HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Համայնքները հարկային արտոնություն են կիրառում․ ապառքները վճարողներին ազատում են հաշվարկված տույժերից

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) համայնքներում հարկերի հավաքագրման ցուցանիշներ չի հրապարակում, թերևս «գերազանց առաջադիմության» տպավորությունը չփչացնելու համար։ Մեծ թվով համայնքների ավագանու որոշումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանք սեփական եկամուտները հավաքագրելու դժվարություն ունեն։ Ավագանին պարբերաբար որոշումներ է կայացնում մի քանի տասնյակ քաղաքացիների վերաբերյալ՝ հողի, անշարժ գույքի և փոխադրամիջոցների հարկերը միանվագ վճարողներին ազատում են տույժերից։

Արտոնություն կիրառելու այս մեթոդը իբրև խրախուսո՞ւմ, թե՞ սպառնալիք են կիրառում համայնքներում, դժվար է ասել։ Սակայն, փաստ է, որ վարչական վարույթներով հարկերը բռնագանձելու մեթոդը, հիմնականում, փոխարինվել է զիջելու ճանապարհով հարկերը հավաքագրելուն։ Քանի որ հարկահավաքման այս մեթոդը լայն տարածում ունի համայնքներում, հասկանալի է, որ այն թելադրված է ՏԿԵ նախարարությունից։ Համայնքները միմյանցից անկախ չէին կարող այդպիսի քաղաքականություն իրականացնել։

Գավառ համայնքի ավագանին 2022թ․-ին «Սոցիալապես անապահով բնակիչների հարկային պարտավորությունների գծով արտոնություն սահմանելու կարգ» է ընդունել։ Համայնքի ավագանին անշարժ գույքի հարկերի գծով արտոնություններ սահմանում է հարկային պարտավորություններ չկատարելու հետևանքով հաշվեգրված տույժերի համար՝ մայր գումարի ապառքն ամբողջությամբ վճարելու պայմանով:

Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանին, օրինակ, 2023թ հունվարի 13-ի որոշումով անշարժ գույքի հարկի գծով տույժերի արտոնություն է սահմանել համայնքի կազմում ընդգրկված 17 գյուղի այն բնակիչների համար, որոնք ամբողջությամբ կվճարեն գյուղատնտեսական նշանակության հողերի 2020թ դեկտեմբերի 31-ի դրությամբ ունեցած ապառքը։

Ավագանու այս որոշումը, կարծես թե, նպատակին ծառայել է․ 2022թ բյուջեի կատարողականը հողի հարկի հավաքագրման ցուցանիշով աննախադեպ է եղել՝ 189,6%։ Համայնքի պաշտոնական կայքում ո՛չ 2022թ-ի, ո՛չ էլ 2023-ի տարեկան բյուջեները չեն հրապարակվել։ Տարբեր փաստաթղթեր համադրելով` մեզ հաջողվեց պարզել, որ Խոյ համայնքի 2022թ տարեկան բյուջեն հողի հարկի մասով պլանավորված էր՝ 35 մլն 185 հազար դրամ, կատարողականը կազմել է 66 մլն 724 հազար դրամ։ Հասկանալի է, որ կատարողականի բարձր ցուցանիշն ապահովվել է ապառքների հաշվին։

Համայնքապետարանը, սակայն չի առանձնացրել հողի հարկի տարեկան պլանը և ապառքները հավաքագրելու կանխատեսվող թիվը։ 2023թ-ի տարեկան բյուջեն հողի հարկի մասով պլանավորվել է 19 մլն 270 հազար դրամ։ Սա հողի հարկի իրակա՞ն բազան է, թե՞ այն թիվն է, որը հավաքագրելը հավանական են համարում համայնքային իշխանություններն ու այդքան են պլանավորել՝ կատարողականն ապահովելու համար։

