Վարչապետն ահազանգում է. «Վտանգված է Արարատյան դաշտավայրի գյուղացիական համալիրը»
Գործադիրն այսօրվա նիստում հավանություն է տվել «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ ակնկալվում է ոռոգման ջուր մատակարարել Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերին։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առնչությամբ նշել է, որ այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել ջրի սակավության պատճառով։ «Վտանգված է Արարատյան դաշտավայրի գյուղացիական համալիրը»,- հավելել է նա։ - Մեկ հեկտարի ջրի պահանջարկի հաշվարկ է իրականացվել։ Պարզվել է, որ այն ջրային պաշարը, որ մենք այս պահին ունենք, շատ արագ սպառվելու է։ Եթե ցանկանում ենք ապահովել ոռոգման ջրի նորմալ մատակարարումը, պարտադրված ենք լինելու Ազգային ժողովից թույլտվություն ստանալ և լրացուցիչ 150 մլն խորանարդ մետր ջուր վերցնել Սևանա լճից, որպեսզի գյուղատնտեսությունում խնդիր չունենանք»։
Տիգրան Սարգսյանը ջրպետկոմի ղեկավարությանը հանձնարարել է ստեղծված իրավիճակը քննարկել Վլադիմիր Մովսիսյանի գլխավորած Սևանի հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի հետ, հաշվի առնել այնտեղ արված հաշվարկները, ապա նոր ձեռնարկել անհրաժեշտ քայլեր։
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել