
Նիկոլ Փաշինյան. «Մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության համակարգերը դեֆորմացվել են»
Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին հետաքրքրում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականը՝ տարածաշրջանում և Հայաստանի շուրջ իրադրության ռազմավարության վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ միջազգային ռազմավարական իրադրությունն ուղիղ ազդեցություն ունի մեր տարածաշրջանում ռազմավարական իրադրության վրա: Ինչպես նաև տեղի է ունեցել հակառակ գործընթացը:
«Մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության համակարգերը դեֆորմացվել են, դեֆորմացված են կամ դեֆորմացվում են, ինչը նշանակում է, որ մենք առերեսվում ենք լրացուցիչ անվտանգային մարտահրավերների հետ»,-ասաց Ն. Փաշինյանը:
Վարչապետն ասաց, որ ռազմավարական խնդիր է դեֆորմացիայի հետևանքով առաջացած մարտահրավերների կառավարումը, իսկ թե ինչ մեթոդներով է հնարավոր անել, հստակ չէ:
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ անվտանգությունը կարող է ապահովել համապարփակ խաղաղությունը:
«Իսկ արդյոք իրատեսակա՞ն է խաղաղությունը,- ինքն իրեն հարց տվեց Փաշինյանը և պատասխանեց,- այո՛, հնարավոր է, բայց նաև պիտի հնարավոր լինի ավելի դետալացված արձանագրել, թե ինչպես է հնարավոր խաղաղությունը»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խաղաղության հասնելու քաղաքական կամք ունեն, սակայն հարց է, թե ինչքանով կհաջողվի բանակցային գործընթացի արդյունքում ձևավորել խաղաղության այնպիսի պարամետրեր, որոնք կարող են ընդունելի լինել Հայաստանի Հանրապետության և Հայաստանի ժողովրդի համար:
Մեկնաբանել