
Հանրապետական սենատոր Թիմ Սքոթը հնարավոր է հայտարարի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Հարավային Կարոլինայից հանրապետական սենատոր Թիմ Սքոթը հայտարարել է, որ մայիսի 22-ին պատրաստվում է կարևոր հայտարարություն անել։ Այդ մասին հայտնել են CNN-ը, Associated Press-ը և Bloomberg-ը։
«Մենք կարևոր հայտարարություն կունենանք, և դուք կուզենաք այնտեղ ներկա լինել»,- Հարավային Կարոլինայի Չարլսթոն քաղաքում տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ հայտարարել է Սքոթը։ Նա հավելել է, որ «եկել է ժամանակը՝ անելու վերջին քայլը»։
Ինչպես նշում են պարբերականները, Թիմ Սքոթը ուղիղ չի ասել, որ հայտարարությունը կլինի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին։ Սակայն, ըստ լրատվամիջոցների, նա արդեն քայլեր է ձեռնարկել նախընտրական քարոզարշավի մեկնարկի համար։ Ավելի վաղ, Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Սքոթը պլանավորում է մինչև մայիսի վերջ հայտարարել 2024 թվականի ընտրություններին մասնակցելու մասին։
Թիմ Սքոթը Հանրապետական կուսակցության միակ աֆրոամերիկացի սենատորն է։ ԱՄՆ Սենատում աշխատելուց առաջ նա եղել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ու Հարավային Կարոլինայի ներկայացուցիչների պալատի անդամ։ Եղել է նաև Չարլսթոն շրջանի խորհրդի անդամ։
Ընտրություններին հանրապետական կուսակցությունից մասնակցելու մասին հայտարարել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, գործարար Վիվեք Ռամասվամին, Արկանզասի նախկին նահանգապետ Ասա Հաթչինսոնը և այլք։ Լրատվամիջոցները պնդում են, որ իր թեկնածության առաջադրման մասին կհայտարարի նաև Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանթիսը։
Լուսանկարը՝ Kent Nishimura/Los Angeles Times/Getty Images
Մեկնաբանել