HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանքավանի գեղատեսիլ ձոր. վերջի սկիզբը

Այսօր Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի յուրաքանչյուր նոր զարգացում աներկբա հասարակության կողմից ընկալվում է որպես գույժ:

Դրա պատճառները նման փոքր տարածք ու խիտ բնակչություն ունեցող երկրի համար, ակնհայտ են:

Օվշորային ներդրումների ու օլիգարխիկ շահերի սպասարկման արդյունքում մենք կստանանք կարճաժամկետ ու կասկածելի տնտեսական էֆեկտ և այդ ամենի դիմաց`

  • դեմոկլյան սրի պես սերունդների գլխին կախված հարյուրավոր հեկտարներ զբաղեցնող թունավոր պոչամբարներ;
  • բնական միջավայրի խաթարում, ապականում ու ավեր;
  • ոռոգման ու խմելու ջրերի աղտոտում` կոնցեռագեն ծանր մետաղներով ու թունավոր նյութերով;
  • մշակովի, բերրի հողերի, խոտհարքերի, արոտավայրերի անապատացում ու անտառային տարածքների ամայացում;
  • օդային ավազանի թունավորում:

Նման սահմռկեցուցիչ տեսարանների ականատեսը կդառնանք մի քանի տարի անց` այցելելով Հայաստանի` թերևս ամենագեղեցիկ` փարթամ անտառներով, քաղցրահամ ու թերմալ ջրերով հարուստ, բազում սերունդների պատանեկան երազների օրրան` Հանքավանի ձոր:

Մի քանի հանրագիտարանային տեղեկություններ մեջբերենք Հանքավանի ձորի մասին:

Ինչպես հայտնի է, այն գտնվում է Հայաստանի կենտրոնական հատվածում` տարածվելով Փամբակի լեռնաշղթայի հարավային ու Ծաղկունյաց լեռնաշղթայի հյուսիսարևելյան ու հյուսիսային լանջերն ի վար, դեպի Մարմարիկ գետը` իր բազմաթիվ վտակներով:

Տարածքում գրանցված են Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների լանջերին գտնվող Կովկասյան մրտավարդենու, Հանքավանի ջրաբանական, Արզականի և Մեղրաձորի, Մարգահովիտի պետական արգելավայրերը, ինչպես նաև` Դիլիջանի ազգային պարկը: Ավելացնենք նաև, որ ձորը նշանակելի հանգստյան և առողջարանային գոտի է, որտեղ կառուցված են մի քանի տասնյակ հանգստյան տներ, ճամբարներ, իսկ հանքային թերմալ ջրերի ու ցեխերի բազայի վրա գործում են առողջարաններ: Վերջերս ՀՀ նախագահի ձեռամբ բացվեց Մարմարիկի հսկայական ջրամբարը, որի ջրերի ծփանքը, անկասկած, նոր հմայք ու գրավչություն են հաղորդում արդեն եղածին:

Սակայն, դառնանք մեր երազներից ու հիացական ոգևորությունից առ մեր հայրենի հարուստ բնաշխարհը, ինչը խելամիտ գործածության պարագայում կարող էր նաև մեր երեխաներինն ու թոռներինը լինել, և փորձենք նկարագրել, ի±նչ է սպասվում Հայսատանի այս գողտրիկ անկյունին:

Եվ այսպես, ցայս պահը հանքարդյունահանման նախապատրաստական գործընթացներ են ծավալվում.

ա.  «Հրազդանի մոլիբդենի հանքավայրը» «Գոլդեն օրե» ՇՄԱԳ

Գտնվում է Հանքավան գյուղից 250մ հարավ-արևմուտք, Մարմարիկ գետի վերին հոսանքում: Հանքային մարմինը ձգվում է Մարմարիկի աջ ափով: Հանքավայրի մակերեսը կազմում է 10 կմ2: Հանքավայրը կից է վերը նշված 4 հատուկ պահպանվող տարածքներին, որոնցից «Հանքավանի ջրաբանական պետական արգելավայրը¦ գտնվում է հանքավայրից ընդամենը 1.3 կմ հեռավորության վրա: Հանքարդյունահանումը նախատեսվում է իրականացնել բաց եղանակով: Հանքահանման ամբողջ տարածքը կկազմի մոտ 280 հա: Հանքավայրի շահագործման ընթացքում կվնասվի առնվազն 100 հա անտառային տարածք:

բ. Թեժ սարի նեֆելինային սիենիտների հանքավայր

«Ալումինա քորփորեյշն» ՍՊԸ

Հանքավայրը գտնվում է Մեղրաձոր և Արտավազդ գյուղերի միջնամասում, Թեժ լեռան արևելյան ու հարավային լանջերին:

Հանքավայրի ընդհանուր տարածքը (Թեժագետի և Հարավային տեղամասեր) 125հա, նախատեսվում է շահագործել բաց եղանակով: Հանքավայրի մոտակա բոլոր ձորակներն ու հարթությունները օգտագործվելու են ջարդիչ-տեսակավորող կայանքի, մակաբացման, բերվածքային ապարների ու պոչամբարների համար:

Հանքավանի հանքային դաշտ

գ. «Այա Պավլե» տեղամասի ոսկու հանքավայր

դ. «Սառնաղբյուր»-ի ոսկու հանքավայր

ե. «Ցից քար»-ի ոսկու հանքավայր

Մեղրաձորի հանքային դաշտ

զ. «Զառ»-ի տեղամասի ոսկու հանքավայր

է. «Արջասար»-ի ոսկու հանքավայր

ը. «Նոր»-ի ոսկու հանքավայր

թ. «Լուսաջուր»-ի ոսկու հանքավայր

ժ. «Հարավային մաս»-ի ոսկու հանքավայր

Նշված բոլոր հանքավայրերի պեղումներն ու ուսումնասիրությունները, ինչպես նաև շահագործման տեխնիկա-տնտեսական հիմնավորումները իրականացվել են դեռևս նախորդ դարի 1960-1980-ականթվականներին, սակայն բանը դրանց շահագործմանը չի հասել` հաշվի առնելով այն բացասական հետևանքները, ինչը կարող էին թողնել բաց եղանակով արդյունահանվող հանքերը լեռներով պարփակված փոքրիկ այս ձորակի վրա, որը, ինչպես նշեցի, հարուստ է անտառներով, հազվագյուտ թփերով ու բուսատեսակներով, ծաղկաշատ մարգագետիններով, քաղցրահամ ու հանքային աղբյուրներով, թերմալ բուժիչ ջրերով ու ցեխերով: Տարածքը հանդիսանում է միջազգայնորեն ճանաչված ջրագոյացմանեզակի միջավայր, իսկ Մարմարիկ գետը` իր բազմաթիվ վտակներով,Արարատյան դաշտի ոռոգման, ասել է թե, Սևանի ջրերի խնայողական գործածության կարևոր գործոն է:

Նման քանակի հանքերի շաահագործումը խիստ կործանարար նախաձեռնություն է ոչ միայն տարածաշրջանի գյուղերի (Աղավնաձոր, Մեղրաձոր, Արտավազ, Փյունիկ, Հանքավան), Ծաղկաձոր ու Հրազդան քաղաքների բնակչության` նրանց սերունդների, այլև ողջ հանրապետության ազգաբնակչության համար:

Այսօրինակ սպառողական վերաբերմունքը զբոսաշրջության, առողջարարական ու հանգստի կազմակերպման հարուստ ավանդույթներ ու զարգացման լուրջ հեռանկարներ ունեցող տարածաշրջանի նկատմամբ միանշանակ պետք է դիտարկվի որպես ոտնձգություն ազգային անվտանգության ու Հայաստանի ապագայի հանդեպ:

Մովսես Մանուկյան

«Առողջ Հրազդան»  բնապահպանական հասարակական նախաձեռնության խմբի անդամ

Մեկնաբանություններ (1)

nene
Աստված սրանց սրտերն կենդանացնի,որ մեր փոքրիկ երկիրը սիրեն,այլ ոչ թե մամոնայի զոմբիներ ձևավորվեն վերջնականապես;Աստված օգնի Հայաստանիս և ողջ աշխարհին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter