HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի մեգանպատակը՝ բոլորը պետք է մեղավոր լինեն

Նախորդ շաբաթ Առողջապահության նախարարությունը դեղեր ներմուծող ընկերություններին ծանուցեց Կառավարության նոր նախաձեռնության մասին՝ պարտադրել ներմուծողներին ավելացնել ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի անվանացանկը 3,4 անգամ: Ռազմավարական պաշարների պահուստը, ըստ «Նյութական պահուստի մասին» օրենքի սահմանման, ներմուծող կազմակերպությունների կողմից կուտակվող և մշտապես պահպանվող ռազմավարական նշանակություն ունեցող նյութական արժեքների հատուկ նշանակության պահուստ է: Մեր պարագայում՝ խոսքը դեղերի պահուստավորման մասին է: Գործող օրենսդրությամբ ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների պաշարները պետք է կազմեն նախորդ տարվա ներմուծման 10 %-ը: Ռազմավարական նշանակության պաշարների պահուստի դեղերի գործող ցանկում 17 խումբ է,  յուրաքանչյուրում՝ 2-12 դեղամիջոց՝ ըստ ազդող նյութի: Ընդհանուր՝ 50 անվանում, և այդ 50 անվանում ազդող նյութով դեղերը անուն առ անուն ընթացիկ տարում պետք է կազմեն նախորդ տարվա ներմուծման 10 %-ը:

Երեք շաբաթ առաջ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ Կառավարության նախաձեռնության պրեզենտացիան՝ նշված 10 %-ը 25 %-ի հասցնելու, այսինքն՝ 2,5 անգամ ավելացնելու վարչապետի հանձնարարականի մասին: Ի՞նչ չափորոշիչների հիման վրա և ի՞նչ հիմնավորումներով է այդ շեմը 2,5 անգամ ավելացվում, չի ասվում: Թե՛ Էկոնոմիկայի նախարարությունում, թե՛ հաջորդ օրը՝ Առողջապահության նախարարությունում որերորդ անգամ ներկայացրել ենք անհրաժեշտ դեղերի հասանելիության հետ կապված խնդիրները՝ պայմանավորված, մասնավորապես, Կառավարության կողմից ներմուծման արգելքների կիրառմամբ. եթե մինչև 2021 թ.-ի վերջ թույլատրվում էր ներկրել Հայաստանում չգրանցված, սակայն ԵԱՏՄ-ում կամ Եվրամիությունում գրանցված դեղերը, ապա անցյալ տարվա սկզբից գործում է այդ դեղերի ներմուծման արգելք: Կառավարությունը մի ձեռքով արգելում է ներկրել եւ ապահովել գործող 10 %  մնացորդի շեմը՝ պատճառաբանելով, որ ներկրված դեղերը պետք է գրանցամատյանում գրանցված լինեն՝ անտեսելով, որ այդ դեղերի գրանցումը վաղուց լրացել է կամ, ընդհանրապես, դրանք Հայաստանում գրանցում չեն էլ ունեցել, մյուս ձեռքով՝ պարտադրում է ապահովել համապատասխան պահուստ՝ ավելացնելով այդ շեմը 2,5 անգամ:

Մյուս կարևոր խնդիրը. այդ անվանացանկի դեղերի մի մասը, որոնք գրանցված են, ժամանակին ներկրվել են ուղիղ արտադրողներից, սակայն այս պահին կա՛մ արտադրողը չի արտադրում, կա՛մ նա շուկայից հեռացել է, եւ ներմուծողը տարբերակ չունի ներմուծելու անհրաժեշտ դեղը: Նախարարն ինքն էլ, շաբաթվա մեջ մի քանի անգամ կրկնում է, որ աշխարհում դեղերի ճգնաժամ կա, հետևաբար՝ դեղերի դեֆիցիտ կա նաև Հայաստանում:

Լսելով, թե ինչ անհաղթահարելի խնդիրների առջև ենք կանգնած և ինչ անիրատեսական պահանջներ են դրված, Առողջապահության նախարարությունում խոստացան Կառավարության որոշման նախագիծ պատրաստել և ներկայացնել քննարկման:  

Եղած խնդիրները լուծելու փոխարեն նոր, առավել անհեթեթ խնդիրներ ստեղծելու՝ Կառավարության աշխատաոճը թերագնահատել էինք․ խնդիրն ըմբռնելու և լուծելու փոխարեն՝ նախորդ շաբաթ ներկայացրին այդ «նախագիծը», որով ռազմավարական նշանակության պաշարների պահուստի դեղերի գործող ցանկը 50 անվանումից առաջարկում են դարձնել արդեն… 171 անվանում: Համարյա հիմնական դեղերի գործող ցանկի չափ: Թվում էր՝ հասկացել էին, որ գործող կարգավորումներով՝ անիրատեսական է անգամ նույնիսկ այդ 50 անվանումը ապահովելը, սակայն միանում է սադիզմի մեխանիզմը՝ եթե 50 անվանում ապահովելը անիրատեական է, ուրեմն պետք է ապահովեք 171 անվանում՝ 3,4 անգամ ավելի: Ընդ որում՝ այդ դեղերը պետք է պահվեն և հաշվառվեն պահեստում իրացման ենթակա մյուս դեղերից առանձին, այսինքն պետք է կազմակերպենք գրեթե մեր պահեստներում առկա դեղերի չափով անձեռնմխելի պահուստ:

Հարցնում ես՝ մեջներդ էդ սադիզմը որտեղի՞ց: Ձայն չկա: Փոխարենը ինչ-որ ֆանտասմագորիկ, դաժան սցերաներն են ներկայացնում. սա այն իրավիճակների համար է, երբ բոլոր դեղատները ի վիճակի չեն լինի աշխատելու, փակ կլինեն, մարդիկ իրենց տներից չեն կարողանա դուրս գալ, գնալ դեղատուն:

Արդեն դու էլ ես մտնում այդ անհեթեթ իրականություն ու հարցնում ես՝ եթե մարդիկ իրենց տնից չեն կարող դուրս գալ, իսկ մե՞նք ոնց ենք դուրս գալու և գնալու իրացնելու ռազմավարական պաշարները: Լռում են:

Ի տարբերություն լայն սպառման այլ ապրանքների՝ եթե մարդուն նշանակել են հիմնական դեղերի ցանկից որևէ դեղ, ապա նրա համար արդեն այդ պահին արտակարգ իրավիճակ է, և եթե այդ ռազմավարական պահուստից անհետաձգելի դեղի պահանջարկ կա, իսկ դեղը ընկերության պահեստում սպառվել է, իսկ նոր խմբաքանակ անհնար է եղել ներմուծել, ապա իրավունք չունես դիպչել այդ անձեռնմխելի պահուստին՝ մարդուն զրկելով անհրաժեշտ դեղից: Օրինակ, պացիենտը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և համապատասխան անհրաժեշտ դեղը ճիշտ պահին չստանալու դեպքում կարող է տեղափոխվել այլ աշխարհ, կամ քրոնիկ դեղեր օգտագործողներն իրենց անհրաժեշտ դեղերը, եթե չկարողանան ժամանակին ստանալ, ապա մեծ ռիսկ կա, որ չձգեն մինչև վերահաս արտակարգ իրավիճակ հայտարարելը և Կառավարության կողմից դրանց իրացման թույլտվությունը: Սրան էլ չկա պատասխան:

Կառավարության սադիստական հակումները՝ տուգանելու հնարավոր բոլոր մեթոդներով, առանձին ուսումնասիրության նյութ են:
Այնտեղ չեն բավարարվել անիրատեսական 50 անվանումը եռակի անիրատեսական 171 անվանում դարձնելով: Մտածել են նաև պատժող մեքենայի մասին:

