
Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը տոնել է Թագավորի օրը
Ապրիլի 27-ին Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը բազմաթիվ բարձրաստիճան հյուրերի՝ Հայաստանի կառավարության, երկրում գործող դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, գործընկերների ու ընկերների հետ միասին տոնել է Թագավոր Վիլեմ Ալեքսանդրի ծննդյան օրը։ Այս մասին հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը։
«Koningsdag-ը՝ Թագավորի օրը կամ Թագավորի ծննդյան օրը՝ ազգային տոն է, որն ուղղակիորեն կապ ունի միապետի ծննդյան օրվա հետ, ու ազգային միասնություն և համերաշխություն է խորհրդանշում։ Նիդերլանդացիներն այդ օրը հագնում են նարնջագույն հագուստ, որը Օրանական Նասաու արքայատոհմի ընտանեկան գույնն է։
Ապրիլի 27-ին երեխաները տոնավաճառներ են անցկացնում՝ խաղալիքների առևտրի համար, իսկ թագավորն ու իր ընտանիքն այցելում են Նիդերլանդների մեկ կամ երկու քաղաքներ, այս տարի՝ երկրորդ ամենամեծ քաղաքը՝ Ռոտերդամը, որտեղ ավանդական նիդերլանդական խաղերի, պարերի և երաժշտության, ինչպես նաև բազմամշակութային հասարակության մյուս ներկայացուցիչների մշակութային բանահյուսության ցուցադրություններ են լինում։
Դեսպան Նիկո Սխերմերսը նշել է, որ հիմնադրումից ի վեր երկրորդ անգամ դեսպանատունը տոնում է Koningsdag-ը Հայաստանում՝ աշխարհի, տարածաշրջանի ու Հայաստանի համար դժվար ժամանակներում։
«Հայաստանը դրական բացառություն է ու հույսի փարոս մռայլ ժամանակներում, ինչը ողջունելի է: Երկիր, որն ունի խելամտություն՝ ճանաչելու միջազգային իրավական կարգի կարևորությունը և քաջություն դրան ինտեգրվելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու: Ավելորդ է ասել, որ Նիդերլանդների Թագավորությունը, որպես միջազգային իրավունքի հիմնադիր, պատրաստ է աջակցել Հայաստանին այդ ջանքերում»,- իր ելույթի խոսում նշել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը։
Թագավորի օրվա տոնակատարությանը ներկա Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր երկրի կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների կառավարությանը և բարեկամ ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ:
«Նիդերլանդները Եվրոպական միության երկրների շարքում Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկն է, և պետք է երկուստեք ջանքեր գործադրել հայ-նիդերլանդական առևտրատնտեսական համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ»,- իր ելույթում նշել է Մհեր Գրիգորյանը:
Թագավորի օրվա տոնակատարությունն անցել է ջերմ ու բարեկամական մթնոլորտում, հյուրերը հնարավորություն են ունեցել առնչվելու նիդերլանդական հյուրասիրությանն ու համտեսել հոլանդական պանիրը, գարեջուրը և բիթեռբալլենը»,- ասված է դեսպանատան հաղորդագրությունում։
Լուսանկարներն՝ Անի Սարգսյանի
Մեկնաբանել