն է՝ որքանո՞վ է Ադրբեջանն իրեն պարտավորված զգում կաատարել իր՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները»,- նշեց վարչապետը՝ արձանագրելով, որ Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետի տեղադրումը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է։
«Առիթ ունեցել եմ ասելու, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ից ի վեր Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարության, ըստ էության, բոլոր կետերը։ Այս ամենի արձանագրումը, սակայն, պետք է բերի կոնկրետ եզրակացությունների, և ուզում եմ ներկայացնել նաև մեր պատկերացումները իրադրության ընդհանուր կարգավորման վերաբերյալ։
ՌԴ խաղաղապահ զորախումը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը։ Այսինքն՝ բացի ՌԴ-ից, որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի։ Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի Լաչինի միջանցքով ազատ երթևեկությունը։ Սա ճշգրիտ այն է, ինչ նախատեսված է եղել նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է դառնան Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների առարկա, միջազգային ֆորմատի շրջանակում»,- ասաց նա։
Անդրադառնալով Հայաստանի և և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին՝ Փաշինյանը նշեց՝ ակնհայտ է, որ այն պետք է ունենա իրագործման երաշխիքների և վեճերի լուծման մեխանիզմների հասկանալի և գործուն համակարգ։
«Հստակ պետք է արձանագրված լինեն սահմանների դելիմիտացիայի պարամետրերը, և որևէ էսկալացիա բացառելու հստակ մեխանիզմներ պետք է ներդրվեն։
Մեզնից և միջազգային հանրությունից պահանջվում են կոնկրետ և անկեղծ ջանքեր՝ իրադրության հետագա լարում թույլ չտալու և համապարփակ կարգավորման հասնելու համար։ ՀՀ-ն շարունակելու է այս ուղղությամբ բոլոր հնարավոր ջանքերի գործադրումը, բայց այս ջանքերին զուգահեռ ամեն օրվա հետ ավելի ու ավելի է անհհրաժեշտ դառնում ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը։ Ադրբեջանի ջանքերը՝ ԼՂ-ն վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվեն, և դրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է ԼՂ-ում։ Որպես առաջին քայլ անհրաժեշտ է Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելության գործուղումը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մեկնաբանել