Ապրիլի 21-ին Կառավարությունը հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Ըստ գործող կարգավորման՝ ռազմավարական պաշարը չապահովելու համար բավական բարձր տուգանքներ են գործում. նախազգուշացումից հետո 30 օրվա ընթացքում առաջանում է տուգանք չկուտակված ապրանքների 10 %-ի չափով, իսկ 60 օրվա ընթացքում չապահովելը արդեն առաջացնում է տուգանք 100 %-ի չափով։

Ըստ՝ արդեն հավանության արժանացած նոր նախագծի՝ այլևս ոչ մի նախազգուշացում չկա. ընկերության կողմից չկուտակված յուրաքանչյուր անվանում դեղի համար անմիջապես սահմանվում է տուգանք 2 միլիոն դրամի չափով, իսկ 30 օրվա ընթացքում առաջադրանքը չկատարելու դեպքում՝ չկուտակված յուրաքանչյուր անվանում դեղի համար՝ արդեն 5 միլիոն դրամ: Նույնաբնույթ տուգանք է սահմանված նաև ռազմավարական պաշարների պահուստի պակասորդ կամ ինքնակամ օգտագործված յուրաքանչյուր դեղը պահուստում չվերականգնելու համար: Մեկ տարվա ընթացքում կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ չկուտակված կամ պակասորդը պահուստում չվերականգնելու համար տուգանքը ամեն անվանում դեղի համար արդեն սահմանվում է նշված դեղի արժեքի 300 %-ի չափով: Օրինակ, որևէ դեղի 1 հատ պակաս պահուստավորելը առաջացնում է տուգանք. սկզբից՝ 2 միլիոն դրամ, իսկ 30 օրվա ընթացքում կուտակելու առաջադրանքը չկատարելու դեպքում՝ արդեն 5 միլիոն դրամ:

Եթե ընդունենք, որ նախորդ տարի այդ 171 անվանում դեղերը ընկերությունը ներկրել էր, և այս տարի վերը նշված պատճառներով չի կարողացել սահմանված շեմի ներկրում անել, ապա այդ տուգանքների կիրառման արդյունքում ընկերությունը կարապի իր երգը կերգի և տեղում կփակվի: Այսինքն, եթե այդ 171 անվանումից ամեն մեկի դեպքում, անգամ, եթե պակաս է 300 դրամի դեղ, ապա առաջին անգամ կտուգանեն 342 միլիոն դրամի չափով, իսկ 30 օրվա ընթացքում կուտակելու առաջադրանքի կատարելը չհաջողելու դեպքում արդեն՝ 855 միլիոն դրամ: Նույն տարվա ընթացքում հաջորդ անգամ տուգանքը եռապատկվում է, բայց դրա մասին արդեն կարելի է չանհանգստանալ՝ հիմնարկն արդեն սնանկացած՝ փակված կլինի: Մեր դեպքում՝ դեղերի ոլորտում 22 տարվա առաջնային դերակատարում ունեցող ընկերությունը կքազմաքանդվի, հարյուր հազարավոր մեր և ոչ միայն մեր հաճախորդները կզրկվեն մատչելի դեղերի հասանելիությունից:

450-հոգանոց մասնագիտացված անձնակազմն էլ կգնա երևակայական ակադեմիական քաղաքի տրամվայի գծերը գցելու:
Պետության առաջ կանգնած լինել-չլինելու վտանգը շահարկելով՝ իբրև թե պահուստային ռազմավարական պաշարներ են կուտակում:

Իրականում՝ չմտածված. չհաշվարկած, կամ էլ մտածված ու հաշվարկած՝ գնում են կոնկրետ ընկերությունների սնանկացմանը, փակմանը: Այդ անպատկերացնելի ռեպրեսիվ տուգանքների հիմնավորման մեջ մի հատ էլ գրել են, որ «միջոցառումը բխում է նաև Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 «Պաշտպանված Հայաստան» մեգանպատակից: Որպես թիրախային արդյունք ունենալու ենք «2.4 Բնածին, տեխնածին և մարդածին աղետներին դիմակայելու պատրաստվածության բարձրագույն մակարդակ»:

Եթե Կառավարությունն իրոք ցանկանար լուծել ռազմավարական պաշարների խնդիրը, կգնար ռացիոնալ ճանապարհով:

  1. Կառավարությունը պետք է ստանձնի անմիջական պատասխանատվությունը: Քանի որ սա պետության առաջնահերթ պարտականությունն է, խնդիրը պետք է դրվի՝ ապահովել ռազմավարական պաշարները պետական պահուստի կազմակերպման միջոցով: Հարկերը մենք ենք վճարում, մենք ենք պատվիրակում Կառավարությանն անել ծախսեր: Ընդամենը պետք է կազմակերպել մրցույթ, որի արդյունքում ստանալ օպտիմալ գնով ձեռքբերում։ Իսկ պահուստը թարմացնելու ժամանակ գնումից հետո չօգտագործված մնացորդը կարող է նորից մրցույթով վաճառվել՝ ապահովելով գրեթե զրոյական ծանրաբեռնվածություն բյուջեի համար։
    Ի դեպ, այս առաջարկին՝ Առողջապահության նախարարությունում վերջին քննարկմանը, փոխնախարարը «երկաթյա» հակափաստարկ բերեց՝ պետական պահուստում դեղերի պիտանելիության ժամկետներն անցնում են, քանի որ պետությունը չի կարողանում ժամանակին և արդյունավետ բաշխել դեղերը:
  2. Այն դեղերը, որոնք Կառավարությունը նպատակահարմար չի համարում ապահովել պետական պահուստի միջոցով, բայց անհրաժեշտ է համարում դրանց ռազմավարական պաշարի ապահովումը, բոլոր դեղ ներկրողներին պետք է թույլ տա ներկրել: Այդ դեպքում Հայաստան այնքան դեղ կմտնի, որ ինքնաբերաբար կապահովվի ռազմավարական պահուստը, քանի որ ներմուծման հնարավորության դեպքում ներմուծողներն ապահովում են 4-6 ամսվա իրացման պաշար: Եվ ներմուծողներից ամենամսյա տեղեկատվություն ստանալով՝ լիազոր մարմինը կարող է անհրաժեշտ մոնիտորինգ իրականացնել՝ հետևելու այդ դեղերի շարժին և պահեստներում դրանց մնացորդներին:

Բայց Կառավարության իրական նպատակը, ինչպես վերևում նշեցի, բոլորովին ռազմավարական պաշարների ապահովումը չէ:

Իշխանությունն անում է ամեն բան, որ դրվեն անիրատեսական պահանջներ եւ քեզ կախվածության մեջ պահեն: Որ ամեն պահի զգաս՝ մշտապես տուգանվելու նշանառության տակ ես, որ քեզ մշտապես մեղավոր վիճակում զգաս: Ինչպես Կաֆկայի «Դատավարության» հերոսը, մեղադրվում ես, բայց չգիտես՝ ինչի համար:

Բոլորին մեղադրանք է առաջադրված՝ քաղաքացիներին, որ հայրենասեր չեն, Ցեղասպանության զոհերին, որ զոհ գնացին, զինվորներին, որ դասալիք են, մեկ ուրիշին, որ հինգերորդ շարասյուն է…

Վարչապետը, որը ոչինչ չի ստեղծել ու չգիտի ստեղծածի գինը, առանց աչքը ճպելու՝ պատրաստ է քանդել պետության համար կարևոր սոցիալական պատասխանատվություն ստանձնած կառույցներ, մարդկանց երկար տարիների աշխատանքը:

Բոլորը մեղավոր են, հետևաբար բոլորը պետք է պատժվեն կամ ապրեն պատժվելու վախով:

Վահե Վարսանյան
«Վագա ֆարմ» ընկերության հիմնադիր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter