
Ուկրաինան վերադարձրել է Բախմուտում կորցրած մի շարք դիրքեր
Ուկրաինայի զինված ուժերը Լիմանի ուղղությամբ կարողացել են հետ մղել ռուսական հարձակումները և գերեվարել ռուսաստանցի 10 զինծառայողի, իսկ Բախմուտում տարածքային պաշտպանության ուժերը հակահարձակման են անցել՝ կարողանալով վերադարձնել նախկինում կորցրած մի շարք դիրքեր։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի տարածքային պաշտպանության ուժերի Military Media Center հարթակը՝ հղում անելով Ուկրաինայի զորքերի արևելյան խմբավորման հրամանատար Ալեքսանդր Սիրսկուն։
«Որպեսզի առաջ շարժվի, թշնամին կիրառում է առավելագույն ջանքեր և ոչինչ հաշվի չի առնում։ Չնայած էական կորուստներին, մարտի պարբերաբար նետվում են Վագների նոր գրոհիչ խմբեր, մասնավոր մյուս ընկերությունների մարտիկներ, դեսանտայիններ։ Սակայն քաղաքը (Բախմուտ-խմբ.) իր վերահսկողության տակ վերցնել թշնամուն չի հաջողվում»,- հայտարարել է Սիրսկին։
Ուկրաինացի զինվորականը հավելել է, որ Բախմուտում իրավիճակը բավականին բարդ է, իսկ քաղաքի առանձին հատվածներում ուկրաինական ստորաբաժանումները հակահարձակման են անցել և վերադարձրել նախկինում կորցրած մի շարք դիրքեր։
Սիրսկին նշում է, որ Բախմուտի ուղղությամբ շարունակվում են ինտենսիվ մարտական գործողությունները, սակայն ռուսական զինուժը չի կարողանում կոտրել ուկրաինական պաշտպանությունը։
Լուսանկարը՝ Associated Press-ի
Մեկնաբանել