Խոյ համայնքի ավագանին ոչ միայն տույժերի մասով է արտոնություն կիրառել, այլև այս տարվա մարտի 14-ի նիստում համայնքի 13 բնակչի ազատել է հողի հարկից՝ ընդհանուր 405 603 դրամ։ Հարկային արտոնություն տրամադրելու որոշումը պատճառաբանված չէ։

Մեկ այլ որոշումով փոխադրամիջոցների գույքահարկից ազատել է Խոյ համայնքի այն բնակիչներին (կամ նրանց ընտանիքի անդամներին), որոնք զոհվել են Հայրենիքի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհետ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած են ճանաչվել։ Սա հարկային արտոնություն տրամադրելու վերաբերյալ ավագանու միակ պատճառաբանված որոշումն է։

Առհասարակ, բոլոր համայնքներում միայն այս դեպքով տրամադրված արտոնություններն են հիմնավորված, մնացյալ դեպքերում հարկ չեն համարել պատճառաբանել իրենց որոշումները։ 2020թ սեպտեմբերի 27-ին Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետ կապված փոխադրամիջոցների գույքահարկից ազատելու արտոնություն կիրառելու որոշումներ է կայացրել մի քանի համայնք։

ՏԿԵ նախարարությունը, որ մեթոդական ուղեցույց ուներ գրեթե բոլոր հարցերի վերաբերյալ, միատեսակ մոտեցում չի ցուցաբերել 2020թ պատերազմական գործողությունների արդյունքում ոչնչացված կամ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տրանսպորտային միջոցների սեփականատերերին գույքահարկից ազատելու հարցի վերաբերյալ։ Սյունիքում անգամ ակնկալել են նման միջամտություն՝ նախարարությանը տեղեկացնելով, որ 44-օրյա պատերազմից հետո քաղաքացիները 5 դեպքով դիմել են մարզի համայնքապետարաններ։ «Առաջարկվում է այդ հարցով օպերատիվ կարգով իրականացնել օրենսդրական փոփոխություններ՝ հեշտացնելով տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը գույքահարկից ազատելու գործընթացը»,- նշվել է դիմումում։

Այսպես․ Վայք համայնքի ավագանին 2022թ հոկտեմբերին ընդունած որոշումով գույքահարկից և հաշվարկված տույժի վճարումից, մինչև դրանց խոտանելը, ազատել է համայնքում գրանցված այն փոխադրամիջոցները, որոնք 2020թ սեպտեմբերի 27-ին Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողությունների արդյունքում մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։

Սիսիան համայնքի ավագանին 2022թ․ ապրիլի 12-ին որոշել է 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած պատերազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մնացած, ինչպես նաև շահագործման համար ոչ պիտանի դարձած փոխադրամիջոցներն ազատել գույքահարկի պարտավորությունից և հաշվարկված տույժի վճարումից:

Չգիտես ինչու, Սիսիանում որոշել են «մինչև նշված փոխադրամիջոցները խոտանելը, դրանց գույքահարկը վճարողի փոխարեն վճարել համայնքի բյուջեից»:

2021թ-ին Լոռու մարզի 8 համայնքի 12 քաղաքացու տրանսպորտային միջոցներ պատերազմական գործողությունների արդյունքում ոչնչացվել կամ մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում: Ստեփանավան համայնքի 2 քաղաքացի և Անտառամուտ համայնքի 1 քաղաքացի նշված տրասպորտային միջոցները հանել են հաշվառումից։ Մյուս քաղաքացիներն այդ տրանսպորտային միջոցները գույքահարկից ազատելու վերաբերյալ դիմումներ չեն ներկայացրել համայնքապետարաններ, նաև՝ դրանք հաշվառումից չեն հանվել:

Գեղարքունիքի մարզի համայնքներում պատերազմական գործողությունների հետևանքով ոչնչացված կամ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տրանսպորտային միջոցի համար հաշվարկված գույքահարկից այդ տրանսպորտային միջոցների սեփականատերերին ազատելու վերաբերյալ ստացվել է 20 դիմում: Հաշվառվել են 20 տրանսպորտային միջոց, որոնք 2020թ պատերազմական գործողությունների ընթացքում մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։ Գույքահարկը զիջվել է 4 տրանսպորտային միջոցի համար:

Հարկային արտոնություն կիրառելու մնացած դեպքերի համար համայնքապետարանները չունեն սահմանված կարգ և չափորոշիչներ, թե ովքեր և որ դեպքերում կարող են հարկային արտոնություն ստանալ։ Նախարարությունն էլ հետամուտ չի եղել, որ կարգ ընդունեն։

Ապարանի համայնքապետարանը 10 բնակչի հարկային արտոնություն է տրամադրել՝ ազատելով հողի հարկի ապառքից՝ 185.706 դրամի չափով, գույքահարկի ապառքից՝ 109.567 դրամի չափով և տույժը, հողի հարկի, շենք-շինության և փոխադրամիջոցի գույքահարկի տույժերից։

Որոշման մեջ չի նշվում, թե ովքե՞ր են համայնքի արտոնյալները և ինչպե՞ս են հարկային արտոնություն ստացել։

Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը 2017թ-ից չի հրապարակում այն բնակիչների անունները, որոնց ավագանին հողի, անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գծով արտոնություն է տրամադրում։ Թ Շահվերդյանը համայնքի ղեկավար է ընտրվել 2016թ սեպտեմբերին և նրա առաջարկությամբ ավագանին առաջին իսկ որոշումներից մեկով գույքահարկի արտոնություն տրամադրեց ավագանու անդամներից մի քանիսին։ «Հետքը» հրապարակմամբ արձանագրեց շահերի բախման փաստը, որից հետո համայնքի պաշտոնական կայքէջում ավագանու որոշումները հրապարակվում են առանց կից հավելվածների։

Որոշումները վերնագրվում են՝ «Աշտարակ համայնքի մի քանի սեփականատերերի գույքահարկի և հողի հարկի մասով հարկային արտոնություն տալու մասին»։ Բնակիչները չեն տեղեկացվում, թե ովքեր են «մի քանիսը», և ինչու են նրանք արտոնյալներ։ 2021թ դեկտեմբերի 5-ից Աշտարակ համայնքն այլևս միայն Աշտարակ քաղաքը չէ (նույնը նաև Ապարանը), այն միավորում է նախկին Աշտարակի շրջանը՝ 32 բնակավայր, 75 750 հազար բնակչով։ Ավելին, Նոր Երզնկա գյուղը, որը նախկինում Կոտայքի մարզում էր ընդգրկված, նոր վարչատարածքային բաժանումով միավորվեց Աշտարակ համայնքի հետ։

Թվում էր, թե համայնքները շրջանային տարբերակով միավորելը, նաև համամասնական ընտրակարգի ներդնումը, համայնքներում վարչարարությունը բարելավելու նոր խթան կհանդիսանան։ Ավագանու քաղաքականությունը՝ որոշումների տեսքով, հասանելի և կանխատեսելի կլինի հարյուր հազարավոր բնակիչների համար։ Տեսականորեն Աշտարակում այդպիսի խոստում տվել են։

«Աշտարակի համայնքապետարանի գործունեության մասին համայնքի բնակիչներին իրազեկելու լավագույն տարբերակը Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական www.ashtarak.am կայքն է, որտեղ առկա տեղեկատվությունը հասանելի է յուրաքանչյուրին: Կայքը գործարկվում է լիարժեքորեն, տեղադրվում են ամենավերջին համայնքային նորությունները, զետեղվում են հայտարարություններ, ընտանեկան նպաստ ստացողների ցուցակները․․․»,- ասվում է համայնքի զարգացման հնգամյա ծրագրում:

Սակայն, համայնքային բյուջեից 43 մլն դրամ բնակիչների սոցիալական աջակցությանը հատկացնող համայնքային իշխանությունը, բնակիչներից թաքցնում է և՛ դրամական օգնություն տալու մասին որոշումները, և՛ հարկային արտոնություն ստացողների անունները։ 

լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter