
Իտալացիները` Սյունիքում. Էկոտուրիզմի հեռանկարները
Մի քանի օր է, ինչ իտալուհի Նադիա Պասկուալը (Nadia Pasqual) Սյունիքի մարզում է, բայց արդեն հայերեն շեշտադրությամբ է հնչեցնում «Գորիս, Քարահունջ, Կապան…» բառերը: Նա Հայաստան է եկել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) EDMC (Enterprise development and Market Competitivness` Ձեռնարկությունների զարգացում և շուկայի մրցունակություն) ծրագրի շրջանակներում` որպես կարճաժամկետ խորհրդատու և նպատակ ունի Սյունիքի մարզում խթանել էկոտուրիզմը:
Սյունիք եկող ապագա զբոսաշրջիկների դերում Ն.Պասկուալը տեսնում է հատկապես իր հայրենակիցներին: Ասում է` տարիներ առաջ Իտալիայից ընդամենը մեկ ուղիղ չվերթ կար դեպի Հայաստան: Այժմ մեկի փոխարեն չորսն են. իտալացիներին Հայաստան բերելու ճանապարհները շատացել են, մնում է` նրանց այստեղ հասցնելու ուղիներ մշակել: Դրանցից մեկն էլ Հայաստանի մասին պատմող 400 էջանոց իտալերեն տեղեկագիրքն է, որը Ն. Պասկալը վերջերս է պատրաստել EDMC ծրագրի շրջանակներում:
«Այժմ իմ աշխատանքն է գնահատել և զեկույց պատրաստել, թե ինչպիսին է իրավիճակն այս մարզում` ազգային պարկերը, հարմարությունները, հյուրանոցները, սնունդը, պատմական և մշակութային վայրերը, հուշարձանները, վանքերը: Ես պետք է գնահատեմ այս ամենը և մշակեմ առավել արդյունավետ տարբերակներ զբոսաշրջիկների` Սյունիք այցելելու պահանջարկը խթանելու համար», - ասում է Ն. Պասկուալը:
Իտալուհին ընդունում է, որ սյունյաց արժեքները գնահատելիս հանքերը շրջացնելու անհրաժեշտություն է առաջանալու. Սյունիքում անցկացրած այս մի քանի օրվա ընթացքում արդեն լսել է, որ հանքարդյունաբերությունը տարածքի աղտոտվածության պատճառ է դառնում, բայց կարծում է, որ դա էկոտուրիզմը խոչընդոտող լուրջ հանգամանք չի կարող լինել: «Որովհետև միևնույն ժամանակ Սյունիքն ունի շատ կուսական վայրեր` անտառները, ազգային պարկերը, որոնք շատ մաքուր են»,- պատճառաբանում է նա:
Հանքարդյունաբերություն-էկոտուրիզմ պայքարում Ն. Պասկուալը հաղթողի դերում է տեսնում էկոտուրիզմը : «Հանքարդյունաբերությունը աշխատանք է, այն ապահովում է եկամուտ, բայց մյուս կողմից էլ աղտոտում է երկիրը, շրջակա միջավայրը, այնպես որ եթե տեղացիները ավելի շատ եկամուտ ունենան զբոսաշրջությունից, այն կլինի այլընտրանք տնտեսության մեջ»: Նրա կարծիքով` էկոտուրիզմը կդառնա տեղացիների` եկամուտ ստանալու հիմնական աղբյուրը, որովհետև այն նաև «բնական աղբյուր է»: «Ստեղծել եկամուտ և միևնույն ժամանակ պահպանել բնությունը. սա է մեր ուղղությունը»,- ասում է Ն. Պասկուալը:
Նրա խոսքով` Սյունիքի մարզում իտալացի զբոսաշրջիկների թիվը նախորդ տարիների համեմատությամբ շատացել է. հիմնավորումներից մեկն այն է, որ «Սյունիքը էկոտուրիզմի մեծ պոտենցիալ ունի», իսկ մյուսը` «հայերն ու իտալացիները շատ ընդհանրություններ ունեն»:
«Իտալացիները սիրում են Հայաստանը: Երբ նրանք գալիս են այստեղ, ընդհանուր շատ բաներ են գտնում իրենց և հայերի միջև` պատմությունն ու մշակույթը, մտածելակերպը, և զարմանում են, որովհետև մինչ այդ չգիտեին: Նրանք շատ են սիրում հատկապես հայկական ճաշատեսակները»,- ասում է նա:
Իտալիայում գործող տուր-օպերատորները, նրա խոսքով, շահագրգռված են իրենց հաճախորդներին առաջարկել վայրեր, որոնք դեռևս բացահայտված չեն: «Սյունիքն այս առումով նրանց համար լավ տարբերակ է, որովհետև նույնիսկ Հայաստանում բոլորը չեն ճանաչում Սյունիքը, եվրոպացիների համար այն նոր է և ընդհանրապես չբացահայտված»,- ասում է նա:
Հ.Գ. Նադիա Պասկուալը առաջին անգամ Հայաստան է եկել 2007թ. USAID-ի (ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության) CAPS (Competitive Armenian Private Sector` Հայաստանի մրցունակ մասնավոր հատված) ծրագրի շրջանակներում: USAID-ի` այս տարի մեկնարկած EDMC ծրագիրը փոխարինում է CAPS-ին:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել