
«Սյունիք» օդանավակայանի շինարարության, գույքի և ինքնաթիռի գնման համար ներդրվել է ավելի քան 10 մլրդ դրամ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանրային կապերի բաժինն ապրիլի 26-ին իրականացված Երևան-Կապան առաջին փորձնական չվերթի վերաբերյալ որոշ պարզաբանումներ է հրապարակել։ Այն ներկայացնում ենք ստորև․
«Չվերթն իրականացվել է «Նովեյր» ավիաընկերության կողմից՝ L410 չեխական արտադրության ինքնաթիռով, որը պատկանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին։
«Սյունիք» օդանավակայանի շինարարությունը, գույքի և ինքնաթիռի ձեռքբերումը, պահպանման ծախսերն իրականացվել են և այժմ իրականացվում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով:
Ավելի քան`
- 2,5 միլիարդ դրամ՝ օդանավակայանի, թռիչքուղու և այլ ենթակառուցվածքների կառուցման
- 300 միլիոն դրամ՝ գույքի ձեռքբերման, վերապատրաստման և օդանավակայանի այլ ծախսերի համար
- 7 միլիարդ դրամ՝ օդանավի ձեռքբերման և պահպանության ծախսերի համար։
Այսպիսով՝ ընդհանուր առմամբ օդանավակայանի շինարարության, գույքի և ինքնաթիռի ձեռքբերման համար ներդրվել է ավելի քան 10 միլիարդ դրամ՝ բացառապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տրամադրած միջոցներով։
Ապրիլի 26-ին առաջին անգամ իրականացված «Զվարթնոց»-«Սյունիք» չվերթը փորձնական էր։ Կանոնավոր չվերթերի հնարավորության մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի համապատասխան մարմինների կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել