HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ընդգծել է Լաչինի միջանցքի բացման կարևորությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի օրը՝ ապրիլի 30-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է մասնավոր տրանսպորտի համար Լաչինի միջանցքի շուտափույթ բացման կարևորությունը և մտահոգություն հայտնել այնտեղ ադրբեջանական հսկիչ-անցագրային կետի տեղակայման վերաբերյալ։ Այդ մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերի հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ Բլինքենը զրուցել է Ալիևի հետ, որպեսզի «ընդգծի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների կարևորությունը և խոստացել ԱՄՆ կողմից հետագա աջակցության տրամադրում»։ Բլինքենը վստահություն է հայտնել, որ «խաղաղությունը հնարավոր է»։

«Նա նաև Միացյալ Նահանգների խորը մտահոգությունն է հայտնել այն մասին, որ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ՀԱԿ-ի ստեղծումը խարխլում է խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում վստահության ամրապնդման փորձերը ու ընդգծում, որքան հնարավոր է արագ, Լաչինի միջանցքի բացման կարևորությունը՝ առևտրային ու մասնավոր տրանսպորտի համար»,- հայտնել է Միլերը։

Ադրբեջանական կողմը ևս հաղորդագրություն է տարածել այս հեռախոսազրույցի վերաբերյալ։ Ըստ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության՝ Ալիևը Բլինքենին հայտարարել է, որ Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետի տեղակայումը «համապատասխանում է միջազգային կանոններին»։

«Հայ-ադրբեջանական սահմանին «Լաչին» հսկիչ-անցագրային կետի շինարարության հետ կապված նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այդ անցակետի տեղակայումն իրականացվել է Ադրբեջանի սուվերեն իրավունքների շրջանակներում և միջազգային բոլոր կանոններին համապատասխան»,- նշվում է հաղորդագրությունում։

Ադրբեջանական կողմը նշում է, թե, իբր, անցակետի տեղակայումը «խնդիր չունի սահմանափակելու երթևեկությունը, այլ հակառակը` ապահովում է վերահսկողության իրականացում»։ Ադրբեջանական կողմը պնդում է նաև, թե, իբր, «Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները կապահովվեն Ադրբեջանի սահմանադրության ու միջազգային փաստաթղթերի շրջանակներում»։ Հաղորդագրության համաձայն՝ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը «աջակցում է Հայաստանի հետ խաղաղության օրակարգին»։

Ավելի վաղ, Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել էին տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրությանը:

«Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Վարչապետը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ»,- ասված էր հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter