HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ջրային պարեկության ներդրման պահից ապօրինի որսը գործնականում դառնալու է անհնարին․ Փաշինյան

Կառավարությունը հավանություն տվեց «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին:

Օրինագծերի անհրաժեշտությունը պայմանավորված է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման ստեղծմամբ:

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը նախագծի քննարկմանը նշեց, որ ջրային պարեկությունը լինելու է դասական պարեկի լրացուցիչ ֆունկցիա։ 

«Այսինքն՝ մասնագիտացված պարեկների թիմում ընդգրկված պարեկներն, ըստ անհրաժեշտության, իրականացնելու են ցամաքային հատվածում՝ Գեղարքունիքի պարեկային ծառայությանը վերապահված այլ գործառույթներ։ Ջրային պարեկներն արձագանքելու են նաև Սևանա լճում ձկնագողության դեպքերին»,- նշեց Վահե Ղազարյանը։

Ջրային պարեկների առկայությունն, ըստ նախարարի, կանխարգելիչ նշանակություն կունենա։ Պարեկային ծառայության ջրային ստորաբաժանումը կգործի վաշտի կարգավիճակով, նախնական 95 հաստիքով։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ ջրային պարեկության ներդրման պահից ապօրինի որսը գործնականում դառնալու է անհնարին։

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կազմում մասնագիտացված պարեկային ստորաբաժանման ստեղծմամբ իրականացվելու է ջրային պարեկության ծառայություն, որի շրջանակներում այդ ստորաբաժանմանը վերապահվելու են մի շարք գործառույթներ:

Առաջարկվող լրացման և փոփոխության արդյունքում կնախատեսվեն անհրաժեշտ իրավական կարգավորումներ պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման ծառայողի կողմից իր պարտականությունները պատշաճ կատարելու համար։ 

Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը կհամարվի անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter