
Զելենսկին ու Մակրոնը քննարկել են Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության հարցերը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության հարցերը։ Հեռախոսազրույցի մասին երկու կողմերն էլ հայտնել են։
Զելենսկու խոսքով՝ հեռախոսազրույցը եղել է երկար և բովանդակալից։ Ուկրաինայի առաջնորդն ընդգծել է, որ համաձայնեցվել են առկա հարցերի շուրջ դիրքորոշումները, ինչը կապված է շարունակվող պատերազմի ու դրա կանխարգելման ուղիների հետ։
«Ես երախտապարտ եմ Ֆրանսիային ու անձամբ Էմանուելին՝ մեր երկրին ու մեր ժողովրդին աջակցելու համար»,- ապրիլի 30-ի երեկոյան տեսաուղերձում ասել է Զելենսկին։ Նա Ֆրանսիային շնորհակալություն է հայտնել նաև Ուկրաինային զենքի մատակարարման խոստումների համար։
Ելիսեյան պալատն իր հերթին հայտնել է, որ Մակրոնը Զելենսկու հետ հեռախոսազրույցում հաստատել է Ֆրանսիայի աջակցությունն Ուկրաինային և խոստացել թարմ տեղեկատվություն տրամադրել Կիևին ռազմական օգնության ցուցաբերման հարցում Եվրոպայի գործողությունների համակարգման վերաբերյալ։
Զուգահեռաբար, ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը վստահություն է հայտնել, որ ԵՄ-ն մի քանի օրվա ընթացքում կավարտի Ուկրաինայի համար սպառազինության ձեռքբերման պլանի մշակումը։
Լուսանկարը՝ Alexey Furman/Getty Images
Մեկնաբանել