
Ռուսական բանակը հրթիռակոծել է Ուկրաինայի տարածքը. 18 հրթիռից 15-ը խոցվել է
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը մայիսի 1-ի գիշերը հրթիռակոծել են Ուկրաինայի տարածքը։ Ինչպես հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի հրամանատար Վալերի Զալուժնին, ընդհանուր առմամբ, արձակվել է 18 հրթիռ, որից 15-ը հաջողվել է խոցել։
Ինչպես տելեգրամյան իր ալիքում գրել է Զալուժնին, հրթիռները, գիշերը` տեղի ժամանակով 02:30-ին, արձակվել են ռազմավարական նշանակության ավիացիայից։ Մասնավորապես, Մուրմանսկի մարզի Օլենեգորսկի շրջանից (Ту-95 տեսակի 9 ինքնաթիռից) և Կասպից ծովի շրջանից (Ту-160 տեսակի 2 ինքնաթիռից)։
Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը հայտարարել է, որ մարզի Պավլոգրադի շրջանում, հրթիռակոծության հետևանքով, ըստ նախնական տվյալների, տուժել է 25 մարդ, այդ թվում` 3 երեխա։
Նրա խոսքով՝ Պավլոգրադում վնասվել է արդյունաբերական մեկ ձեռնարկություն, ինչպես նաև` 19 բարձրահարկ շենք, 25 մասնավոր տուն, ուսումնական և նախակրթական 6 հաստատություն, ինչպես նաև` 5 խանութ։
Հրթիռներն արձակվել են նաև Ուկրաինայի մայրաքաղաքի ուղղությամբ։ Կիևի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հայտարարել է, որ քաղաքի ուղղությամբ արձակված բոլոր հրթիռները հաջողվել է խոցել, զոհեր ու փլուզումներ չկան։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել