HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանցի «էկոակտիվիստները» ժամանակավորապես բացում են Շուշի-Քարին Տակ ավտոճանապարհը

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ ադրբեջանցի, այսպես կոչված, «էկոակտիվիստները», որոնք 2022 թվականի դեկտեմբերից Շուշի-Քարին տակ հատվածում փակել էին Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին, հայտարարել են, որ «ժամանակավորապես դադարեցնում են բողոքի ակցիան»։

APA գործակալությունը գրում է, որ ապրիլի 28-ին «Ադրբեջանի պետական իշխանության ներկայացուցիչները հերթական անգամ հանդիպել են բողոքի ակցիայի մասնակիցների հետ»։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Շուշիի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդըն Քերիմովը նշել է, որ «ապրիլի 23-ին ստեղծվել է նոր իրավիճակ՝ Հայաստանի հետ սահմանին, Լաչին-Խանքենդի (Ստեփանակերտի ադրբեջանական անվանումը-խմբ.) ճանապարհի սկզբին Պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից հսկիչ անցագրային կետի ստեղծմամբ»։ Ըստ ադրբեջանական գործակալության՝ Քերիմովը ««էկոակտիվիստներին» առաջարկել է դադարեցնել բողոքի ակցիան»։

APA-ի փոխանցմամբ՝ «էկոակտիվիստները» նշել են, որ «բողոքի ակցիան չի հասել իր առջև դրված նպատակներին»։ «Նրանք ևս մեկ անգամ ընդգծել են, որ խաղաղապահ անձնակազմի հրամանատարությունից պահանջվում է վերջ դնել բնական ռեսուրսների անօրինական արդյունահանմանը <...> և Ադրբեջանի համապատասխան կառույցների համար հնարավորություն ապահովել մշտադիտարկում իրականացնելու»,- գրում է ադրբեջանական այդ լրատվամիջոցը։

Հանդիպումից հետո, այսպես կոչված, «էկոակտիվիստները» հայտարարություն են տարածել, որտեղ նշել են, որ 2023 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 18:00-ից, ժամանակավորապես կդադարեցվի բողոքի ակցիան։ 

Ադրբեջանական կողմը, սակայն, չի նշել, թե արդյոք ճանապարհին տեղադրված արգելապատնեշներն ու վրանները կհեռացվեն, թե՝ ոչ։ Հայկական կողմը դեռևս մեկնաբանություն չի տարածել այս առնչությամբ։

Ադրբեջանցի, այսպես կոչված, «էկոակտիվիստները», որոնցից շատերը իշխանամետ հասարակական կազմակերպությունների կամ շարժումների ներկայացուցիչներ էին, 138 օր շարունակ փակ էին պահում Արցախը Հայաստանին կապող գլխավոր ճանապարհը։ 

Հ.Գ. նյութի վերնագիրը փոխվել է 

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter