HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Հայաստանի ինքնաթիռների համար Թուրքիայի օդային սահմանի փակման պատճառը «Նեմեսիս» արձանի տեղադրումն է». Չավուշօղլու

Թուրքիան իր օդային սահմանը փակել է հայկական ավիաընկերությունների այն ինքնաթիռների համար, որոնք թռիչքներ են իրականացնում երրորդ երկրներ։ Այդ մասին չորեքշաբթի օրը՝ մայիսի 3-ին, NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

«Մենք փակել ենք Հայաստանի այն ինքնաթիռների համար օդային սահմանը, որոնք թռիչքներ են իրականացնում երրորդ երկրներ։ Մենք անհրաժեշտության դեպքում թույլ կտանք ինքնաթիռներին մուտք գործել մեր օդային տարածք։ Եթե նրանք չդադարեցնեն սադրանքները, ապա մենք այլ միջոցների կդիմենք»,- հայտարարել է թուրք նախարարը։

Սադրանքներ ասելով՝ Չավուշօղլուն նկատի ունի Երևանում «Նեմեսիս» գործողությանը նվիրված արձանի բացումը։ Արձանն, ըստ այդ նախաձեռնության հեղինակների, պետք է հավերժացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918 թվականի Բաքվում հայերի ջարդերը կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը:

«Մենք Ադրբեջանի հետ միասին Ղարաբաղյան պատերազմից հետո անկեղծ ուզում էինք կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները։ Ադրբեջանը հանդես էր եկել խաղաղության պայմանագրի առաջարկով։ Դա կոնկրետ քայլ է։ Բայց Հայաստանը չի դադարում լարել իրավիճակը»,- ասել է Չավուշօղլուն։ Նրա խոսքով՝ հարաբարերությունների կարգավորման մեկնարկին Անկարան ու Երևանը նախապայմաններ առաջ չեն քաշել Հայոց ցեղասպանության ճանաչման կամ ժխտման մասով։

«Բայց մենք չենք ընդունի այդ հուշարձանի տեղադրումը, որը խորհրդանշում է ահաբեկիչների, որոնց ձեռքով զոհվել են մեր դիվանագետները, քաղաքացիներ, ինչպես նաև ադրբեջանցիներ։ Եվ այստեղ ես չեմ ընդունում հաջորդող բացատրությունները, որ այդ հուշարձանը, իբր, ինքնակամ տեղադրել են համայնքային իշխանություններն ու այլն։ Դա ցույց է տալիս նրանց կողմից բարի մտադրությունների բացակայությունը»,- հավելել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Վերջինս նաև նշել է, որ Անկարան անհատական կարգով թույլ կտա ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին մայիսի 4-5-ը ժամանել Անկարա՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական ասամբլեայի նիստին։ Նա դա անվանել է «միջոցառման միջազգային բնույթով պայմանավորված որոշում»։

Հիշեցնենք՝ շաբաթ օրը երեկոյան Flyone Armenia ավիաընկերությունը հայտնել էր, որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները, առանց նախնական զգուշացման, չեղարկել են թուրքական օդային տարածքով դեպի Եվրոպա ավիաընկերության թռիչքների իրականացումը։ Դրանով պայմանավորված՝ ավիաընկերության ինքնաթիռը, որը կատարում էր Փարիզ-Երևան թռիչքը, ստիպված վայրէջք էր կատարել Քիշնևի օդանավակայանում։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter