
Պարագվայում իշխող կուսակցության թեկնածուն ընտրվել է նախագահի պաշտոնում
Պարագվայում իշխող «Կոլորադո» պահպանողական կուսակցության թեկնածու, 44-ամյա տնտեսագետ Սանտյագո Պենյան հաղթել է նախագահական ընտրություններում։ Այդ մասին մայիսի 1-ի առավոտյան գրել է Deutsche Welle-ն։
Ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքներով, որը հրապարակվել է քվեաթերթիկների 96 %-ի հաշվարկից հետո, Պենյան հաղթել է՝ ստանալով ընտրություններին մասնակցածների ձայների 42,8 %-ը։ Նրա մրցակիցը՝ ձախ կենտրոնամետ ճամբարի ներկայացուցիչ Էֆրիան Ալեգրեն ստացել է ձայների 27,5 %-ը։
Պետության գործող ղեկավար Մարիո Աբդո Բենիտեսն արդեն իսկ շնորհավորել է Պենյային՝ նրան անվանելով «ընտրված նախագահ»։
Պարագվայի քաղաքական համակարգում նախագահն ունի կենտրոնական դեր՝ հանդիսանալով նաև կառավարության ղեկավարը։
Felicitaciones al pueblo paraguayo por su gran participación en esta jornada electoral y al presidente electo @SantiPenap. Trabajaremos para iniciar una transición ordenada y transparente, que fortalezca a nuestras instituciones y a la democracia del país.
— Marito Abdo (@MaritoAbdo) April 30, 2023
«Կոլորադո» պահպանողական կուսակցությունը ապրիլի 30-ին կայացած խորհրդարանական և նահանգային ընտրություններում ևս մեծ թվով ձայներ է ստացել։
Պարագվայն աշխարհի այն 13 երկրներից է, որը պաշտոնական դիվանգիտական հարաբերություններ ունի Թայվանի հետ։ Թայվանն առաջիններից է, որ շնորհավորել է Պենյային՝ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Սպասվում է, որ Սանտյագո Պենյան Պարագվայի նախագահի պաշտոնը կստանձնի օգոստոսի 15-ին։
Լուսանկարը՝ REUTERS/Agustin Marcarian
Մեկնաբանել