HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախցի պատգամավոր․ «Ադրբեջանը «էկոակտիվիստների» փոխարեն զինվորականներ է իջեցրել Շուշիի հատվածում»

Երկու օր առաջ ադրբեջանցի «էկոակտիվիստները» հայտարարել էին, թե ժամանակավորապես դադարեցնում են իրենց բողոքի ակցիան Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Շուշիի հատվածում։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից նրանք փակել էին Հայաստանն Արցախին կապող միակ մայրուղին։

Արցախի ԱԺ պատգամավոր, իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արամ Հարությունյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ այն բանից հետո, երբ ադրբեջանցիներն ապրիլի 23-ին Հակարի գետի կամրջի մոտ փակել են ճանապարհն ու անցակետ տեղադրել, տրամաբանական է, որ Ադրբեջանն այդ «էկոակտիվիստների» կարիքն այլեւս չունի։

«Բայց մյուս կողմից՝ Շուշիի այդ հատվածում զինվորականներ են իջեցրել, այս պահին չգիտեմ՝ արդյոք փոփոխվել է վիճակը, թե ոչ, որովհետեւ Ադրբեջանը հաճախ ինչ ուզում, անում է։ Արդյունքում Լաչինի միջանցքը մնում է փակ, որեւէ բան չի փոխվել»,- ասում է արցախցի պատգամավորը:

Նրա խոսքով՝ քանի որ «էկոակտիվիստներն» Ադրբեջանի կառավարությունից ֆինանսավորվող մարդիկ էին, որեւէ փոփոխություն չկա, Բաքուն նրանց պարզապես այլ անձանցով է փոխարինել։

«Հետքի» զրուցակիցն ասում է, որ անցակետը հանելը շատ բարդ գործընթացն է, եւ հույս դնել, թե մինչ օրս կիրառվող դիվանագիտական նույն գործիքակազմով կարող են Ադրբեջանին ստիպել հետքայլ անելու, իրատեսական չէ։ Ըստ Հարությունյանի՝ Ադրբեջանը միայն այն դեպքում քայլեր կձեռնարկի, երբ միջազգային ճնշում գործադրվի նրա վրա, ինչպես օրինակ, պատժամիջոցներ կիրառեն։

Հակարիի կամրջին անցակետի տեղադրմամբ Շուշիի շրջանի 4 գյուղերի (Եղցահող, Լիսագոր, Հին Շեն, Մեծ Շեն) կապը Սյունիքի հետ կտրվել է։ Այդ գյուղերը կապ չունեն նաեւ Ստեփանակերտի հետ ու ամբողջովին հայտնվել են շրջափակման մեջ։

«Կոպիտ ասած՝ իրենց մոտ կրկնակի շրջափակում է, բայց քանի որ մեր ապրանքների մատակարարումը ռուսների կամ Կարմիր խաչի միջոցով է իրականացվում, եւ ճանապարհն անցնում է այդ գյուղերով, այն խնդիրները, որոնք Ստեփանակերտում լուծում ենք, նաեւ իրենց մոտ ենք լուծում»,- նշում է արցախցի պատգամավորը։

Վերջինիս փոխանցմամբ՝ անցակետի տեղադրումից հետո հումանիտար բեռների տեղափոխման խնդիր կար մի քանի օր, ինչը, ըստ Հարությունյանի, ՌԴ խաղաղապահների եւ Կարմիր խաչի միջոցով կարգավորվեց։ «Խնդիրն այն է, որ մինչ այդ Ադրբեջանը ստիպված էր գոնե արտաքին աշխարհի համար թաքնվել «էկոհասարակության» հետեւում, թե իբր քաղաքացիական հասարակությունն է արել, իշխանությունը որեւէ առնչություն չունի, եւ նույնիսկ Հաագայի դատարանի որոշումը չէին կատարում՝ պարզաբանելով, որ չունեն ազդեցություն իրենց քաղակտիվիստների վրա։ Փաստացի որոշման մեջ նշված է, որ Ադրբեջանը պետք է իրենից կախված ամեն ինչ անի, որպեսզի ապահովի երթեւեկությունը։ Բայց այսօր իշխանության ուղիղ միջամտությամբ, առանց ինչ-որ բանի հետեւում թաքնվելու անցակետ են տեղադրում՝ արհամարհելով բոլոր միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ Հաագայի դատարանի որոշումը եւ, իհարկե, առաջնահերթ նոյեմբերի 9-ի որոշումը»,- ասում է Արամ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը նախ փոքր գործողությամբ է ստուգում ազդեցությունը կամ հակազդեցությունը, երբ տեսնում է, որ այդքան էլ զգալի չէ, շարունակում է։ «Հետքի» զրուցակիցը հիշեցնում է, որ երբ 2022 թ. դեկտեմբերի 3-ին փորձեցին ճանապարհը փակել, հասկացան, որ լուրջ ճնշում չկա, ու 9 օր անց արգելափակեցին։ Եվ ավելի քան 3 ամիս փակ պահելով ճանապարհը, տեսնելով, որ միջազգային հանրության, Ռուսաստանի կողմից այդքան մեծ ճնշում չկա՝ մարտի 27-ին ադրբեջանական ստորաբաժանումը առաջ է եկել Ստեփանակերտ-Լիսագոր միջհամայնքային գրունտային ճանապարհի ուղղությամբ։ Իրենց հերթին միջազգային դերակատարները բավարարվել են քննադատական գնահատականներով կամ հայտարարություններով։ Արցախցի պատգամավորն ասում է՝ Ադրբեջանը, տեսնելով, որ իր բոլոր գործողություններն անպատիժ են մնում, ապրիլի 23-ին ակնհայտ սադրանքի գնաց՝ զորք մտցնելով Լաչինի միջանցք եւ անցակետ տեղադրելով այնտեղ։

Արամ Հարությունյանը նշում է, որ 2020 թ. հետո Ադրբեջանը պարբերաբար խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը եւ անպատիժ է մնում՝ փաստացի որեւէ նահանջ չկատարելով։ Մեր զրուցակիցը նկատում է, որ լավատեսության հիմք չկա, հատկապես երբ Ադրբեջանը նախագահի մակարդակով արդարացնում է իր քայլը՝ հայտարարելով, իբր թե ստիպված էր գնալ դրան։ Առհասարակ Ադրբեջանն ինչ-որ գործողություն անելուց առաջ տեղեկատվական ֆոն է փորձում ստեղծել արտաքին աշխարհի համար։

«Անկեղծ, չեմ կարող պատկերացնել, թե ոնց կարող է Ռուսաստանն անվտանգ երթեւեկություն ապահովել Արցախի բնակչության համար, եթե միջանցքում լինեն ադբեջանցիներ։ Սա որակում եմ որպես Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության շարունակություն, եւ նրանց նպատակը հոգեբանական ճնշում ստեղծելն է, որպեսզի մարդիկ որոշում կայացնեն եւ իրենց հայրենիքը լքեն»,- ասում է Ա. Հարությունյանը։

Արցախի ԱԺ ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն էլ նշում է, որ ավելի քան 4 ամիս տեւող շրջափակման մեջ գտնվող Արցախում խուճապ չկա, փոխարենը փորձում են լուծումներ գտնել։ «Մարդիկ հույս ունեն, որ Հայաստանում ապրող մեր հայրենակիցներն Արցախը մենակ չեն թողնի եւ մի օր կարթնանան ու կմերժեն ոչ հայանպաստ իշխանություններին, որոնք այսօր 120 հազար բնակչության կյանքը շահարկում են Ռուսաստանի Դաշնության հետ իրենց հարաբերություններն ավելի վատացնելու մեղադրանքով, չեն փորձում կոմպրոմիսների գալ եւ համատեղ լուծումներ գտնել»,- ասում է պատգամավորը։

Թե ինչ ելք է տեսնում ստեղծված իրավիճակից, Գալստյանը պատասխանում է․ «Պարտված, ոչ հայանպաստ իշխանությունների հետ այլ ելք չկա։ Այդ իշխանություններից օր առաջ պետք է ազատվել։ Եթե այդպես շարունակվի, ապա Ալիեւ-Փաշինյան համատեղ ծրագիրը կյանքի է կոչվելու, այն է՝ Արցախը բռնակցել Ադրբեջանին»։

Լուսանկարը՝ արխիվային, APA գործակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter